ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը և պատասխանները պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումներին. Մաս 1

04 մայիսի, 2020

Հարգելի պարո՛ն Ռուբինյան,

Պատգամավորներ, գործընկերներ

Կառավարության ծրագրի հաշվետվողականությունը ներկայացվում է մի ժամանակաշրջանում, երբ ողջ միջազգային հանրությունն ազգային մակարդակում և միջազգային համագործակցությամբ քայլեր է ձեռնարկում հնարավորինս արդյունավետ հասցեագրելու նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերները: Համավարակը մարտահրավեր է դարձել ամբողջ աշխարհի համար: Այդ մարտահրավերը առկա է քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում միջազգային անվտանգության և համագործակցության համար:

Մի կողմից բազմաթիվ ասպարեզներում կաթվածահար է եղել միջազգային համագործակցությունը, սակայն մյուս կողմից առավել է ընդգծվել դրա կարևորությունը հենց գլոբալ սպառնալիքների, կոնկրետ այս պարագայում համավարակի դեմ պայքարելու պայմաններում:

Մեր արտաքին քաղաքականության մեջ, մեր միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը: Ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել գլոբալ մարտահրավերներին առանձին: Առավել ևս երբ նման երկրների համար համագործակցությունը միջազգային կայունության և անվտանգության ապահովման կարևոր գործիք է: Այդ առումով մեզ համար թ՛ե համավարակից առաջ և թե՛ հիմա առաջնային խնդիրը եղել և մնում է մեկը՝ ապահովել մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը:

2019թ. հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը: Այդ սկզբունքներն առաջին անգամ հստակորեն ամրագրվեցին օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ, համաժողով, որը նորովի էր թե՛ բովանդակային և թե՛ կազմակերպչական ձևաչափով:

2019թ. ընդլայնվել և 2020թ. կշարունակի ընդլայնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը: 2019թ. Հայաստանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, 2020թ. փետրվարին ՀՀ֊ում բացվեց Սլովակիայի դեսպանությունը։ Եվս երեք եվրոպական երկիր՝ Սերբիան, Նիդերլանդները և Շվեդիան որոշում են ընդունել 2020թ. ընթացքում դեսպանություններ բացելու Հայաստանում և արդեն այս ուղղությամբ կատարել են կոնկրետ քայլեր: Նիդերլանդների կողմից արդեն իսկ նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը: Բացվել է ՀՀ դեսպանությունը Կատարում, Եթովպիայում, Իսրայելում։ Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Հայաստանը ամրապնդել է երկկողմ բարձր մակարդակի երկխոսության վրա հիմնված իր բազմաբնույթ և բազմաշերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ, ի թիվս այլոց՝ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Շարունակական քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ։

2019թ. ընթացքում  Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Այդ ընթացքում նաև մեծ ուշադրություն է դարձվել Միության՝ երրորդ երկրների հետ համագործակցության խորացմանը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երևանյան նիստին ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեկտեղ մասնակցել են Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Նիստում ստորագրվել են Շրջանակային համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին և համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին: Հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել 2018թ. մայիսին ստորագրված ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը։

Հայաստանի գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ վերընթաց զարգացում են ապրել թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ոլորտներում: 2019թ. զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. 2019թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված 40 մլն եվրոյի չափով աջակցությանը հավելվել է լրացուցիչ 25 մլն եվրո հովանոցային ֆոնդից: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցությունը 2017թ. և 2018թ. համեմատությամբ զգալիորեն աճել է:

Երկկողմ համագործակցության աշխուժացման ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականությանը զուգահեռ՝ Հայաստանը մասնակցել և ակտիվորեն ներգրավված է եղել եռակողմ ձևաչափի ստեղծման գործում: Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը պատմական, քաղաքակրթական արժեքների վրա հիմնված գործընկերություն է, որը բոլոր մասնակիցների ջանքերի շնորհիվ պետք է վերածվի գործնական համագործակցության հարթակի՝ ի շահ մեր ազգերի և ժողովուրդների: Համագործակցության այս նոր հարթակի նպատակն է համագործակցության օրակարգ ձևավորել՝ միտված տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը: Երևանում պետք է տեղի ունենար Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը, որը, սակայն, հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Սակայն մեր կանոնավոր շփումները շարունակվում են նաև այս պայմաններում, մասնավորապես վերջերս հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու առավել խորացումը: ԱՄՆ-ի հետ անցած տարվա ընթացքում հաստատված ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում: Միացյալ Նահանգների կառավարությունը ավելացրել է 2019թ. Հայաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի:

Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ համագործակցության ամրապնդումը և զարգացումը, այդ թվում տրանսպորտային և էներգետիկ փոխկապակցվածության շրջանակում:

Անցած տարի բավական ակտիվ է եղել երկկողմ համագործակցության զարգացումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ:

Մենք հետևողական ենք խորացնելու Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ բազմաոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով, և անցած տարի այս ուղղությամբ կարևոր քայլեր են կատարվել, մասնավորապես մեր երկրների միջև հաստատվել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ:

Մեզ հաջողվել է երկկողմ համագործակցության արդյունավետ ծրագրեր նախաձեռնել  և զուգահեռաբար ամրապնդել քաղաքական երկխոսությունը Հնդկաստանի հետ:

Ճապոնիայի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ նույնպես ունենք շոշափելի արդյունքներ, այդ թվում աղետների վտանգների կառավարման ուղղությամբ:

Փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի  երկրների հետ շարունակում է մնալ մեր առաջնայնություններում: Հայաստանի Հանրապետությունն ուշիուշով հետևում է Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներին և քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի Մերձավոր Արևելքում հայկական համայնքներին աջակցությունը: Անցած տարի մենք շարունակել ենք աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին մարդասիրական առաքելության շրջանակներում:

Արտաքին գերատեսչության երկարամյա աշխատանքի արդյունքում Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ: Սա ինչպես մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական վերափոխումների, այնպես էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի ներդրման գնահատականն է:

Այս առումով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ առաջնահերթության՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը, որին հանձնառության մեր հայտը ներկայացրել ենք դեռևս 1998թ., երբ Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնվեց և ընդունվեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված բանաձևը: Հետագա տարիների ընթացքում առավել շեշտադրում ենք կատարել ցեղասպանության կանխարգելման և զոհերի ոգեկոչման վրա, ինչի արդյունք էր 2015թ. ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության զոհերի արժանապատվության և հիշատակի, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման օրվա սահմանումը: Այս տարի մենք Մարդու իրավունքների խորհրդում ներկայացրել ենք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, որն ամփոփում է մինչ այդ արված աշխատանքը և ուրվագծում հետագա քայլերը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մնում է մեր կարևորագույն օրակարգային հարցը:

Անցած տարի Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի ոգեկոչման ուղղությամբ եղել են մի շարք միջազգային նախաձեռնություններ: Ֆրանսիան սահմանել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Դատապարտման և ճանաչման նախաձեռնություններ են ընդունվել Իտալիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից: Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2020թ. փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկային նշանակություն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանության հանցագործության կանխարգելման ամենագործուն քայլերից մեկն է: Այս առումով հատկանշանական են վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման ենթատեքստերը, որոնք պայմանավորված են ոչ միայն դրանք ճանաչած ժողովուրդների և հայ ժողովրդի միջև բարեկամական հարաբերություններով, այլև աշխարհում և  տարածաշրջանում նոր ողբերգությունները կանխարգելելու ձգտմամբ:

Փաստորեն մեր տարածաշրջանում՝ լայն ընկալմամբ, ձևավորվել է այն գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անվտանգության սպառնալիքը զսպող ուժ է:

Անցած տարի մենք ընդլայնել ենք ՄԱԿ-ում մեր օրակարգը: Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օր հռչակելու մասին Հայաստանի հեղինակած բանաձևը: Մարտի 22-ին Հայաստանը ստանձնեց ՄԱԿ Կանանց կարգավիճակով հանձնաժողովի (CSW) նախագահությունը երկու տարի ժամկետով` 2020-2021թթ. համար:

Դեկտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ. օրացույցում։

Գործնական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ: Հունիսին ազդարարվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ քառամյա 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկը, և երաշխավորվեց ծրագրի իրականացման անհրաժեշտ ֆինանսավորումը: Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրն արդյունավետ շրջանակ է հանդիսանում Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հռչակված ոլորտներում, ներառյալ՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար:

2019թ. ընթացքում Հայաստանի իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում է եղել մեր երկրի ՏՏ հնարավորությունների և այդ ուղղությամբ միջազգային համագործակցության հարթակների ձևավորումը. հոկտեմբերին Երևանում գումարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, հոկտեմբերի 30-31-ին Մոնակոյում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին Հայաստանի կողմից ներկայացվեց և միաձայն ընդունվեց գիտության, կրթության և թվային տնտեսության զարգացման գործում նորարարության ունեցած դերի վերաբերյալ բանաձև: Բանաձևի ընդունումը կարևոր քայլ է Ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը:

Այս նպատակով Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:

Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Այս պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման այցը:

Տարվա ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև, որը իրականացվել է Երևանում և Ստեփանակերտում պարբերական խորհրդակցությունների ձևով՝ տարբեր մակարդակներում: Հուլիսի 5-ին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների կողմից ստորագրվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների և Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև խորհրդակցություն՝ երկու ԱԳ նախարարների նախագահությամբ:

Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

Նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններն են.

Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձ և տեղում իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում;

Բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում և համակարգում;

Կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը:

Մեր գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Մասնավորապես, Չինաստանից չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։

Այս պայմաններում մեզ համար անգնահատելի է ԵՄ և անդամ երկրների, ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄԷ և Շվեյցարիայի կողմից տրամադրված օգնությունը և ծրագրված աջակցության փաթեթները։

ՌԴ, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր դարձավ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման արդյունավետ իրականացումը։

Նման համագործակցություն իրականացվել է բազմաթիվ այլ երկրների հետ, որի շնորհիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել մեր քաղաքացիներին:

Սա ամփոփ շրջանակն է, որ ես ցանկացա ներկայացնել, և, բնականաբար,  երկխոսության միջոցով կկարողանանք ավելի ընդարձակվել:

Շնորհակալություն:

Հովհաննես Իգիթյան. Շնորհակալություն, պարո՛ն նախարար: Ես զգացի, և տրամաբանորեն Ձեր ելույթի, զեկույցի մի մասը դրա մասին էր, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ԱԳ նախարարության վրա նաև լրացուցիչ բեռ է դրված: Ես ենթադրում եմ նաև, որ մեր քաղաքացիների դրսում գտնվելը կենթադրի նաև ֆինանսական ծախս: Պարզ է, որ միշտ էլ եղել է, բայց գնալով մենք տեսնում ենք, որ թվերը բավականին մեծանում են. հազարավոր մարդիկ արդեն դիմում են ԱԳՆ: Չեք կարծու՞մ, որ այս իրավիճակում, այն սովորական իրավիճակի համար նախատեսված մարդկային ռեսուրսները կարող են չբավականացնել, որովհետև շատ մարդիկ հիմա դրսում գտնվում են վատ վիճակում, և եթե այլ դեպքերում նրանք չէին նախատեսում վերադառնալ Հայաստան, ապա այսօր շատերը, կորցնելով իրենց աշխատանքը դրսում և լինելով Հայաստանի քաղաքացի, չտեսնելով օգնություն այդ երկրում, ցանկանում են վերադառնալ: Ինձ դիմում են դրսից, կարծում եմ՝ դիմում են նաև ԱԳՆ, և համոզված եմ, որ դա ինչ-որ ծախսերի հետ կապված կարող է լինել: Ինչպե՞ս եք նախատեսում այս մեծ բեռը իրականացնել առկա սահմանափակ միջոցներով: Այստեղ այլ խնդիր կա. այլ երկրներից տրանզիտի հարցը պետք է լուծեք այն երկրների միջոցով, որտեղ օտար քաղաքացիների մուտքն արգելված է: Այստեղ նաև շատ մեծ բեռ կա: 

