Զոհրաբ Մնացականյանի խոսքը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումի բացման նիստին

10 Դեկտեմբերի, 2018

Ձերդ գերազանցություն, Հայաստանի նախագահ պարոն Արմեն Սարգսյան,
Գերաշնորհ արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք, հարգելի բարեկամներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ հետընտրական Հայաստանի առաջին օրը։ Բարի գալուստ Երրորդ գլոբալ ֆորում։ Բարի գալուստ Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի թանգարան և ինստիտուտ, գիտության, գաղափարի, արարման և կրթության կոթող, որն արտացոլում է Հայաստանի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության բազմադարյա ժառանգությանը՝ հանդիսանալով պատնեշ մարդկային էության մութ կողմի դեմ, խտրականության, ատելության և անհանդուրժողականության դեմ։ Եվ այսօր մենք հավաքվել ենք հենց այդ պատճառով՝ քննարկելու վերջիններիս կանխարգելման ուղիները:

Բարի գալուստ Հայաստան մի ժամանակահատվածում, երբ միջազգային հանրությունը նշում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը։ Յոթանասուն երկու տարի առաջ ՄԱԿ-ն ընդունեց Հնդկաստանի, Կուբայի և Պանամայի կողմից առաջադրված 96/1 կարևորագույն բանաձևը, որն ամրագրեց «ցեղասպանություն» տերմինը և որն ուղի հարթեց երկու տարի հետո՝ 1948թ․ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի  «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման համար։ Դա մասնավորապես մեկ մարդու՝ Ռաֆայել Լեմկինի հաղթանակն էր, ով իր ողջ կյանքը նվիրել էր մարդկության խիղճը ցնցող այս հանցագործության դեմ պայքարին. ցեղասպանության հանցագործության։

Նաև բարի գալուստ Հայաստան այն օրը, երբ միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը, որը հենց այսօր է։ Կրկին յոթանասուն տարի առաջ՝ 1948թ․, փորձագետների մի մեծ խումբ հավաքվել էր նախագծելու մի կարևոր փաստաթուղթ, որը հետագա յոթանասուն տարիների ընթացքում դարձավ այն, ինչը հետագայում ընկած էր համաշխարհային և միջազգային մակարդկով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի ստեղծման հիմքում: Եվ ևս մեկ լավ օր է՝ ճանաչելու և հիշելու Էլեանոր Ռուզվելտի գլխավորությամբ այդ փորձագետների, ինչպես նաև այնպիսի նշանավոր իրավաբանների ժառանգությունը, ինչպիսիք են Չարլզ Մալիկը, Ուիլյամ Հաչսոնը, Ֆերնանդ Սանտա Կրուզը, Ջոն Համֆրին, Ռենե Կասանը, Պեն Չուն Չանգը, Ալեքսանդր Բոգդանովը։

Յոթանասուն տարիների ընթացքում ՄԱԿ-ը բավականին հաջող գործունեություն է իրականացրել հիմնելու ազգերին համախմբելու նշանակալի հիմնասյուներ, որպեսզի նրանք աշխատեն խտրականության, մարդու իրավունքների ոտնահարման դեմ՝ հանուն մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների պաշտպանության։ Երկու համաշխարհային պատերազմ էր հարկավոր ճանաչելու մարդկության ուշադրության շեղման և մարդու ինքնության ոչնչացման ավերիչ բնույթը։    

Յոթանասուն տարի հետո մենք ունենք իրավական ամուր մարմին և գործնական մեխանիզմներ համախմբված կերպով արձագանքելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին։ Քսան տարի առաջ Հայաստանը նախաձեռնեց մի գործընթաց, որը նպատակ ուներ միջազգային համագործակցությունը, միջազգային ջանքերը մեկ մակարդակ վերև բարձրացնել՝ ամրապնդելու հանցագործությունների կանխարգելման գաղափարը։ Կոնվենցիայի 50-ամյակի ժամանակ Հայաստանը հանդես եկավ բանաձևի առաջարկով՝ վերստին հիշեցնելու միջազգային հանրությանը, որ կա մի այնպիսի փաստաթուղթ, որն ավելի քան երբևէ արդիական է և որը պահանջում է ճանաչում, ջանք, իրականացում, հատկապես ազգային մակարդակում, որը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առաջնային մակարդակն է։ Հետագայում մենք զարգացրեցինք կանխարգելման միջազգային փափուկ իրավունքը։

