Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը

13 Սեպտեմբերի, 2018

Շնորհակալություն:
Պարո՛ն  նախագահ,
Տիկի՛ն Գերագույն հանձնակատար,
Պարո՛ն Հատուկ խորհրդական,
Քննարկման հարգարժա՛ն մասնակիցներ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Իրապես ոգևորիչ է վերադառնալ Ժնև՝ Մարդու իրավունքների խորհուրդ` ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի դեսպանի առաքելությունն ավարտելուց ուղիղ տասը տարի անց: Ուղիղ տասը տարի է անցել նաև այն պահից, երբ 2008թ. մարտի 28-ին Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Հայաստանի հովանավորած առաջին՝ 7/25 բանաձևը: Այդ ժամանակից ի վեր մենք կանոնավոր և հետևողական զարգացրել ենք կանխարգելման նորմատիվ շրջանակը: Ինձ համար հատկապես խորհրդանշական է այս քննարկմանը մասնակցել հարգարժան բանախոսների հետ միասին, ովքեր մեծ փորձ ունեն և խորապես նվիրված են կանխարգելման օրակարգն առաջ մղելուն՝ թե՛ միջազգային և թե՛, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում: Այս միջոցառումը տեղի է ունենում այս Խորհրդի միաձայն որոշման արդյունքում, ինչպես արտացոլված է 37/26 բանաձևի համապատասխան պարբերությունում:

1998թ․ ի վեր 20 տարի շարունակ Հայաստանը հետևողականորեն աշխատել է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողության ձևավորման ուղղությամբ։ Հետևապես, սա հնարավորություն է իմ այս նոր պաշտոնում և հենց այս ամբիոնից վերահաստատել Հայաստանի հստակ հանձնառությունը և վճռականությունը մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

Այս քննարկմանը պատիվ ունեմ շրջապատված լինել կանխարգելման հարցում բացառիկ համբավ և փորձառություն ունեցող անձանցով: Ցանկանում եմ շնորհավորել Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին նշանակման կապակցությամբ և հայտնել Հայաստանի անսասան աջակցությունը: Ես առանձնապես ուրախ եմ այս քննարկմանը մասնակցել Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ: Նյու Յորքում մենք բավականին հետևողական աշխատել ենք այս օրակարգի շուրջ, սկսած 2015 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 69/323 բանաձևով միաձայն հռչակեց դեկտեմբերի 9-ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Միասին մենք հաստատակամ էինք միջազգային օրը որպես ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգի առաջմղման համար կարևոր հարթակ օգտագործելու հարցում: Այսօր բոլոր հարգարժան մասնակիցների հետ միասին մենք դա անում ենք Ժնևում:

Նախքան առաջ անցնելը և հաշվի առնելով, որ գալիք դեկտեմբերի 9-ը խորհրդանշում է Կոնվենցիայի 70-ամյակը, ես կցանկանայի հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Ռաֆայել Լեմկինին, ականավոր իրավաբանին, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր ինքնիշխանության ստվար քողի ներքո սպանելու իրավունքի դեմ պայքարին, ցեղասպանության իրավական եզրույթի մշակմանը և ինքնիշխան պետություններին իրենց բնակչությունը ցեղասպանության հանցագործությունից պաշտպանելու հարցում պատասխանատու դարձնելուն: Իհարկե կցանկանայի հարգանքի տուրք մատուցել նաև այդ դաժանությունների, զանգվածային հանցագործությունների և ցեղասպանությունների դեմ կանգնելու և դրանք կանխարգելելու դժվարագույն մարտահրավերն ընդունած յուրաքանչյուր ազգային և միջազգային գործչին, իրավապաշտպանին, փորձագետին և մասնագետին: Մասնավորապես ցանկանում եմ հիշատակել Բենջամին Ուիթաքերին, ով դեռևս 1985թ. «Ուիթաքերի զեկույց» ուղենշային փաստաթղթի մեջ առաջին անգամ նախաձեռնեց ցեղասպանությունների կանխարգելմանն առնչվող անաչառ միջազգային կառույցի ստեղծման գաղափարը: Ցավոք, երկար ժամանակ և նոր ցեղասպանություններ պահանջվեցին մինչև միջազգային հանրությունն ուշադրություն դարձրեց նրան, ինչ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը որակել էր որպես «հանցակցություն չարիքի հետ», և 2004թ. հաստատեց նրա առաջարկը ցեղասպանության կանխարգելման համար շոշափելի, բայց դեռևս համեստ մեխանիզմների վերաբերյալ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հատուկ խորհրդական Դիենգին և բոլոր նրա նախորդներին այս կազմակերպության գործելաոճն արձագանքումից կանխարգելմանը վերափոխվելու ուղղությամբ հետևողական քայլերի համար: Ցանկանում եմ շնարհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ցեղասպանության Կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով Հատուկ խորհրդականների համատեղ գրասենյակը պահպանելու հանձնառության, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ նախազգուշացման և կանխարգելման ուղղությամբ վաղ գործողությունների վճռական գործառույթներին ցուցաբերած մշտական աջակցության համար:

