ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթն Արևելյան գործընկերության՝ տեսաժողովի ձևաչափով անցկացված նախարարական համաժողովին

11 հունիսի, 2020

Շնորհակալություն, Հելգա:

Ես նույնպես շատ ուրախ եմ այս վիրտուալ ձևաչափով «հանդիպելու» իմ բոլոր գործընկերներին և հույս ունեմ, որ ի վերջո մոտ ապագայում կկարողանանք առդեմ հանդիպել: Այս համաժողովը շատ լավ հնարավորություն է մյուս շաբաթ կայանալիք ղեկավարների տեսաժողովին ընդառաջ մտքեր փոխանակելու առումով:

Եվրոպայի արևելյան հատվածը հանդիսացող Արևելյան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք հանդիսանում են Արևելյան գործընկերության ուժը և, հետևաբար, պետք է վեր դասվեն աշխարհաքաղաքական նկատառումներից՝ մնալով 2020-ից անդին օրակարգի զարգացման միավորող ուժն ու անկյունաքարը: Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ արդարադատությունը, մամուլի, հավաքների ազատությունը եվրոպական արժեքները կրող ընդհանուր տարածքի կարևորագույն հիմնասյուներից են: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և մեր Կառավարության՝ հեղափոխության արժեքների նկատմամբ հանձնառության հետևողականությունն արտահայտում են մեր հավատարմությունը եվրոպական արժեքները կրող այս ընդհանուր տարածքին, որը, հավատացած ենք, որ չի քայքայվի:

Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակը նաև համալրում և նպաստում է Արևելյան գործընկերության յուրաքանչյուր պետության՝ ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ իր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ուստի, հաշվի առնելով Արևելյան գործընկերության կարևորությունը՝ անհրաժեշտ է պահպանել և առավել խթանել դրա շարունակականությունը և ամբողջականությունը։ Արևելյան գործընկերության ցանկացած մասնատում կխարխլի այս ծրագիրը։ Բայցևայնպես, սա չի նշանակում, որ տարբերակման սկզբունքը կամ «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը չպետք է կիրարկվեն․ տարբերակումը և ներառականությունը միմյանց չեն բացառում:

Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի և Բարձր ներկայացուցչի՝ 2020թ.ից անդին Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն և բարձր ենք գնահատում դրանում ԵՄ պատրաստակամության ընդգծումը՝ աջակցելու գործընկեր երկրներին «առողջապահական հաստատությունների և առողջապահության էլեկտրոնային համակարգի արդիականացման, բուժանձնակազմի վերապատրաստման և մատչելի բժշկական օգնության տրամադրման և հասարակության տարբեր շերտերի համար այդ ծառայությունների հասանելիության խթանման հարցում»: Մենք նաև ողջունում ենք դիմադրողականության ամրապնդման օրակարգը հինգ հիմնական ոլորտներում, որոնք իր ելույթում առանձնացրեց հանձնակատար Վարհեին:

Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Հայաստանը արդյունավետորեն իրականացնում է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերը: Մենք ներգրավված ենք անդամ երկրների հետ անհատական երկխոսության մեջ՝ ցույց տալու մեր աշխատանքը և մեր ձեռքբերումները, որոնք արդարացնում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը, ինչն էլ, լիահույս ենք, որ շուտով տեղի կունենա:

Նոր տիպի կորոնավիրուսն առաջին լուրջ մարտահրավերն է, որին բախվում է Արևելյան գործընկերությունն իր երկրորդ տասնամյակ թևակոխելուց հետո:

Այնուամենայնիվ, այս համավարակը ևս մեկ անգամ ի ցույց դրեց միջազգային համագործակցության և բազմակողմանիության կարևորությունը վերազգային սպառնալիքներն արդյունավետ հասցեագրելու առումով: Համատեղ ուժեր են հարկավոր հաղթահարելու այս ճգնաժամը: Այս առումով, կցանկանայի դրվատանքի խոսքեր հայտնել ԵՄ-ին Արևելյան գործընկերության տարածաշրջանի անմիջական կարիքներին և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված արտակարգ օգնության փաթեթի մոբիլիզացման համար: Մեր կառավարությունը և հայ ժողովուրդը սա շատ բարձր են գնահատում: ԱլԳ պետություններին ուղղված ԵՄ աջակցությունը մինչ օրս ամենամեծն է. մասնավորապես Հայաստանի համար ԵՄ-ն հայտարարել է 92 միլիոն եվրոյին համարժեք աջակցության փաթեթ, որը ներառում է ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն վերաուղղորդված միջոցներ: Սա համերաշխության շատ ուժեղ դրսևորում է:

