ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում պանելային քննարկմանը

26 մայիսի, 2025

«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Անվտանգային մարտահրավերների կառավարումը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառական համագործակցության միջոցով» խորագրով պանելային քննարկումը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին և Թուրքիայի  «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության ծրագրի ղեկավար Նիգար Գյոքսելը։

Հարց. Պարո՛ն Միրզոյան, ինչպես նշեցիք Ձեր առավոտյան ելույթում, այս տարվա «Երևանյան երկխոսության» խորագիրը՝ «Նավարկելով անհայտության միջով», չէր կարող ավելի տեղին լինել: Ինչպես քննարկվեց նախորդ պանելի ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես համաշխարհային ասպարեզի ամենակարևոր դերակատարներից մեկը, դարձել է լիովին անկանխատեսելի իր արտաքին քաղաքականության մեջ, իսկ Եվրամիությունը ջանքեր է գործադրում՝ անհապաղ արձագանքելու կարիքներին և օգտվելու հնարավորությունների պատուհանից՝ եվրոպական ինքնիշխանության տեսլականը կյանքով լցնելու համար: Ձեր տեսանկյունից, որո՞նք են այս պահին ամենամեծ մարտահրավերները Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։

Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր հարցի համար։ Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ հյուրեր, գիտեք, ընդունված է, որ երբեմն մենք՝ հանրային, քաղաքական գործիչներս, լրագրողներս, մեր հրապարակային ելույթների ժամանակ, դա մեծ գաղտնիք է, սակայն բոլորը գիտեն դրա մասին, ունենում ենք շատ լուրջ դեմքի արտահայտություն և արտահայտում ենք խելացի և բարդ գաղափարներ։ Բայց այս դեպքում՝ այս հարցին պատասխանելու համար, ես պատրաստվում եմ տալ չափազանց պարզ պատասխաններ, որովհետև գիտեք, ճշմարտությունը, որպես կանոն, շատ պարզ է։ Եվ այս պարագայում պարզ պատասխանը, ինչպես կարծում եմ, այն է, որ աշխարհում այսօր խաղաղության հսկայական պահանջարկ կա։ Բոլորը հոգնել են, բոլորը ձանձրացել են և բոլորը հոգնել են Ուկրաինայում պատերազմից, Գազայում տառապանքներից, այն պատերազմից, որ մենք ունեցել ենք, և այն հակամարտություններից, որոնք մենք տեսել ենք այստեղ՝ Հարավային Կովկասում և այլուր:

Այսպիսով, այն, ինչը մեզ որոշակիորեն առանձնահատուկ է դարձնում, ներողություն եմ խնդրում այս բառի օգտագործման համար, այն է, որ մեր դեպքում, այսինքն՝ հայ֊ադրբեջանական հակամարտության համատեքստում, մենք արդեն կատարել ենք շոշափելի քայլեր խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվ այդ քայլը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ երկկողմ համաձայնությունն է։

Անկեղծորեն հուսով եմ, որ բոլորը կընդունեն՝ սա նշանակալի ձեռքբերում է, և մենք պատրաստ ենք ստորագրել այս համաձայնագիրը, այնուհետև, իհարկե, նաև վավերացնել այն, ինչը կբացի խաղաղության և համագործակցության նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Եվ անդրադառնալով նաև այս պանելի խորագրին՝ հնարավոր է, և հուսով եմ, որ այս մոդելը նաև իրապես կիրառելի կլինի այլ տարածաշրջանների համար ևս։ Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, նրբությունները, սակայն խաղաղություն հաստատելու և համագործակցության ու խաղաղության բաց դարաշրջան ձևավորելու այս ընդհանուր մոտեցումը հնարավոր է փոխանցել Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և այլ տարածաշրջաններին, որոնք կարիք ունեն արտաքին միջամտության կամ աջակցության։ Եվ ուզում եմ հիշեցնել բոլորիս՝ այստեղ ներկա մեր գործընկերներին, քաղաքական գործիչներին, կառավարություններին, աշխարհի խորհրդարանների անդամներին՝ մեր վերջնական նպատակը և միաժամանակ պարտավորությունն այնպիսի միջավայր ստեղծելն է, որտեղ մեր քաղաքացիները կարող են կառուցել իրենց երջանկությունը, բարեկեցությունը, ստանալ որակյալ կրթություն, ունենալ արդյունավետ առողջապահական համակարգ, և իհարկե, մյուս բոլոր կարևոր բաղադրիչները ևս։

Ուստի մենք պետք է գործենք՝ ելնելով մեր պարտավորությունից, մենք պետք է ստեղծենք այդ միջավայրը։ Նախ և առաջ՝ խաղաղություն և անվտանգություն։ Իհարկե, կարող եմ մի փոքր ավելի մանրամասնել այն օգուտների մասին, որոնք կարող է բերել խաղաղությունը։

Օրինակ՝ մենք խոսել ենք «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի մասին, Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների ստեղծման, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ բոլորս, եթե անգամ մեկ անգամ նայենք աշխարհի քարտեզին, կարող ենք տեսնել, որ այս հաղորդակցությունների ապաշրջափակումն այստեղ՝ տարածաշրջանում, կարող է կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ։ Բայց, իմ ասածը հետևյալն է՝ սա այնքան ակնհայտ է, որ կարծում եմ՝ այս պանելին երկար խոսելու անհրաժեշտություն չկա։

Հարց․ Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություն է:

Արարատ Միրզոյան. Եթե կարճ ասեմ՝ այո: Բայց ես նաև ցանկանում եմ արտահայտել իմ վերաբերմունքն Անկարայի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: Մենք սկսել ենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով և հանրայնորեն հայտարարելով, թե՛ մենք, թե՛ մեր թուրք գործընկերները, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի: Այժմ ես ցանկանում եմ ասել, որ մենք ուրախ ենք տեսնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել:

Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է: Թեև իմ անձնական վերաբերմունքն ու գնահատականն այն է, որ եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա:

Հարց. Մեր պանելի վերնագիրը խոսում է ներառական համագործակցության մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում սա ձեզ համար և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:

Արարատ Միրզոյան. Ի պատասխան այս հարցի, ես, հավանաբար, պետք է շարունակեմ այնտեղից, որտեղ կանգ առավ նախարար Բարոն: Ի դեպ, մենք մեծապես կիսում ենք Ֆրանսիայի նախարարի տեսլականը Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման վերաբերյալ: Հավանաբար, միակ շոշափելի տարբերությունն այն է, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի Պետությունը, և մեզ համար մեծ պատիվ է, որ նախարարը մասնակցում է այս քննարկմանը:

Ի դեպ, ևս մեկ անգամ օգտվելով հնարավորությունից՝ ասեմ, որ ես հրավեր եմ ուղարկել նաև մեր իսրայելցի գործընկերոջը, և կարծում եմ՝ այս քննարկումը միայն կշահեր, եթե մեր հարգարժան իսրայելցի գործընկերն էլ որոշեր մասնակցել։ Այնուամենայնիվ, համատեղ ներգրավվածությունն ու փոխադարձ համաձայնությունը, թերևս, առանցքային են։

Գիտեք, կրկին, սա շատ պարզ ճշմարտություն է: Չենք կարող միայնակ հասնել ճշմարտության: Ձեզ անհրաժեշտ է առնվազն մյուս կողմը, որը նույնպես ցանկանում և շահագրգռված է այս խաղաղությամբ: Ահա թե ինչու մենք շատ ուշադիր հետևում ենք և շատ նվիրված ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ մեր երկխոսությանը: Մենք չենք կարող հաստատել խաղաղություն Հարավային Կովկասում՝ առանց սեղանի շուրջ ունենալու ադրբեջանցի գործընկերներին: Ահա թե ինչու մենք ոչ միայն շարունակում ենք մեր սահմանազատման գործընթացը:

Եվ այստեղ, պարոն նախարար, Դուք լիովին ճիշտ եք, hամագործակցությունն ու խաղաղությունը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության փոխադարձ և հստակ ճանաչման վրա։ Եթե խախտվում են սահմաններն, ապա ամբողջ հայեցակարգը փլուզվում է։ Ահա թե ինչու մենք կարող ենք քննարկել ոչ միայն Խաղաղության պայմանագիրը, որը, կրկին, բավականին պարզ փաստաթուղթ է, ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները երկու երկրների միջև, այդ պատճառով մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը և տարանցիկ ճանապարհները, որոնք անցնում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Հետևաբար, համագործակցությունն ու ներգրավվածությունն իսկապես առանցքային նշանակություն ունեն։

Արարատ Միրզոյան. Ներեցեք, որ միջամտում եմ, հիմա խոսելու իմ հերթը չէ, բայց ուզում եմ մի միտք արտահայտել։ Ընդհանրապես, իհարկե, համաձայն եմ տիկին Մոլչանի հետ, սակայն, եթե չեմ սխալվում, և խնդրում եմ ուղղել ինձ եթե սխալվում եմ, բայց եթե չեմ սխալվում, լսեցի, որ տիկին Մոլչանն ասաց, թե միշտ առկա է հնարավորության պատուհան։ Ցավոք, դա այդպես չէ։ Դա այդ դեպքը չէ:

Մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ խոսելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին։ Ես հիմա բերում եմ մեր սեփական օրինակը, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուրն այստեղ կարող է իր օրինակը բերել այս համատեքստում։ Եվ եթե մենք հիմա չապահովենք իրական, շոշափելի արդյունքներ, ապա այս պահը, այս դրական դինամիկան կանհետանա։ Եվ կարծում եմ՝ ոչ միայն մեկ, ոչ միայն երկու կամ հինգ տարի կպահանջվի, այլ, գուցե, մի ամբողջ սերնդի փոփոխություն՝ առնվազն մեր դեպքում, մեր տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այս երկխոսությունը, այս համագործակցությունը, որի ներուժն իսկապես գոյություն ունի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Եվ մենք այսօր իսկապես շատ, շատ մոտ ենք այդ հնարավորությանը։ Ուստի, կարծում եմ՝ սա թերևս միակ միտքն է, միակ շեշտադրումը, որտեղ հարկ եմ համարում անհամաձայնություն հայտնել։

Հարց․ Այս պահին մենք ականատես ենք տարածաշրջանում տեղի ունեցող պայքարի՝ եվրոպամետ ուժերի և եվրոսկեպտիկ կամ Եվրոպային թշնամաբար տրամադրված ուժերի միջև։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ տարածաշրջանին՝ Եվրոպայի հետ կապերն ամրապնդելու և եվրոպական ուղղությամբ իր հեռանկարը ձևավորելու համար։

Արարատ Միրզոյան. Դուք ինձ բավականին բարդ իրավիճակի մեջ եք դնում, քանի որ հիմա ես պետք է խոսեմ նաև Ադրբեջանի, Վրաստանի ընկալումների մասին։ Իհարկե, ես վստահորեն կարող եմ խոսել Հայաստանի անունից։ Եվ պետք է նշեմ, որ մենք վերջերս ընդունեցինք մի օրենք, որի համաձայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է իրականացնել եվրոպական ինտեգրման քաղաքականություն, որը միտված է Եվրոպական միության անդամ պետություն դառնալուն։

Ուստի այժմ մենք գտնվում ենք գործընթացի մի փուլում, որտեղ էականորեն խորացնում ենք մեր կապերն ու ինտեգրումը Եվրոպական միության հետ։ Սակայն, ինչպես Դուք ճիշտ նշեցիք, այստեղ նույնպես կան եվրոսկեպտիկներ։ Եվ ես հենց այս իրավիճակին էի անդրադառնում իմ նախորդ խոսքում՝ նշելով, որ Հայաստանում, հայ հասարակության ներսում, գոյություն ունի հսկայական սպասում։

Այսպիսով, մենք այստեղ ունենք ժողովրդավարություն: Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր կապերը մեր միջազգային գործընկերների հետ։ Մենք գործարկում ենք մի քանի ծրագրեր և մեխանիզմներ։ Մենք ունենք ՀԸԳՀ համաձայնագիր: Մենք ունենք Գործընկերության նոր օրակարգ Եվրոպական միության հետ։ Բայց կա նաև մեծ ակնկալիք։ Եվ կրկին, սա երկկողմանի գործընթաց է։ Մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ, բայց միգուցե դա այդպես չէ և դա չէ եվրոպական կողմից պատրաստվածությունը։ Այսպիսով, մենք պետք է հասկանանք, թե որտեղ են մեր տեսլականները համընկնում։ Եվ եթե այդ տեսլականներն իսկապես համընկնում են, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես պետք է գործել, ինչպես պետք է միասին պլանավորել մեր ընդհանուր ապագան։

Ներկա պահին, կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ հասարակության ներսում գոյություն ունեն հսկայական սպասումներ։ Եվ եթե այդ սպասումները չարդարանան՝ լինի դա մեր կառավարության կողմից, թե մեր ԵՄ գործընկերների, ապա մենք կունենանք խորը հիասթափություն։

Ի վերջո, սա մի տարածաշրջան է, որտեղ զգացմունքները՝ պատմականորեն և ավանդաբար, մեծ դեր ունեն։ Եվ եթե այս սպասումները հանգեցնեն ոչ թե դրական արդյունքների, այլ հիասթափության, ապա այդ դեպքում նույնպես կկորցնենք ստեղծված պահը։ Եվ ես դժվարությամբ եմ պատկերացնում՝ երբ կկարողանանք վերսկսել այս գործընթացը։

Տպել էջը