ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանություն» թեմայով ՄԱԿ ԱԽ նիստին

22 մայիսի, 2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանություն» թեմայով ՄԱԿ ԱԽ նիստին:

«Տիկին նախագահ,

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Շվեյցարիային՝ քաղաքացիական անձանց պաշտպանության խնդիրը Անվտանգության Խորհրդի իր նախագահության առաջնահերթությունների շարքում դասելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին զինված հակամարտություններում խաղաղ բնակչության պաշտպանության ներկա և ի հայտ եկող մարտահրավերներին, մասնավորապես՝ սննդի անապահովության և հակամարտային իրավիճակներում կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրներին անդրադառնալու համար։ Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեթի ներկայությունը և ելույթն ի ցույց են դնում քաղաքացիական բնակչության պաշտպանության մեծ կարևորությունն ու հրատապությունը։

Կցանկանայի ընդգծել Շվեյցարիայի պատմական նշանակալի դերը մարդասիրական հարցերում՝ որպես Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման ծննդավայր։ Այսօր՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հիմնադրումից 160 տարի անց, նրա դերը շարունակում է մնալ առավել արդիական՝ հակամարտությունների կիզակետում հայտնված խաղաղ բնակիչների տառապանքները մեղմելու, ռազմագերիներին տուն վերադարձնելու և բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու գործում։

Քաղաքացիական բնակչության և նրանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտների կանխամտածված թիրախավորումը, առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումների խաթարումը,  միջազգային հումանիտար մուտքի մերժումը, քաղցի օգտագործումը՝ որպես պատերազմի և կոլեկտիվ պատժի մեթոդ, հանդիսանում է ռազմական հանցագործություն և սպառնալիք՝ հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչների կյանքին և բարեկեցությանը:

Այդ առումով կուզենայի ընդգծել Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների լիարժեք և անվերապահ իրականացման կենսական կարևորությունը։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առանցքային դեր  ունի պետությունների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց իրավաբանորեն պարտադիր պարտավորություններին հավատարմությունն ապահովելու գործում:

Տիկին նախագահ,

2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր, Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Արդեն իսկ 6 ամիս է, ինչ 120,000 բնակչությունը, այդ թվում՝ 30,000 երեխա տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ պարենի և բժշկական ապրանքների խիստ պակասից։ Հումանիտար իրավիճակն էլ ավելի է ահագնանում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների լիակատար խափանման, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վատթարացման, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց պարբերաբար թիրախավորման հետևանքով՝ փորձելով նրանց զրկել ապրուստի միջոցներից և ստեղծել կյանքի համար անտանելի պայմաններ։ Շրջափակման վեց ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ստացել են իրենց պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների միայն 7,5 տոկոսը։

2023թ․ փետրվարի 22-ին ընդունված  Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը, այն է՝ «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը» կատարելու փոխարեն, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել միջանցքում՝ դրանով բացահայտորեն պատասխանատվություն ստանձնելով ապօրինի շրջափակման և դատարանի որոշումը չկատարելու գործում:

Ավելին, Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի գործունեությունը հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքներին արձագանքի, հրատապ բուժօգնության նպատակով հիվանդների տեղափոխման, առաջին անհրաժեշտության ապրանքները հեռավոր բնակավայրեր հասցնելու ուղղությամբ։ Մինչ օրս հնարավոր չի եղել ապահովել ՄԱԿ և իր գործակալությունների մուտքը և ներգրավումը՝ Լեռնային Ղարաբաղն ու իր ժողովրդին տևական ժամանակ զրկելով ՄԱԿ աջակցությունից: Ոչ ոքի հետևում չթողնելու հավաքական հանձնառությունը դեռ չի իրացվել իրենց համար:

Այս բոլոր անօրինական գործողությունները, որոնք ուղեկցվում են հակահայկական ատելության և այլատյացության քարոզի տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ, հստակ ցույց են տալիս Ադրբեջանի ցեղասպանային մտադրությունը՝ վերջնանպատակ ունենալով էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին։

Տիկին նախագահ,

Անցյալ տարվա դեկտեմբերին Անվտանգության խորհուրդն արդեն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Այդ ժամանակից ի վեր, իրավիճակը միայն վատթարացել է` տառապանք պատճառելով խաղաղ բնակչությանը։

Մենք հույս ունենք, որ՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու առաջնային մարմին՝ Անվտանգության խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի խնդիրը և իր մանդատի համաձայն՝ կապահովի ժողովրդի արժանապատվությունը, ֆիզիկական անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները՝ միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան»։

Տպել էջը