ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացման խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը

06 մայիսի, 2021

Հարգելի Սերգեյ Վիկտորի, 

Սիրելի բարեկամներ, 

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում:

Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական ​​երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները:

Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն:

Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական  լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական  մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից  բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ  է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը: 

Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝  հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:

Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում:

Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ:  Լինելով միջպետական ​​համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական: 

Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ։ 

 

Տպել էջը