ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ելույթը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին

12 հունիսի, 2020

Չնայած ԵԱՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, սակայն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, որը երկու ուղղությամբ է դրսևորվում։ Առաջինը՝ առանձին սուբյեկտների հետ ազատ առևտրի կամ արտոնյալ պայմաններով առևտրի ռեժիմի շուրջ պայմանագրերի կնքումն է, ինչն առավել ևս արտահայտվեց նախորդ տարի մեր նախագահության ընթացքում, երբ հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին բաղադրիչին։ Մասնավորապես, առաջինը եղել է ժամանակին Վիետնամի հետ, ստորագրվել է Սերբիայի հետ։ Երբ որ Երևանում կայացավ ԵԱՏՄ Բարձրագուն տնտեսական խորհրդի նիստը, բոլորս հիշում ենք, որ այստեղ էր մեր բարեկամ Իրանի նախագահը՝ Հասան Ռոհանին։ Այստեղ էր նաև Սինգապուրի վարչապետը։  Ռոհանին մասնակցում էր, քանի որ մոտակա օրերին պետք է ուժի մեջ մտներ այն համաձայնագիրը, որը կնքել է ԵԱՏՄ-ն Իրանի հետ՝ ժամանակավոր ազատ առևտրի գոտու մասին։ Ի դեպ, միանգամից ասեմ ինչու ժամանակավոր․ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը բանակցում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության հետ, և այդ առումով պայմանագիրը կոչվում է “ժամանակավոր”, որովհետև այդ բանակցությունների ընթացքում կարող են ինչ-որ բաներ փոխվել։ Ընդհանուր առմամբ, դա լիարժեք համաձայնագիր է, և նորից հիշեցնեմ, նախաձեռնողը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ին, Հայաստանի Հանրապետությանն այդ գործընթացը սկսելու առաջարկով, որը սկսվեց և հաջողությամբ ավարտվեց։ Սինգապուրի հետ նույնպես, երբ Սինգապուրի վարչապետն այստեղ էր, ևս կնքվեցին համապատասխան համաձայնագրեր։ Այսինքն գործընթացը գնում է։ Այժմ կան այլ սուբյեկտներ, որոնց հետ ընթանում են բանակցություններ, այդ թվում նաև, օրինակի համար նշեմ Իսրայելը։

Մյուս ուղղությունը  դիտորդի կարգավիճակն է։ Դիտորդի կարգավիճակ այսօր ունի միայն մեկ պետություն՝ Մոլդովան, և պատահական չէ, որ այդ նույն բարձրագույն խորհրդի նիստին Երևանում էր գտնվում Մոլդովայի նախագահ Դոդոնը, ով բոլոր նիստերին մասնակցում էր, բայց դա ենթադրում է, որ կազմակերպիչը պարտադիր կերպով պետք է տեղեկացնի բոլոր անդամ պետություններին, և միայն բոլորի համաձայնությամբ, նույնիսկ դիտորդի կարգավիճակ ունեցող սուբյեկտը կարող է մասնակցել նիստերին։ Ընդ որում, մասնակցում են միայն նիստերի բաց մասերին։ 

Դիտորդի կարգավիճակ ստանալու համար այսօր ընթանում են բանակցություններ, կան դիմումներ․ դիտորդի կարգավիճակ ստանակու համար դիմել են Կուբան և Ուզբեկստանը։

Ավելին, ժամանակին դա շատ նուրբ խնդիր էր, մենք շատ մեծ ջանքեր ենք գործադրել, որ դիտորդի կարգավիճակ ստացող պետության առջև դրվեն բավականաչափ լուրջ պահանջներ և դա բխում էր ԵԱՏՄ պայմանագրի 109-րդ հոդվածից, ըստ որի այն պետությունը, որ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ, պարտավորվում է չկատարել քայլեր, որոնք վնաս կհասցնեն որևէ անդամ պետությանը կամ կազմակերպությանն ամբողջությամբ։  Այդ բանակցությունները սկսվեցին, երբ որ Մոլդովայի հարցն էր դրված։ Մենք հասանք նրան, որ ընդունված կարգում հստակ ֆիքսվում է որ անդամակցության համար դիմող պետությունը անում է դա իշխանության առաջին դեմքի մակարդակով, դիմում է այդ պահին նախագահող երկրի առաջին դեմքին և այդ դիմումում նա պարտավոր է հստակ ֆիքսել, որ պարտավորվում է պահպանել այդ 109-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները, որ պետք է պահպանի դիտորդ դառնալու համար։ Ի դեպ մենք դա պատահական չէինք արել, որովհետև ժամանակին փորձեր կային մեզ համար ոչ ընդունելի պետությունների՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում. դա վերաբերում է մասնավորապես Ադրբեջանին։ Եվ երբ որ Կուբան դիմեց, մենք եղանք շատ բծախնդիր, որովհետև, իրենք դիմելիս այդ մասը չէին նշել։ Մեր հետևողական պահանջով իրենք լրացրին և երբ որ արդեն դիմեց Ուզբեկստանը, ինքը ևս դա նշել է իր դիմումում։ Այդ հարցում մենք կլինենք հետևողական։ Ամեն դեպքում, իհարկե, դիտորդի կարգավիճակը կարևոր է ու դուք ուշադրություն դարձրեք այդ հանգամանքի վրա. եթե դիտորդ պետությունը պարտավորվում է չկատարել ի վնաս քայլեր, նշանակում է, որ ինքն այդ առումով կաշկանդված է։ Դու արդեն կարող ես դիտորդ դարձած պետությանն ասել. «Դու այս հարցում քայլ ես կատարել, որը ՀՀ շահերին դեմ է, իսկ դա հակասում է քո պարտավորություններին»։

Տպել էջը