ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանի` Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցությանը նվիրված միջոցառմանը
18 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 18-ին Հաագայում՝ «Խաղաղության պալատում» տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում։
Միջոցառանը ներկա են գտնվել ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների արքունական, ԱԳՆ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նախարար Միրզոյանը, Դատարանի գլխավոր քարտուղարը, Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար, Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանը։
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակն իր խոսքում նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը։
Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։
Միջոցառմանը տեղի ունեցել է Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։
Գոյություն ունի ազգային աթոռների գեղեցիկ ավանդույթ. այդպիսի ազգային աթոռի իրավունքն ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Այս աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է: Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը:
Նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է ստորև։
Վարչական խորհրդի հարգարժա՛ն նախագահ,
Մշտական արբիտրաժային դատարանի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Հաճելի է և միաժամանակ պատիվ այսօր գտնվել այստեղ՝ Մշտական արբիտրաժային դատարանում։ Կցանկանայի խոսքս սկսել՝ անկեղծ երախտագիտություն հայտնելով մեր պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և Հայաստանի՝ Մշտական արբիտրաժային դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու գործընթացում բաց ու կառուցողական երկխոսության համար: Նաև ցանկանում եմ մեր երախտագիտությունն արտահայտել Նիդերլանդների Թագավորությանը՝ թե՛ որպես Դատարանի հյուրընկալ երկիր, թե՛ որպես երկու կոնվենցիաների ավանդապահ՝ միջազգային իրավական ինստիտուտներին և ընդհանուր առմամբ իրավունքի գերակայությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։
Միանալով 1899 թ. և 1907 թ. Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին՝ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը: Փոքր-ինչ խորհրդանշական է, որ Հայաստանը դարձավ 125-րդ անդամը այն փուլում, երբ Դատարանը անցյալ տարի նշեց արդարադատությանը և իրավունքի գերակայությանն իր ծառայության 125-ամյակը:
Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում։
Այսօր, երբ միջազգային համակարգը բախվում է աճող ճնշումների, մենք համոզված ենք, որ այնպիսի կառույցները, ինչպիսին է Մշտական արբիտրաժային դատարանն՝ իրենց չեզոքության, իրավական գերազանցության և կառուցողական երկխոսության երկարամյա ավանդույթներով, առավել կարևոր նշանակություն ունեն, քան երբևէ:
Պետությունների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հաստատությունների միջև վեճերի լուծման համար արբիտրաժի և այլ միջոցների խթանման գործում Դատարանի դերը և՛ պատմական է, և՛ ապագային ուղղված: Այն ծառայում է որպես առանցքային հարթակ՝ միջազգային իրավական նորմերի պահպանման և համագործակցության խթանման համար, որը հիմնված է իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա։
Հայաստանը Մշտական արբիտրաժային դատարանի կոնվենցիաներին միանալը դիտարկում է իր ավելի լայն տեսլականի շրջանակներում՝ ուղղված միջազգային իրավունքի հիմքի վրա կառուցված համաշխարհային կարգի ամրապնդմանը և միջազգային հարաբերություններում արդարադատության պատշաճ տեղի ապահովմանը։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավական զարգացումներին մեր ներգրավվածությունը խորացնելու միջոցով մենք ամրապնդում ենք միջազգային իրավական համակարգին արդյունավետորեն նպաստելու մեր կարողությունը։ Այդ նույն ընկալմամբ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ Հռոմի կանոնադրությանը՝ դառնալով 124-րդ ստորագրող երկիրը։
Դատարանին միանալու Հայաստանի որոշումն արտացոլում է նաև մեր ազգային փորձը: Մենք թերևս շատերից ավելի լավ գիտենք վեճերի լուծման անաչառ մեխանիզմների կարևորությունը, որտեղ իրավունքը գերակայում է ուժին, իսկ երկխոսությունը՝ հարկադրանքին: Հենց այս ոգով է Հայաստանը դիտարկում Մշտական արբիտրաժային դատարանը որպես կամուրջ դեպի ավելի արդար և խաղաղ ապագա:
Այս համայնքին միանալն ամրապնդում է Հայաստանի ներդրումային միջավայրն՝ ապահովելով լրացուցիչ իրավական երաշխիքներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակցում է, որ ժամանակակից ներդրումային միջավայրը հիմնված է ոչ միայն համարձակ գաղափարների և տնտեսական հնարավորությունների վրա, այլև վստահության, և որ պետական քաղաքականությունը պետք է հետևողականորեն ուղղված լինի հուսալի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, որտեղ վեճերը չեն խոչընդոտում համագործակցությանն, այլ հասցեագրվում են փոխադարձ վստահության և պրոֆեսիոնալիզմի ոգով:
Ձերդ գերազանցություններ,
Նշելով այս կարևոր հանգրվանը՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունը Դատարանի առաքելությանը և մանդատին: Մենք, որպես հանձնառու գործընկեր, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ միջազգային իրավունքի միջոցով վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր նպատակի առաջմղման գործում:
Շնորհակալություն»: