ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին
18 հունիսի, 2025Հունիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին: Ստորև ներկայացված են պատգամավորի հարցին նախարար Միրզոյանի պատասխանները։
Հարց (Հասմիկ Հակոբյան)․ Ամբողջ գիշեր Ռուսաստանի պաշտոնական խոսափողները չքնեցին և իրար հերթ չտալով` իրենց աջակցությունը հայտնեցին իրենց քաղաքացի Սամվել Կարապետյանին։ Իհարկե, մենք սրա մեջ խնդիր չենք տեսնում մինչև այն կետը, երբ որ այդ աջակցության տեքստերում կոչ էր արվում Հայաստանում ներքին քաղաքական կյանքին խառնվելու: Ինձ հետաքրքիր է, պարոն Միրզոյան, արդյո՞ք հասցրել եք շփվել ռուսաստանյան Ձեր գործընկերների հետ և փոխանցել անհանգստությունը, եթե ոչ զայրույթը:
Արարատ Միրզոյան․ Շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես, երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում` անձնական բնույթի, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ:
Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաև ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ և՛ խորհրդարանի պատգամավորների, և՛ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին։ Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։
Արձագանք․ Պարո՛ն Միրզոյան, նաև առաջարկում եմ առիթն օգտագործել և խոսել մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության, միգուցե նաև նրանց տեղափոխման հետ կապված: Ի՞նչ գործ է անում մեր կառավարությունը։
Արարատ Միրզոյան․ Գիտեք, ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է առնվազն այս պահի դրությամբ, շարունակաբար թեժանում է: Մեր մոտեցումն այս հարցին հանրահայտ է, և ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը, բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում։ Այս պայմաններում ոչ միայն մեր հայրենակիցների՝ Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, կամ հայկական ծագում ունեցող Իրանի քաղաքացիների, այլ առհասարակ՝ տարբեր երկրների քաղաքացիների, հումանիտար հարցի մասին ենք խոսում: Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների քաղաքացիների տարհանման կամ ապաստան տալու հարցում, ընդառաջելու, օգտակար լինելու պրոցեսի մեջ ենք: Այսպես ձևակերպեմ. եթե չեմ սխալվում, երեկ թե նախորդ օրը, նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ, օրինակ, Հնդկաստանի քաղաքացիների՝ ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք: Նաև կարող եմ ասել, որ կան աֆրիկյան մի քանի պետությունների՝ օրինակ՝ Զիմբաբվեի, ինչպես նաև Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների քաղաքացիներ: Սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել՝ առաջիկա օրերին ծավալները միայն կավելանան։ Շնորհակալություն։