Երկրորդ հարցը՝ նույնպես կապված իրավիճակի հետ: Միջազգային կազմակերպությունները, որոնք այս կամ այն ձևով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում իրականացնում էին մոնիտորինգը, այսօր ֆիզիկապես չեն կարողանում դա իրականացնել: Բայց հաշվի առնելով, օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Եվրախորհրդի հայտարարությունները՝ այս իրավիճակում զերծ մնալ ռազմական գործողություններից,  մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խախտում է թե՛ այստեղ, թե՛ Արցախում: Ինձ թվում է՝ այս մոնիտորինգի կամ տեղեկանքների բեռը պատրաստելը և միջազգային կառույցներին ներկայացնելը կրկին Ձեզ վրա է հիմնականում: Դա էլ է մարդկային ռեսուրսների, տեխնիկական և ծախսի հետ է կապված: Այդ երկու հարցերը ինչպե՞ս եք նախատեսում իրականացնել այս իրավիճակում: 

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Առաջին հարցի վերաբերյալ, բնականաբար, մեզ համար այստեղ ամենակարևոր խնդիրը կարողությունների և մեր քաղաքացիների առջև պարտավորության համադրումն է: Այս շրջանում՝ մարտի մեկից ի վեր, Հայաստան է վերադարձել մոտավորապես 63 հազար ՀՀ քաղաքացի: Մենք արդեն վաղ շրջանում հայտարարությունների էինք տարածում և քաջալերում մեր քաղաքացիներին օգտվել բոլոր հնարավոր առիթներից, ընդունել ողջամիտ որոշումներ՝ հաշվի առնելով համավարակի աճող վտանգը: Եվ բազմաթիվ մարդիկ օգտվեցին, այսինքն գնահատեցին իրավիճակը և որոշում ընդունեցին վերադառնալ Հայաստան, ընդհատել իրենց գործողություններն արտերկրում և արագացնել իրենց վերադարձը. յուրաքանչյուրն ըստ իրավիճակի որոշումներ էր ընդունում: Արդեն մարտի կեսին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրութուն, և արդեն ավելի ցայտուն էր համավարակն աշխարհում, 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը: 

Բացի այդ, անհրաժեշտ էր մշտապես և շատ ուշադիր գնահատել Հայաստանի կարողությունները՝ այդ ծավալները, այդ հոսքերը կառավարելու համար, որովհետև մենք պետք է համադրենք երկու կարևոր խնդիր. առաջինը, մեզ անհրաժեշտ է ապահովել Հայաստանում ներքին անվտանգությունը, այստեղ գտնվող քաղաքացիների անվտանգությունը: Այդ առումով կարանտինի պահանջը չափազանց ընդգծված է, և ես կարծում եմ, որ դա շատ ողջամիտ և ճիշտ է: Մենք ունեինք դեպքեր, երբ վերադարձած քաղաքացիները եղել են վարակի տարածման աղբյուր, և կարանտինը շատ արդարացված որոշում է: Կարանտինը նշանակում է կարողություններ, ռեսուրս, որքան մարդ մենք կարող ենք ապահովել կարանտինով: 

Բացի այդ, օդային ուղևորափոխադրումները խախտված են, և հաշվի ենք առնում, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք հայտնվում են ծանր իրավիճակում: Այս ամենը համադրելով, ամեն դեպքն առանձին գնահատելով՝ փորձում ենք հավասարաչափ ծրագրել տարբեր երկրներից, տարբեր տարածաշրջաններից մեր քաղաքացիների հոսքերը բոլոր դեսպանությունների և ԱԳՆ կենտրոնական ապարատի, պարետատան, պարետի, առողջապահության նախարարի, քաղավիացիայի, բազմաթիվ այլ գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև մեր տարբեր գործընկերների աջակցությամբ  և ներգրավմամբ, տարբեր համայնքային կառույցների ներգրավմամբ: Բոլոր օղակները օգտակար են եղել, որ մենք կարողանանք այդ ամենը կառավարել: 

