ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին
07 մայիսի, 2025Մայիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին: Ստորև ներկայացված են պատգամավորի հարցին նախարար Միրզոյանի պատասխանները։
Հարց (Հասմիկ Հակոբյան)․ Պարո՛ն Միրզոյան, քանի որ հարցս հնչել է, ուզում եմ այս առիթն օգտագործել ու Ձեր կարծիքն իմանալ, լսել ընդդիմության կողմից մեզ հասցեագրված մի մեղադրանքի մասին. այն է, որ իշխանություններն օգտագործում են Լեռնային Ղարաբաղի լուծարման հայտնի փաստաթուղթը՝ քողարկելու համար Պրահայում 2022 թ.-ին Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը, կխնդրեմ, սրա մասին Ձեր կարծիքը:
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ տիկի՛ն Հակոբյան հարցի համար։ Ի պատասխան՝ ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել, երևի, որ տրամադրություններս չընկնի, և այդ փաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ուզում եմ նորից կրկնել այս պարզ, բայց շատ կարևոր միտքը. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այն պահին, գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը, այդ գործընթացին գրեթե միաժամանակ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով։ Ավելին, փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և՝ այսօր քննարկված Մադրիդյան սկզբունքներում։ Ուզում եմ հիշեցնել՝ այդ Մադրիդյան սկզբունքներից առաջինը հենց տարածքային ամբողջականությունն է, մյուսն` ինքնորոշման իրավունքը, ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ես կարող եմ նրանց համար, ովքեր դեռ կասկածում են այս երկու երևույթի կապակցվածության կամ ընկալման համատեքստի մեջ, խորհուրդ տալ կարդալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի ութերորդ գլուխը, որը վերնագրված է «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքներ», և ահա այս գլխի ներքո հստակորեն ասվում է, ես կաշխատեմ նույնիսկ ոչ թե բառացի, այլ տառացի մեջբերել որ մասնակից կողմերը պարտավորվում են ճանաչել միմյանց, պարտավորվում են հարգել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և՝ տարածքային ամբողջականությանը վերաբերող նորմերի։ Շատ ակնհայտ, հստակ, ուղիղ, սևով սպիտակի վրա: Այս նույն՝ տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքը, Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ, արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններով, այդ թվում և՝ Ձեր կողմից վկայակոչված 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույն սկզբունքն արտահայտված է նաև 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված և համապատասխան ներկա ներպետական գործընթացներից հետո ուժի մեջ մտած Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ: Ուզում եմ առաջ անցնելով նշել նաև, որ այս նույն սկզբունքը` այո, արտահայտված է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստում:
Արձագանք. Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան: Ես արձագանքի իրավունքով ուզում եմ մի կարճ հարց էլ տալ. գիշերվանից ակտիվ ռազմական գործողություններ են Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Մեր կողմից անդրադարձ ունե՞նք սրան։
Արարատ Միրզոյան. Տիկի՛ն Հակոբյան, ես ուզում եմ այս հարցի կապակցությամբ նախ հիշեցնել, թե ինչից այս էսկալացիան սկսվեց: Տեղի է ունեցել ահաբեկչություն, Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին, ընտանիքներին զորակցություն է հայտնել: Մենք, ես կարծում եմ, որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը, և մենք, կարծում եմ, պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը` պաշտպանվելու ահաբեկչությունից։ Ճիշտն ասած, մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում, այսպես ենք ընկալում և այդպիսին է մեր դիրքորոշումը: Շնորհակալ եմ։