Դեռևս 2004թ․ մենք նշեցինք և աջակցեցինք այն ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ջանքերն՝ ուղղված ՄԱԿ-ում հատուկ մարմնի ստեղծմանը։ Նրա ձգտումները փոքր-ինչ ավելին էին, սակայն ՄԱԿ անդամները, ցավոք, նվազեցրեցին դրանք։ Այժմ մենք ունենք Գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակ։ Կարծում եմ՝ մենք ՄԱԿ-ում բավական հիմնավոր հիմքեր ենք ստեղծել միջազգային հանրության շրջանակներում ցեղասպանության ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և այդ հանցագործության դեմ միջազգային ջանքերի ամրապնդման համար։ Եվ ես մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադամա Դիենգին այս օրակարգն առաջ մղելու ուղղությամբ գործադրած իր բոլոր աննկուն ջանքերի համար։

2015թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մի բանաձև, որով դեկտեմբերի 9-ը հայտարարեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2005թ․ ի վեր մինչ 2018թ․ մենք առաջ ենք մղել ցեղասպանության հանցագործության կանխարգելման մեթոդը, և դա շարունակական բնույթ է կրում։

2015թ․ Հայաստանը հենց այս ֆորումի ձևավորմամբ ևս մեկ ներդրում կատարեց այս միասնական ջանքերին: Եվ ես խորապես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ՝ հայտնի գիտնականներ, գիտակրթական հատվածի հայտի ներկայացուցիչներ, օրենքի մասնագետներ, գործիչներ, այսօր այստեղ՝ Հայաստանում, հավաքվելու համար մշակելու կանխարգելման մեթոդ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա:  

70 տարի հետո, Կոնվենցիայի 70-ամյակին մենք, ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը։ Ցեղասպանության հանցագործությունը չի վերացել միջազգային օրակարգից։ Ցեղասպանության ռիսկերը չեն անհետացել միջազգային օրակարգից։ Մենք ապրում ենք անհանգիստ աշխարհում, մենք ապրում ենք աճող ծայրահեղականության, պոպուլիզմի, խտրականության, անհանդուրժողականության աշխարհում։ Մենք ապրում ենք մի վտանգավոր աշխարհում, որտեղ մարդու իրավունքները հետ են մղվում, և սա շատ վտանգավոր է։

Մենք գիտենք, որ սա մարտահրավեր է սոցիալական մեդիայի և գաղափարների տարածման դյուրացման դարաշրջանում. ցավոք սա խողովակ է տարածելու բոլոր տեսակի գաղափարներ, ներառյալ նաև նրանց, ովքեր սերմանում են անհանդուրժողականություն, խտրականություն, ատելության փառաբանում։ Սա մարտահրավեր է ազգային, տարածաշրջանային, միջազգային մակարդակներում։ Սա այսօրվա Երրորդ Գլոբալ Ֆորումի գաղափարն է։

Ես շատ շահագրգռված եմ  տեսնելու վերջնարդյունքը, գաղափարների և մտքերի փոխանակում այն ուղիների շուրջ, թե ինչպես կարող են այս երկու օրվա քննարկումները օգտակար լինել, և այն բարձրացնել մեկ մակարդակ վերև՝ ՄԱԿ օրակարգ, տարածաշրջանային և ազգային մակարդակ, այնպես, որ մենք կարողանանք ներդրում ունենալ մեր կարողության հետագա ինստիտուցիոնալ ամրապնդման հարցում, որպեսզի դիմագրավենք ցեղասպանական միտումներին, որոնք սերմանում են մասսայական ոճրագործությունների ռիսկեր։

Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ Երրորդ գլոբալ ֆորումին։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկում համաժողովի ընթացքում և գործնական արդյունքներ։

Շնորհակալություն։

 

 

Տպել էջը