Մարտի 15-ից սկսած մինչև մայիսի 6-ը մոտավորապես հետևյալ հոսքերն են եղել դեպի Հայաստան. ամեն ինչն առանձին գնահատելու, համադրելու և համաչափ հոսքերն իրականացնելու վրա է հիմնված եղել: Մարտի 15-ին 67 քաղաքացի Հռոմից անվճար տեղափոխվել է Հայաստան: Վրաստանից նույն օրը 115 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան՝ նույնպես անվճար: Անգոլայից 24 քաղաքացի է տեղափոխվել: Լեհաստանից մարտի 28-ին՝ 14 քաղաքացի անվճար: Մարտի 31-ին 68 քաղաքացի Հնդկաստանից անվճար տեղափոխվել է Հայաստան: Ապրիլի 6-ին 234  քաղաքացի Մոսկվայից վերդարձել է Հայաստան, որից 80-ը՝ անվճար: Ապրիլի 7-ին Մոսկվայից 226 քաղաքացի է վերադարձել, որից 150-ը՝ անվճար: Ապրիլի 4-ին Թել Ավիվից 10 քաղաքացի է անվճար վերադարձել: Ապրիլի 10-ին Վաշինգտոնից 35 քաղաքացի է վերադարձել անվճար: Ապրիլի 4-ին Թուրքիայից 73 քաղաքացի է անվճար վերադարձել: Ապրիլի 12-ին Մոսկվայից 230 քաղաքացի է վերադարձել, որից 200-ը անվճար: Ապրիլի 13-ին Սուդանից 8 քաղաքացի է վերադարձել: Ապրիլի 19-ին Կրասնոդարից 100 քաղաքացի անվճար վերադարձել է Հայաստան: Ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից 100 քաղաքացի անվճար վերադարձել է Հայաստան: Ապրիլի 21-ին Արաբական Միացյալ Էմիրություններից 18 քաղաքացի է վերադարձել: Ապրիլի 22 Մոսկվայից 205 քաղաքացի է վերադարձել՝ 170-ը անվճար: Ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքով 230 քաղաքացի է վերադարձել, որից 150-ը՝ անվճար: Ապրիլի 24-ին, Բաղդադից 21 քաղաքացի է վերադարձել՝ բոլորն անվճար: Ապրիլի 27-ին Վարշավա-Մինսկ թռիչքով 18 քաղաքացի է վերադարձել: Ապրիլի 28-ին Կիևից 150 հոգի է վերադարձել անվճար, ապրիլի 29-ին Դամասկոսից 18 քաղաքացի է վերադարձել անվճար։ Մայիսի 2-ին Վենետիկից 5 քաղաքացի է անվճար վերադարձել, մայիսի 3-ին Քուվեյթ-Թբիլիսի-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 9 քաղաքացի, մայիսի 4-ին Բեյրութից 20 քաղաքացի են վերադառնում։ Նախատեսվում է, որ մայիսի 6-ին Ալմաթիից Հայաստան կվերադառնան 30 քաղաքացի: Մայիսի 6-ին Ամման-Թբիլիսի-Երևան չվերթով 12 քաղաքացի ենք նախատեսում վերադարձնել, 12-ն էլ՝ անվճար։ Իմ նշած բոլոր այս անվճար վերադարձների ապահովումը թե՛ Հայաստանի կառավարության կողմից իր վրա վերցրած ծախսերի, թե՛ տարբեր գործընկեր կառույցների, անհատների ջանքերի համադրություն է։ 

Բոլոր չվերթներն իրականացվել են ըստ հնարավորությունների, որովհետև, եթե եղել է հնարավորություն, որ, օրինակ, օդանավը գալիս է Թբիլիսի, մենք կազմակերպում ենք, որ մենք տեղափոխենք մեր քաղաքացիներին։ Չվերթը կազմակերպելու ձևերը բազմաթիվ են. կառավարությունների, ավիացիոն կազմակերպությունների, տարբեր համայնքների հետ համագործակցությամբ կազմակերպում ենք մեր քաղաքացիների վերադարձը։

