ԱԳ նախարարի խոսքը «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը

11 հունիսի, 2020

Հարգելի տիկին Թանդիլյան,

Հարգելի պարոն Ռուբինյան,

Հարգելի պատգամավորներ,

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մեր միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը, որն առանձնակի ընդգծվել է ներկայիս իրադրությունում, երբ բոլորս պայքարում ենք համավարակի նոր մարտահրավերների դեմ: Ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել գլոբալ մարտահրավերներին առանձին: Առավել ևս, երբ նման երկրների համար համագործակցությունը միջազգային կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործիք է: Այդ առումով մեզ համար թ՛ե համավարակից առաջ և թե՛ հիմա առաջնային խնդիրը եղել և մնում է մեկը՝ ապահովել մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը:

2019թ. հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը: Այդ սկզբունքներն առաջին անգամ հստակորեն ամրագրվեցին օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, արցախյան հիմախնդրի խաղաղ կարգավորումը: 

Բովանդակային առումով Հայաստանի դիրքորոշումները բազմաթիվ առումներով հստակորեն արտահայտվել են Հայաստանի կառավարության, ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի կողմից:

Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, որի շրջանակներում իրականացվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչների փոխանակման ծրագիրը:

Որպես մարդասիրական քայլ՝ հունիսի 28-ին ՀՀ իշխանությունների կողմից առանց որևէ նախապայմանի Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին հանձնվեց 2019թ․ մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովը: Նույն օրը Հայաստանի իշխանություններին և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը: Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել և մնում է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում:

2019թ. ընթացքում և այս ամբողջ ընթացքում էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթը ևս մնացել է և մնում է կարևորագույն գործառույթներից մեկը դիվանագիտական ասպարեզում: 

Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները: Նորից կրկնեմ՝ դրանք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

Տարվա ընթացքում տարբեր մակարդակներում սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի միջև առավել ամրապնդվել է:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը: Հայաստանն նաև ակտիվ ներգրավված է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում:

Ինչպես գիտեք, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հանդիսացող ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման հայտը մենք ներկայացրել ենք դեռևս 1998թ.: Հետագա տարիների ընթացքում առավել շեշտադրում ենք կատարել ցեղասպանության կանխարգելման և զոհերի ոգեկոչման վրա, ինչի արդյունք էր 2015թ. ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության զոհերի արժանապատվության և հիշատակի, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման օրվա սահմանումը: Այս տարի մենք Մարդու իրավունքների խորհրդում ներկայացրել ենք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, որն ամփոփում է մինչ այդ արված աշխատանքը և ուրվագծում հետագա քայլերը: 

Հայաստանը իր ներդրումը ցեղասպանության կանխարգելման օրակարգում արտահայտել է նաև համապատասխան հարթակի ձևավորմամբ, որն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումն է: Այս տարի մենք անցկացնելու են չորրորդ գլոբալ ֆորումը: 

Հաշվետու տարում շարունակվել են Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը։ Տարին նշանավորվել է բարձր մակարդակներում քաղաքական ակտիվ երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ ոլորտներում: Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է և առանձին քննարկման առարկա կարող է լինել:

2019թ․ Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում: Մեծ ուշադրություն է դարձվել Միության և երրորդ երկրների հետ համագործակցության խորացմանը:

Քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կառույցի նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ։ 

Հայաստանը շարունակել է խորացնել արժեքահեն գործընկերությունը Եվրամիության հետ, ինչպես նաև՝ փոխշահավետ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ։ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը։ 2019թ. զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Մենք մեծապես կարևորում ենք նաև այս բարդ ժամանակաշրջանում ԵՄ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ:

Այս առնչությամբ ցանկանում եմ առանձնացնել ոչ միայն եվրոպական գործընկերների հետ երկկողմ հարաբերությունների դինամիկան, այլ ընդգծել եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով համագործակցության հարթակի ձևավորումը, որն արդեն իսկ գործնականում ի ցույց է դրել իր ներուժը և կարողությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու առավել խորացումը: Ինչպես գիտեք, մենք անցյալ տարի հաստատել ենք համագործակցության նոր ձևաչափ՝ ռազմավարական երկխոսության հարթակը, որի ներառական օրակարգը և դրա բովանդակային ընդգրկությունը ամուր հիմք են ձևավորում երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման համար: Միացյալ Նահանգների կառավարությունը ավելացրել է 2019թ. Հայաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 40 տոկոսով:

Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ դարերի խորքից եկող բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա կառուցված հարաբերությունների, համագործակցության ամրապնդումը և զարգացումը: Վերջինս նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը: Այս համագործակցությունն առավել կարևորվում է կորոնավիրուսի դեմ պայքարի այս ժամանակաշրջանում՝ ի ցույց դնելով մարտահրավերների հասցեագրման գործում մեր փոխկապակցվածությունը:

Տարին ակտիվ է եղել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ բարձրաստիճան շփումների և բազմաբնույթ համագործակցության ընդլայնման և խորացման առումով: Առանձանհատուկ կնշեմ բազմաոլորտ և փոխշահավետ համագործակցությունը Չինաստանի հետ, տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և քաղաքական երկխոսության ամրապնդումը Հնդկաստանի հետ: Ճապոնիայի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ:

Փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի  երկրների հետ շարունակում է մնալ մեր առաջնահերթություններում: Հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի խճանկարի անբաժան մասն է, և այդ տարածաշրջանում տեղի ուենցող գործընթացները գտնվում են մեր անմիջական ուշադրության և հետաքրքրությունների շրջանակում: Մենք պաշտոնապես արձագանքել ենք Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես գիտեք, ԱԳՆ կողմից նաև օրերս եղավ պաշտոնական հայտարարություն Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Մենք շարունակել ենք ներգրավված մնալ և շատ ակտիվ աշխատել մեր ավանդական ուղղություններով և ընդլայնել ենք հարաբերությունները և երկխոսությունը, համագործակցության շրջանակները մեր մյուս գործընկերների հետ՝ լինեն դա Ծոցի երկրները, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը: Ես առանձին կանդրադառնամ մյուս հարցերին: Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել մեզ համար կարևորություն ունեցող այն ուղղությունները, որոնք վերաբերում են Լիբանանին, Իրաքին, Սիրիային և այլն:

Նոր տարածաշրջանների հետ համագործակցության համատեքստում ցանկանում եմ նշել Աֆրիկյան մայրցամաքը, մեր հաստատվելը այդ աշխարհամասում և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության ներուժի օգտագործման ուղղությամբ առաջին գործնական քայլերի իրականացումը: Իր գործունեությունն է սկսել Եթովպիայում մեր դեսպանությունը, և համավարակի այս ժամանակաշրջանում Ադիս Աբեբայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը գործուն մասնակցություն է ունեցել աֆրիկյան մայրցամաքում գտնվող մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի համակարգման և կազմակերպման առումով: 

Մարդկության առջև ծառացած գլոբալ և անդրազգային մարտահրավերները, որոնց մենք բոլորս առերեսվում ենք նաև ամենօրյա ռեժիմով կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման հետ մատնանշեց բազմակողմ համագործակցության կարևորությունընը: Մենք հանդես ենք գալիս այն դիրքերից, որ արդյունավետ բազմակողմանիությունը և դրա արդյունքում մեծ և փոքր պետությունների միջև ձևավորվող համերաշխությունը միջազգային անվտանգության, խաղաղության և զարգացման գրավականն են: Հայաստանը վճռականորեն շարունակել է իր նախաձեռնողական և արդյունավետ բազմակողմ դիվանագիտությունը, ամրապնդել մեր ներգրավածությունը՝ միջազգային անվտանգության, կայուն զարգացման, մարդու իրավունքների, հանդուրժողականության և հակախտրականության և այլ միջազգային օրակարգերում: 

Այսպես, արտաքին գերատեսչության երկարամյա աշխատանքի արդյունքում Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ: 2019թ. մարտի 22-ին Հայաստանը ստանձնեց ՄԱԿ Կանանց կարգավիճակով հանձնաժողովի (CSW) նախագահությունը երկու տարի ժամկետով` 2020-2021թթ. համար: Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օր հռչակելու մասին Հայաստանի հեղինակած բանաձևը: Հայաստանն այս շրջանում անդամակցում է նաև ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդին:

