ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

05 հունիսի, 2023

Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ելույթը և պատգամավորների հարցերին պատասխանների հիմնական մասը: 

«Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ,

Ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի մեծ և բուռն հետաքրքրություն է առաջացնում ԱԳՆ զեկույցը խորհրդարանականների շրջանում: 

Ինչպես կարող եք հիշել, մարտի 24-ին արդեն առիթ ունեցել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնել Կառավարության ծրագրի 2022թ. կատարման ընթացքը, և բավականին մանրամասն քննարկում ենք ունեցել, եթե կհիշեք: Այդ պատճառով այժմ միայն ընդհանուր գծերով կնշեմ 2022թ. արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց շուրջ կատարված աշխատանքը և կներկայացնեմ հաշվետվությունը հիմնականում բյուջեի մասով, բյուջետային կոնտեքստում: Սա չի նշանակում, իհարկե, որ չենք կարող խոսել մյուս թեմաներից, հարցուպատասխանի ընթացքում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում՝ ոչ միայն 2022թ., այլև արդեն 2023թ. տեղի ունեցած քաղաքական զարգացումների շուրջ և իհարկե, ենթադրաբար,   կհետաքրքրի, հատկապես, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, նաև այլ հարցերի շուրջ: 

Այսպիսով, 2022 թվականին արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները։

Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությունը, գործընթացը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը:

Առկա մարտահրավերների շուրջ ակտիվ աշխատանքներ են տարվել բոլոր գործընկերների հետ: 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման կապակցությամբ, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԳՆ ջանքերով, հնչել են բազմաթիվ հայտարարություններ առանձին երկրների, նրանց խորհրդարանների, նաև միջազգային խորհրդարանական հարթակների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:  

Կհիշեք՝ երկու դեպքում էլ, տեղի ունեցավ քննարկում Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում և՛ սեպտեմբերյան ագրեսիայից հետո, և՛ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո, երկու դեպքում էլ փաստաթուղթ քննարկումների ընթացքում չհաջողվեց ընդունել, այս մասին խոսելու առիթ եղել է:

Հայաստանը պահպանել և շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Եվրոպայի խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Ֆրանկոֆո­նիայի միջազգային կազմակերպություն և այլ կազմակերպությունների շրջանակներում:

Երկկողմ հարաբերությունների մասով գործուն քայլեր են կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների, Հնդկաստանի, Չինաստանի հետ։ 

Շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ընդհանուր, 2022թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ:

2022թ. Հայաստանում հիմնվել է երկու նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Նշանակվել են նաև երկու նոր երկրի՝ Լաոսի և Հյուսիսային Մակեդոնիայի ոչ ռեզիդենտ դեսպաններ: Նշեմ նաև, որ ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից 3-ի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի:

Անցնելով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ նշեմ, որ հաշվետու տարվա ընթացքում ՀՀ հավատարմագրել է 4 նոր՝ ոչ ռեզիդենտ դեսպաններ՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդենիայում: Ընդհանուր առմամբ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում:

Հավատարմագրվել է նաև ՀՀ 7 նոր պատվավոր հյուպատոս, եթե հետաքրքիր են քաղաքները՝ Քվեբեկ (Կանադա), Ռոսարիո (Արգենտինա), Սանտա Կրուզ դե լա Սիերա (Բոլիվիա), Սալոնիկ (Հունաստան), Զաբժե և Պոզնան (Լեհաստան), Ռիգա (Լատվիա):

Իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առումով 2022թ. ՀՀ կողմից ստորագրվել է 83 միջազգային պայմանագիր, վավերացվել կամ հաստատվել է 65 պայմանագիր:

2022թ. շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:

Հանրապետության նախագահը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը մի շարք հարցազրույցներ են տվել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, հանդես են եկել մամուլի ասուլիսներով` ներկայացնելով տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընթացների, խնդիրների ու դրանց հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Աշխատանքները հատկապես ինտենսիվ բնույթ են կրել միջազգային հանրությանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի և դրա հետևանքների, իսկ 2022թ. դեկտեմբերից արդեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումը, որը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում։»