Հնդկաստանից՝ Կալկաթայից, մեր 60 ուսանողներին, Հնդկաստանի իշխանությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ, կարողացանք վերադարձնել Հայաստան։ Յուրաքանչյուր դեպք, ըստ կարողության, ըստ հնարավորության, գնահատվում է և իրականացվում։ Ընդհանուր առմամբ, տեսնում եք, որ բավական մեծ թվով քաղաքացի՝ 2035 հոգի, վերադարձել է Հայաստան, որից 1537-ը ավճար: Թե ինչպես ենք մենք դա կազմակերպել, այլ հարց է։ 

Մյուս հարցը, որը նույնպես մեր մարտավարության մաս է, այն, որ երբ անհնար է կազմակերպել վերադարձը, փորձում ենք նաև գնահատել և գտնել տարբերակներ՝ ինչպես թեթևացնենք բեռը մեր քաղաքացիների համար, երբ նրանք մնում են տվյալ երկրում: Այս առումով բավական մեծ ծանրաբեռնվածություն առկա է ՌԴ-ում: Իրապես, Մոսկվայում մեր դեսպանության և ՌԴ հարավում և հյուսիսում մեր հյուպատոսությունների աշխատանքը եղել է չափազանց լարված։ Գործ ունենք անհատների հետ, մեր քաղաքացիների հետ, որոնք գտնվում են ճգնաժամային իրավիճակում, և այս իրավիճակում մարդիկ տարբեր ձևով են արձագանքում, արտահայտվում, ինչը բնական է։ Մեզ մոտ կա իրավիճակի ամբողջ ընկալումը: Համագործակցելով համայնքային կառույցների հետ՝ օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր քաղաքացիներին տեղավորենք կեցավայրերում, ապահովենք սննդով։ Մեզ մոտ դեռևս քաղաքացիների մեծ ցանկ կա, որը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պետք է շարունակենք իրականացնել այդ ամենը: Սակայն նորից նշեմ՝ այս ամենը կատարվում է հստակ հաշվարկված, պարետի, պարետատան հետ համագործակցությամբ, Առողջապահության նախարարության և մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ։ Եվ մենք գնահատում և որոշում ենք ընդունում՝ ինչպիսին են այստեղ մեր քաղաքացիներին ընդունելու և  անհրաժեշտ առողջապահական գործառույթներն ապահովելու կարողությունները, երբ իրենք հասնում են Հայաստան: Սա էր առաջին հարցի պատասխանը։ 

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին․ այս շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կապը եղել և մնում է անմիջական և մշտական։ Մենք մնում ենք շատ սերտ կապի մեջ և շարունակում ենք տարբեր քննարկումներ՝ առաջին հերթին, իրավիճակին արձագանքելու և զինադադարի ռեժիմը պահպանելու առումով։ Ընդհանուր առմամբ այս իրավիճակում պահպանվում է համեմատաբար հանգիստ վիճակ, բայց մենք անմիջապես ենք արձագանքում յուրաքանչյուր զարգացման, որն անհանգստության առիթ է տալիս։ 

Մենք միացանք և արձագանքեցինք թե՛ համանախագահների հայտարարությանը, թե՛ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությանը: Գլոբալ զինադադարի պահպանման և, մասնավորապես, մեր տարածաշրջանում զինադադարի պահպանման առումով այդ ամենը արտահայտվեց թե՛ համանախագահների հայտարարության մեջ, թե՛ մեր համատեղ հայտարարության մեջ, որը արդյունք էր ապրիլի 21-ի մեր տեսակոնֆերանսի։ Ներկայիս պայմաններում զինադադարի պահպանումը, կարծում եմ, էական է բոլորի համար, բոլոր երկրների համար,  ներառյալ տարածաշրջանում: Այսօր առաջնային, գերակա խնդիրը համավարակի դեմ պայքարն է, և սա պատասխանատվություն է մեր հասարակությունների առջև․ որքան մենք ենք կրում պատասխանատվություն, այդքան էլ, վստահ եմ, Ադրբեջանը պետք է կրի պատասխանատվություն՝ ուղղելու բոլոր իր ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարին։ Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը, սա է ամենակարևոր հարցը, որը մեր ուշադրության կենտրոնում է ներկայիս փուլում։  

Շարունակությունն այստեղ

 
Տպել էջը