Մենք շարունակել ենք ակտիվ աշխատել ՄԱԿ-ի կառույցների շրջանակներում, ինչպես նաև մեր ազգային շահերի և մեր միջազգային օրակարգի հարցերը բազմակողմ հարթակներում առաջ տանելու առումով: Ակտիվ ներգրավված աշխատանք ենք տարել ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ԱՊՀ-ում, ՖՄԿ-ում, ՆԱՏՕ-ում: 

Հայաստանը շարունակել է իր մասնակցությունը Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

2019թ. ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում է եղել մեր երկրի ՏՏ հնարավորությունների և այդ ուղղությամբ միջազգային համագործակցության հարթակների ձևավորումը. հոկտեմբերին Երևանում գումարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, հոկտեմբերի 30-31-ին Մոնակոյում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին Հայաստանի կողմից ներկայացվեց և միաձայն ընդունվեց գիտության, կրթության և թվային տնտեսության զարգացման գործում նորարարության ունեցած դերի վերաբերյալ բանաձևը: Բանաձևի ընդունումը կարևոր քայլ է Ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման առումով:

ԱԳՆ կողմից տարվա ընթացքում հետևողական քայլեր են ձեռնարկվել տարբեր ոլորտի անմիջական դերակատարների համար միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և համագործակցության հեռանկարների քննարկման համապատասխան հարթակների ձևավորման ուղղությամբ: Դա արտահայտվել է ինչպես բիզնես համաժողովների կազմակերպմանը և մասնակցությանն աջակցելու ձևով, այնպես էլ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հանդիպումներին և ԱԳ նախարարի օտարերկրյա պետություններ այցերի ժամանակ պատվիրակության կազմում ոլորտային ուղղությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ինչպես դա եղավ Էստոնիա, աֆրիկյան երկրներ այցերի ժամանակ:  

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից 2019թ. սպասարկվել է շուրջ 155 000 քաղաքացի: ՀՀ ԱԳՆ իրավասության շրջանակներում շարունակվել է աջակցությունը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայությանը:

Կառավարության համապատասխան որոշմամբ հնարավոր է դարձել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները՝ քաղաքացու անձամբ ներկայանալու պահանջին ստեղծելով այլընտրանք՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխարհի ցանկացած վայրից տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և ստանալ հյուպատոսական մի շարք ծառայություններ։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի` օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը՝ ուղարկել և ստանալ փոստով։

Այսուհետ հնարավոր է ՀՀ արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի (e-consular.mfa.am) միջոցով առցանց դիմել և փոստով ստանալ նախարարության կողմից ապոստիլով հաստատվող տեղեկանքներ, որոնք պահանջվում են օտարերկրյա պետություններ (դեսպանություններ) ներկայացնելու համար։ Պատրաստի տեղեկանքը հնարավոր է ստանալ փոստով՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։ 

ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ Կատարի, Սերբիայի և Չինաստանի կողմից: 

2019թ. ընթացքում ՀՀ ԱԳՆ հետևողական աշխատանքներ է տարել նաև ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Այս հարցը շարունակում է մնալ գերակայություն և հետևողական աշխատանքի կարևոր ուղղություն:

2019թ. ընդլայնվել և 2020թ. կշարունակի ընդլայնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը: 2019թ. Հայաստանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, անցյալ տարվա պայմանավորվածությունների հիման վրա 2020թ. փետրվարին ՀՀ֊ում բացվել է Սլովակիայի դեսպանությունը և այդ ընթացքը ավարտվում է Սերբիայի, Նիդերլանդների և Շվեդիայի դեպքում: Հայաստանը բացել է դեսպանություններ Կատարում, Եթովպիայում, Իսրայելում։ Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի, Դոմինիկայի Ընկերակցության, Ջիբութիի հետ: 

2019թ. ընթացքում նախարարության կողմից պատրաստվել և ստորագրման է ներկայացվել 61 միջազգային պայմանագիր։