***

Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է բուն բյուջետային հաշվետվությունը, որը համահունչ է վերը թվարկված  առաջնահերթություններին և ուղղություններին: 

Իր ելույթից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերաբերյալ, ներառյալ՝ 2023թ. մասով: Ստորև ներկայացված են նախարարի խոսքից հիմնական մեջբերումները:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշմանը, իսկապես, ինչպես Դուք ասացիք, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս ասել, մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու, և, ըստ այդմ, մենք, ինչպես Դուք ասացիք, իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնի և չենք էլ փորձում այդպիսի բան անել: 

Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա հետևյալն է: Եվ սա էլ մենք բազմիցս հրապարակավ ասել ենք. մենք համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական չի կարող լինել, ամբողջական չի կարող լինել, երկարատև,  տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, նրանց ապագայի համար: Կրկնում եմ՝ մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ որևէ այլ բան: Բայց, կրկնում եմ՝ բազմիցս ասել ենք, որպեսզի կարգավորումը, խաղաղությունը, եթե այն հնարավոր լինի հաստատել, լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է, որ առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան: Որևէ մեկը աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր. բլոկադան վկայում է դրա մասին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, բազմաթիվ հարցեր, այսինքն՝ բոլորս գիտենք, ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում: Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից: Մենք պիտի փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը: Կարծում եմ՝ ամբողջական պատասխանեցի այս հարցին:»

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ հարցերին` նախարար Միրզոյանը պատասխանել է. «Ես տեսնում եմ, որ շփոթ կա Ձեր առնվազն խոսքում սահմանների ճանաչման և սահմանազատման և, ավելին ասեմ, դեմարկացիայի այդ սահմանային նշանների տեղադրման, սահմանագծի տեղում ֆիքսման միջև: Դուք ասում եք. եթե մի կողմից ճանաչել են, բա էլ ինչու՞ են դելիմիտացիա անում: Խոսքը հիմա հետևյալի մասին է. սահմանազատման` այսինքն, դելիմիտացիայի աշխատանքներ մենք էլ, ենթադրաբար, պիտի շարունակենք և անենք Ադրբեջանի Հանրապետուրտյան հետ: Խոսքը դրա մասին չէ: Խոսքը նրա մասին է, որ, ինչպես Դուք ինքներդ ասացիք, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրությամբ` մի շարք պետություներ, այդ թվում` Հայաստանը և Ադրբեջանը, միացել են Անկախ պետությունների համագործակցության ստեղծման փաստաթղթին և, ըստ այդմ, այդ պետություները միացել են Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ փաստաթղթին, որով և ընդունել են, որ Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանները ճանաչվում են միջպետական նորանկախ պետությունների սահմաններ: Անցյալ տարի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այնուհետև հոկտեմբերի 31-ին Սոչիում, մի դեպքում` նախագահ Մակրոնի և նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ և ներկայությամբ, մյուս դեպքում` Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ և ներկայությամբ, երկու երկրները` Ադրբեջանը և Հայաստանը, վերահաստատել են իրենց հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրին և, ըստ այդմ, կրկին ճանաչել են միմյանց պետական սահմանները:

(...)  

Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում, ենթադրում եմ, իհարկե բոլորը չեմ կարդացել հասկանալիորեն, չկա մակերեսի հիշատակում, և 29.8 հազար կմ-ը Հայաստանի դեպքում և Ադրբեջանի 86.6 հազար կմ-ը սրանք քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետությունից այն մակերեսով, այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետությունների համար: Սա քաղաքական հայտարարություն է, ես չեմ կարծում, թե Դուք կարծում եք, թե մենք սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված այդպիսի մակերեսի հիշատակմամբ ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում, տարբերությունը ակնառու է, կարծում եմ: Այո, քաղաքական հայտարարությունն արդեն ասացի ինչի մասին է:

(...)

Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29.8 հազար քառակուսի կմ տարածքով, բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են իրար այն թվերով, ըստ այդմ, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29.8 հազար քառակուսի կմ-ով, և դրանից հետո ադրբեջանական կողմից որևէ հրապարակային կամ ոչ հրապարակային հերքում չի արվել: Նույնը տեղի է ունեցել, ըստ էության, հաջորդ հանդիպումների ընթացքում, և հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմամբ, այսինքն՝ չեն առարկում, բնակականաբար, Ադրբեջանը չի առարկում և պնդում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ էր կամ սխեմա էր, և սա չի հերքվել Ադրբեջանի կողմից: Բայց նաև հրապարակային հաստատման կարիք կա, թերևս, քանի որ Դուք այդ հարցը բարձրացնում եք, հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանը իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ, ըստ էության, ունի, կամ փորձում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Սրա մասին էր և 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան, ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, ինչու չէ վերջերս Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը: Եվ ահա այսպիսի բաները վերացնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է, որ օր առաջ հնարավորինս, այո, իրատեսական չէ գուցե սահմանազատման աշխատանքը ամբողջությամբ արագ անել, բայց գոնե պարամետրերը, սահմանազատման աշխատանքի հիմքերը որքան հնարավոր է առավելագույնս հստակ և ավելի քիչ մեկնաբանությունների տեղ թողող ձևակերպումներով այսպիսի պարամետրերի սահմանմանը հասնելը մեր համար առաջնահերթ է:

(...)

Թե որ քարտեզով պետք է իրականացվեն դելիմիտացիայի, սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, Դուք խնդրեցիք հստակ պատասխանել, ես առավելագույն հստակությամբ արձագանքում եմ՝ չկա, բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ, սա է, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նաև որքանով ինձ հայտնի է, վերջին քննարկման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975թ. քարտեզի վերաբերյալ. այս խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում կա և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքներն այդ քարտեզով ողջ միջազգային հանրության կողմից և ՀՀ կողմից:

(...)

Ինչ վերաբերում է անկլավներին, ապա իսկապես պնդումները, անկլավներն ի սկզբան չի եղել, ինչ-որ պահի ընթացքում հայտնվել են, և ես կարծում եմ, որ դեռ ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը: Քաղաքական առումով, այո, մենք գիտենք, որ էդպիսի անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաաստանի վերջին շրջանում, Հայաստանի տարածքում, բայց կարծում եմ, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և հանձնաժողովում քննարկվեն տարբեր լուծումներ: Հնչեցրած 86.6 հազար քառակուսի կմ-ն ըստ էության ներառում է, այո, այդ անկլավները, բայց կրկնում են, իրավական հիմքեր գոյություն ունեն, պետք է նայվի, ուսումնասիրվի, դրանով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը:»

Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմանների վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է. «Թուրքիայի կողմից նախապայմաններ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի համար չեն առաջադրվել երբևէ: Ձեզ քաջ հայտնի է, որ երկու կողմերը բազմիցս ընդգծել են, որ նախապայմաններ չկան, և նպատակը վերջնական հարաբերությունների կարգավորումն է: Տարբեր իշխանությունների, տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում և՝ բարձրագույն ներկայացուցիչների կողմից հնչել են տեսակետներ, մեկնաբանություններ, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործընթացը երբևէ այս քննարկումների մաս չի կազմել ցայսօր, օրակարգում այդպիսի հարց ուղղակի չկա:»

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, Հայաստանի սահմանների խախտման վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշման, դրան առնչվող փաստաթղթերի շուրջ քննարկումներին: 

Անդրադարձ է կատարվել նաև այլ երկրների, կազմակերպությունների խորհրդարանական շրջանակների հետ բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության հարցերի:

ՀՀ ԱԳՆ բյուջեի շուրջ քննարկման մասով պատգամավորների նախաձեռնությամբ ընդգծվել է ՀՀ ԱԳՆ բյուջեի ավելացման հարցը՝ գերատեսչության առջև դրված խնդիրների ու նպատակների շարունակական արդյունավետ հասցեագրման նպատակով:   

Տպել էջը