Սա 21-րդ դարն է: Այս տարի մենք նշում են 70 տարին, ինչ ընդունել ենք Կոնվենցիան և պարտավորվել այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումն այն ժամանակ, երբ այս առումով մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք:

Ցեղասպանությունները գուցե հաճախ չեն իրագործվում, սակայն, որքան էլ հազվադեպ լինեն, դրանք ծանրագույն հանցագործություններ են: Նման հանցագործությունների վերաբերյալ իրավական նորմերի անհրաժեշտության հարցում թերահավատներին ուղղված Լեմկինի փաստարկը ցեղասպանությունների թիրախային խմբի անվերադարձ կորստն էր, մինչդեռ ցեղասպանություն վերապրածներն ընդմիշտ զրկվում են իրենց ինքնության կարևորագույն մասից: Սա մենք գիտենք սեփական փորձից:

Դեկտեմբերի 9-ից չորս ամիս առաջ հիշեցնում եմ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վավերացման և դրան միանալու վերբերյալ հիասթափեցնող վիճակագրության մասին: Միավորված ազգերի կազմակերպության անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումն այս կարևորագույն միջազգային գործիքին: Կոնվենցիայի 70-ամյակի նախօրեին և որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում, Հայաստանը միանում է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին:

Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ միչև զանգվածային հանցագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ: Կանխարգելումը նախևառաջ ենթադրում է իրավական և ինստիտուցիոնալ կարողություններ՝ հաստատակամորեն հիմնված պետությունների իրավասության ներքո գտնվող բոլորի հիմնարար մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և խթանման քաղաքական և բարոյական պատասխանատվության վրա: Բոլորի համար մարդու իրավունքներն ապահովելու անբավարար կարողությունները ստեղծում են  ինքնությամբ պայմանավորված իրավունքների խախտման վտանգներ, որոնց ծայրահեղ դրսևորումը, ինչպես բոլորս շատ լավ գիտենք, ցեղասպանությունն է, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Մարդու հիմնարար իրավունքների հետևողական և վճռորոշ պաշտպանությունը սահմանում է կանխարգելելու պատասխանատվության հասկացությունը: Անշուշտ, կանխարգելումը պետք է դիտարկել որպես առաջին հերթին պատասխանատվություն ազգային մակարդակով: Ամուր ազգային կառույցները, ակտիվ, բազմազան և առողջ քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը և գիտական շրջանակները նպաստում են թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Միջազգային մակարդակում կանխարգելումը պահանջում է շարունակական և միասնական մոտեցում և գործողություններ բոլոր ուղղություններով՝ փոխկապակցված անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների երեք հիմնասյուներով: Մարդու իրավունքները և ՄԱԿ համակարգի ներքո կանխարգելիչ մեխանիզմները տարիներ շարունակ ձևավորել են ռիսկային իրավիճակների կանխատեսման, վաղ նախազգուշացման նշանների հավաքագրման ու ուսումնասիրման և անդամ երկրներին տեղեկացման զգալի կարողություններ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մեխանիզմների դերը և գործառույթները, Գերագույն հանձնակատարի գրասենյակը, հատուկ ընթացակարգերը, պայմանագրային մարմինները և Համընդհանուր պարբերական զեկույցի գործընթացն արժանի են մշտական ուշադրության և կիրառման, քանի որ դրանք իրապես լիովին համապատասխանում են վաղ կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների ապահովելուն: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, մասնավորապես, Հատուկ խորհրդականի գործնական առաջարկների վրա, որոնք վերաբերում են ՄԱԿ շրջանակներում պարբերաբար և համակարգված մոտեցմանը՝ ուղղված տեղեկատվության հավաքագրմանը, վերլուծությանը և վաղ նախազգուշացման նշանների տարածմանը, ինչպես նաև վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերի զարգացման ուղղությամբ տարածաշրջանային կառույցներին և անդամ պետություններին աջակցելուն: Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի համակարգը պետք է վճռական լինեն՝ արձագանքելու խտրականության բոլոր դրսևորումներին և խոցելի խմբերի թիրախավորմանը, ատելության քարոզին, ծայրահեղականությանը և ատելություն սերմանելուն: Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնարար խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը:

Եվ վերջում, պարոն նախագահ, մարդու իրավունքների հարգանքի մշակույթի խրախուսման հարցում կրթության դերը կանխարգելման անփոխարինելի գործառույթներից է: Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: 2018թ. դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք երրորդ գլոբալ ֆորումը կհամախմբի մի շարք գիտնականների և ցեղասպանության կանխարգելման մասնագետների և մասնավորապես կենտրոնացած կլինի կրթության դերի վրա: Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում: Խոսքս կավարտեմ վերահաստատելով այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ:

Տպել էջը