ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» պանելային քննարկմանը

24 հոկտեմբերի, 2025

Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, որն անցկացվել է «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրի ներքո, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» պանելային քննարկմանը։

Բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսը և Զինված հակամարտությունների ընթացքում սեռական բռնության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պրամիլա Փաթենը։

Պանելային քննարկմանը մասնակցել են Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով հատուկ դեսպան Իզաբել Ռոմը, 2022թ․ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Օլեքսանդրա Մատվիյտչուկը, Միացյալ Թագավորություն, բազմակողմանի հարաբերությունների, մարդու իրավունքների, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական փոխպետքարտուղար Քրիս Էլմորը, ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի հատուկ բանագնացի ավագ խորհրդական Զահրա Լանգին, Կոլումբիայի հեղափոխական ուժերի նախկին հրամանատար, 2016թ․ խաղաղության վերջնական համաձայնագրի բանակցող, Գենդերային հանձնաժողովի համակարգող և Կոլումբիայի Հանրապետության սենատոր Վիկտորիա Սանդինոն:

Փակման խոսքով հանդես է եկել Ճապոնիայի կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի հարցերով դեսպան Տակահասի Կացուհիկոն։

Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:

«Մեծ հաճույք է այստեղ լինելը և այս իսկապես կարևոր քննարկմանը մասնակցելը։

Նախ և առաջ խնդրում եմ, սիրելի կանայք, շատ խիստ մի դատեք ինձ, բայց մեզ համար այս օրակարգը թվերի մասին չէ, սա մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին է։ Եթե կարճ ասեմ, սա հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին է։ Ես խորապես հավատացած եմ, որ աշխարհում ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջխաղացում չունենա ղեկավար պաշտոնի միայն նրա համար, որ նա կին է։ Եվ գիտե՞ք ինչ, «տղաների ակումբը» պետք է ընդունի, որ կանայք իրենց հավասար գործընկերներն են և կարող են հավասար դեր ունենալ հասարակությունն առաջնորդելու գործում:

Մյուս կողմից, ես նաև հավատում եմ, որ ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջ մղվի ղեկավար պաշտոնի միայն կամ հիմնականում այն պատճառով, որ նա կին է։ Սա մեդալի մյուս կողմն է, և կարծում եմ՝ բոլորս պետք է լրացուցիչ ջանք գործադրենք՝ խուսափելու այս ծայրահեղությունից ևս։

Երկրորդը, ես հենց նոր ասացի, որ սա թվերի մասին չէ։ Դե, դա ամբողջ ճշմարտությունը չէր, որովհետև սա նաև թվերի մասին է, քանի որ թվերն են ցույց տալիս իրական իրավիճակը հասարակության մեջ՝ միտումները, բացերը, այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր։ Եվ այստեղ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ, օրինակ, երբ խոսքը գնում է գիտության, կրթության, տեխնոլոգիաների, տեղեկատվական ոլորտի մասին, իմ երկիրը՝ Հայաստանը, զգալիորեն առաջ է գլոբալ միջին ցուցանիշից։ Իսկ եթե խոսենք դիվանագիտական ծառայության մասին, ապա մեր նախարարությունում դիվանագետների 44,4 տոկոսը կանայք են։ Սա գրեթե իդեալական հավասարություն է։ Թեև պետք է խոստովանեմ՝ սա չի վերաբերում ամբողջ համակարգին. երբ խոսքը գնում է դեսպանների մասին, այնտեղ դեռ հավասարություն չունենք, ուստի պետք է լրացնենք այդ բացը։

Այժմ մենք ունենք այնպիսի նախարարությունների ղեկավարներ, որոնք ավանդաբար ղեկավարվել են տղամարդկանց կողմից, ինչպիսիք են, օրինակ, Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և նորաստեղծ Հետախուզական ծառայությունը: Այսինքն՝ այս կառույցները երկար ժամանակ եղել են, այսպես կոչված, «տղամարդկանց ակումբի» մաս: Ձեր նշած գործողությունների ծրագիրը հստակ նպատակ ունի՝ խթանել կանանց մասնակցությունը այնպիսի կառույցներում, ինչպիսիք են բանակը և ոստիկանությունը, որոնք ավանդաբար ունեցել են ընդգծված «տղամարդկային» կերպար:

Կցանկանայի ուշադրություն հրավիրել մի ցուցանիշի՝ Գենդերային անհավասարության գլոբալ ցուցանիշը։ Ըստ այս տարվա տվյալների՝ Հայաստանը փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը, Թեև սա դեռևս գերազանց արդյունք չէ, այնուամենայնիվ, վկայում է դրական առաջընթացի մասին: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ մենք իսկապես ունենք այդ տարբերությունը լրացնելու կամք։ Հետաքրքիրն այն է, որ հասարակական հարցումները նույնպես արտացոլում են այս միտումը. Հայաստանի բնակչությունը ոչ միայն ավելի պատրաստ է, այլև ողջունում է ղեկավար պաշտոններում կանանց մասնակցության աճը: Ինչպես արդեն նշեցի, որոշ նախարարություններ ավելանում են այն ավանդական ոլորտներին, ինչպիսիք են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը և այլն:

Երբ ես խոսում եմ դստերս հետ, և սա, թերևս, մի փոքր անձնական դիտարկում է, քննարկելով այս թեմաները՝ նկատում եմ, որ երիտասարդ սերունդը գնալով ավելի պահանջկոտ է դառնում: Նրանք նույնիսկ չեն ընկալում, թե ինչու պետք է մարդու նկատմամբ տարբեր վերաբերմունք ցուցաբերվի՝ ելնելով նրա սեռից: Եվ սա իսկապես դրական միտում է:

Ներեցեք, որ մի փոքր ավելի շատ ժամանակ եմ խլում, սակայն այստեղ առկա է նաև երրորդ չափումը, երրորդ շերտը։ Այս թեման իմ երկրի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մենք հետկոնֆլիկտային հասարակություն ենք: Գուցե արդեն լավ հայտնի է, որ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ։ Այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։

Այսպիսով, կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն: Նախորդ բանախոսն արդեն անդրադարձել է այս թեմային, և մենք արդեն երկու օր է քննարկում ենք այն: Մենք հասկանում և ընդունում ենք կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքներնը, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատվել: Այդ փաստն ակնհայտ է և առանցքային նշանակություն ունի: Հենց այս պատճառով է, որ այս թեման մեր երկրի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ՝ հաղթահարելու հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմանները և, ավելին, կստանձնեն ապագա տառապանքները կանխելու և հաշտեցման գործընթացն առաջ մղելու կարևոր պատասխանատվությունը:

Այսքանը, շնորհակալ եմ»։

 

Տպել էջը