2019թ. ՀՀ նախագահը կատարել է 19, իսկ ՀՀ վարչապետը՝ 23 օտարերկրյա այց։ Տեղի է ունեցել ԱԳ նախարարի 32 օտարերկրյա այց՝ 6 պաշտոնական և 26 աշխատանքային։ Պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցերով Հայաստանի Հանրապետություն են այցելել երեք տասնյակից ավելի բարձրաստիճան պատվիրակություններ։

Հարգելի գործընկերներ,

2019 թվականին նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը նախատեսվել են 1,815,833.40 հազ.դրամ, փաստացի ծախսը կազմել է 1,793,162.34 հազ.դրամ: Պահպանման ծախսերի 74.1 %-ը կազմում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: 

Բյուջեով հատկացված միջոցներից 2019 թ. տնտեսվել է 22,671.06 հազ.դրամ, որը տարեվերջին փոխանցվել է պետբյուջե։

Գումարի հիմնականում մասը՝ 15,235.1 հազ. դրամ տնտեսվել է ներկայացուցչական ծախսեր հոդվածով և 2,957.31 հազ.դրամ՝ կապի ծախսեր հոդվածով:

2019թ. տպագրվել 94,660 հատ մուտքի վիզայի պիտակ, 50,000 հատ ՀՀ վերադարձի վկայական և 20,000 հատ պաշտպանված ձևաթուղթ։ 

2019 թվականին նախարարությունը հոգացել է 25 արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության ծախսեր։ Փաստացի ծախսը կազմել է 49,540.97 հազ.դրամ: 

Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների առումով. 2019թ. ընթացքում ՀՀ ԱԳՆ լիովին կատարել է ՀՀ պետական բյուջեով Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով հատկացված գումարների ֆինանսական փոխանցումները՝ համաձայն նախանշված եռամսյակային ենթաբաժանումների: Ամբողջությամբ կատարելով անդամակցության գծով միջազգային կազմակերպություններին ֆինանսական պարտավորությունները` Հայաստանը հանդիսանում է լիարժեք անդամ և ձայնի իրավունք ունի ՀՀ կողմից անդամակցվող բոլոր միջազգային կազմակերպություններում: 

2019թ. ՀՀ-ն ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է հատկացվել 195,17600 ամերիկյան դոլար՝ որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ներառվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի նույնպես Հայաստանը կատարել է իր ֆինանսական պարտավորությունները ըստ սահմանված ժամանակացույցի և ներառվել պատվո ցանկում: 

Պետք է նշեմ, որ 2019թ-ից. փոփոխվել է ՀՀ անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին՝ 0,006% դառնալով 0,007% (16,67% աճ): ՄԱԿ-ի բյուջեն կազմավորվում է` հաշվի առնելով երկրի ՀԱԱ (համախառն ազգային արդյունքի) հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսիք են` արտաքին պարտք, մեկ շնչին հասնող եկամուտ և այլն: Անդամավճարների սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ: Նվազագույն շեմը կազմում է 0.001%, իսկ առավելագույնը` 22%: Սա ունենալու է շղթայական ազդեցություն և գալիք տարիների ընթացքում բարձրանալու են անդամակցության վճարները այլ կառույցներում: Ըստ կանախատեսումների՝ միջազգային կազմակերպությունների գծով՝ մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին և այլ կառույցներին ՀՀ անդամակցության վճարների մասով կարող ենք ունենալ մինչև 30% աճ՝ պայմանավորված հենց վերոնշյալ տոկոսային աճով, ինչպես նաև ընդհանուր անդամավճարների ծախսերի բարձրացմամբ: Ավելի պատկերավոր ներկայացնելու համար նշեմ, որ այս տոկոսային չափաբաժնի փոփոխման արդյունքում ՀՀ անդամակցության վճարը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 2019թ. համար բարձրացել է մոտ 50,000 ԱՄՆ դոլարով՝ 145,843.00 /2018թ./ դառնալով 195,176.00 ԱՄՆ դոլար:

Երեք կազմակերպություններին 2019թ. տարեսկզբին ՀՀ անդամակցության մասով գոյացած պարտքերը կազմել են՝ 

«Աշխատանքի համաշխարհային կազմակերպությանը՝» (ILO) 62 հազար 115 շվեյցարական ֆրանկ, 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝» (WHO) 408 հազար 403 ԱՄՆ դոլար 

«ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությանը՝» (UNIDO) 350 հազար 159 եվրո:

Պարտքերի մարման համար կազմվել է  մարման ժամանակացույց: Այս պարտքերը ձևավորվել են 90-ականների սկզբին և հետագայում ձևավորվել է պարտքի մարման ժամանակացույց և պլան, և մենք շարունակում ենք հետևողականորեն իրականացնել այդ վճարումները պարտքի մարման առումով և ինչպես նշեցի մենք ոչ այս կազմակերպության, ոչ էլ այլ կազմակերպությունում զրկված չենք ձայնի իրավունքից: 

Միջազգային կազմակերպություններին անդամավճարների չափով 2019թ. բյուջեն կազմել է 2,539,988.7 հազ.դրամ, փաստացի ծախսը՝ 2,432,801.56 հազ.դրամ: Տարբերությունը կազմել է 107,187.14 հազ.դրամ դրամ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության պայմանագրերի  գումարների ճշտման հետևանքով առաջացել է մնացորդ գումար մասնավորապես ԵԱՏՄ-ի մասով, մի շարք կազմակերպություններից համապատասխան հայտերի չներկայացման հետևանքով, ինչպես նաև տնտեսվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշ տնտեսում։

Ուզում եմ անդրադառնալ Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացմանը: 

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի 176 երկրների հետ, արտերկրում ՀՀ-ն ունի 41 ռեզիդենտ դեսպան, ովքեր հավատարմագրված են ընդհանուր առմամբ 73 երկրում։ ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակված 11 միջազգային կազմակերպություններում, արտերկրում գործում են ՀՀ 9 գլխավոր հյուպատոսություն: 2019 թվականի ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակվել Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում (նստավայրը Երևան)։ 

Դեսպանությունների պահպանման ծախսեր համար բյուջեով նախատեսված է 10,661,892.2 հազ.դրամ, փաստացի ծախսեը կազմել է 10,584,451.9 հազ.դրամ: Տարբերությունը կազմել է 77,440.30 հազ.դրամ դրամ, որը առաջացել է  Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման չծախսված գումարներից, որոնք 2019 թ. իրականացվել են նվիրատվությունների հաշվին։

Ընդհանուր առմամբ կցանկանամ նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակել է իրականացվել համեստ բյուջեով: Կցանկանամ նշել նաև, որ 2019թ. պետական տուրքի ճշգրտված ծրագրային ցուցանիշը կազմել է 2,198,220.0 հազ. դրամ, իսկ փաստացի գանձված գումարը կազմել է 2,274,620.4 հազ. դրամ, ինչի արդյունքում կատարողականը կազմել է 106%: 

ՀՀ ԱԳՆ համակարգի կողմից գանձված պետական տուրքի ընդհանուր գումարի գերակշռող մասը ապահովվում է հյուպատոսական ծառայությունների դիմաց կատարվող գանձումներից:

Մատուցված հյուպատոսական ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարը կազմել է 2,165,069.3 հազ. դրամ, որը կազմում է ընդհանուր թվի 95%-ը: Այս մասով տարեկան ծրագիրը կատարվել է 104%-ով: 

Որպեսզի ավելի պատկերավոր լինեմ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջեի առումով, ԱԳՆ ընդհանուր բյուջեն  կազմում է  31.1 միլիոն դոլլար, կենտրոնական ապարատում ծախսվում է մոտավորապես 3.8 միլիոն դոլլար, արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման համար ծախսում ենք մոտվորապես 21.4 միլիոն դոլլար, մեր վճարումները միջազգային կազմակերպություններին կազմում են մոտավորապես 5.3 միլիոն դոլլար այդ 31.1 միլիոն դոլլարից: Մնացած ծախսերը, մոտացորապես 0.6 միլիոն դոլարի չափով այլ ծախսեր են: Արտաքին  գերատեսչության կողմից պետական տուրքի մասով ներդրվել է 4.7 միլիոն դոլլար: Այ բյուջեն մնում է չափազանց համեստ համեմատ մեզ նման երկրների համար, զգալիորեն համեստ: Եվ այդ շրջանակում է իրականացվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: 

Շնորհակալություն:

Տպել էջը