Մենք նաև բարձր գնահատում ենք “V4EastSolidarity” ծրագրի մեկնարկը և անդամ երկրների անհատական աջակցությունը, մասնավորապես՝ Լիտվայի, Բուլղարիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կողմից։ Անչափ շնորհակալ ենք:

Հայաստանի արձագանքն այս համավարակին ներառում է մի քանի շերտեր, այդ թվում՝ ներդրումների իրականացում առողջապահության ոլորտում, աջակցության ցուցաբերում սոցիալապես անապահով խավերին և օգնություն գործարար շրջանակներին՝ հաղթահարելու ճգնաժամը և պահպանելու աշխատատեղերը։ Այսօրվա դրությամբ կառավարության սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթը կազմում է 150 մլրդ ՀՀ դրամ, ինչը հավասար է ավելի քան 300 մլն եվրոյի։ Կառավարությունն արդյունավետորեն իրականացրել է օգնության 18 ծրագիր/գործողություն՝ հասցեագրելու համաճարակի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական հետևանքները։ Այդ ծրագրերը գտնվում են իրականացման փուլում: Միաժամանակ նաև կազմում ենք միջնաժամկետ գործողությունների հետագա համապարփակ ծրագիր՝ ներկայացնելով մեր քաղաքականությունն ու միջոցառումները: Մենք նաև հրավիրել ենք ԵՄ-ին՝ սկսելու քաղաքականության շուրջ երկխոսություն` ներառական և կառուցողական հարթակ ստեղծելու նպատակով, որտեղ Եվրամիությունը և նրա հաստատությունները կարող են ներգրավվել և նպաստել համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված միջնաժամկետ գործողությունների ծրագրի ձևավորմանը և հետագա իրականացմանը:

Իսկապես, համավարակի տարածման հետ մեկտեղ կա նաև «տեղեկատվական համավարակ» (“infodemic”), և այն նույնպես պետք է հասցեագրվի։ Ներկայացվել են որոշ  գաղափարներ և առաջարկներ, թե ինչպես մոտենալ այդ խնդրին, որոնք վերաբերում են նաև հաղորդակցության օգտագործմանը, հեռուստատեսությանը և այլ միջոցների։ Դրանք շատ հետաքրքիր գաղափարներ են, որոնք մենք պատրաստ ենք դիտարկել և քննարկել մեր գործընկերների հետ։ Ապատեղեկատվությունն ավելին է, քան համավարակի վերաբերյալ փաստերի պարզ աղավաղում։

Մենք չենք ողջունում, երբ նոր տիպի կորոնավիրուսն օգտագործվում է մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումներ իրագործելու և ատելության խոսք տարածելու համար:

Տարածաշրջանային կայունության և խաղաղության առնչությամբ, այդ թվում համավարակի ժամանակ, Հայաստանը միացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ, որում համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արել կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։  

Սակայն մենք ականատես ենք լինում համավարակի ժամանակ լայնածավալ զորավարժությունների անցկացմանը և Հայաստանին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքների: Այս գործողություններն ունեն սադրիչ բնույթ և չեն նպաստում լարվածության նվազեցմանը:

Անդրադառնալով հակամարտություններին՝ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ուրույն անվտանգության միջավայրը, մշակութային և պատմական համատեքստը, հանգուցալուծման տարբեր դինամիկան և բովանդակությունը, որոնց հիման վրա էլ պետք է այն դիտարկվի: Հակամարտությունների հարցին անդրադառնալիս տարբերակումն անհրաժեշտ է:

Շնորհակալություն:

Տպել էջը