ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվան նվիրված ընդունելությանը

03 հուլիսի, 2018

Մեծարգո՛ պարոն դեսպան,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-ամյակի կապակցությամբ:

Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաստատել են բարեկամության և գործընկերության սերտ հարաբերություններ: Մենք արձանագրել ենք բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք հպարտության և ոգեշնչման աղբյուր են: Եվ դրանցից ամենաթարմն այս օրերին Վաշինգտոնի սրտում ընթացող Սմիթսոնյան հաստատության փառատոնն է, որը նվիրված է Հայաստանին:

Պարո՛ն դեսպան, Դուք ասացիք՝ որքան ոգևորություն է բերում այդ փառատոնը  Միացյալ Նահանգների բարեկամների շրջանակներում, և իսկապես վստահ եմ, որ նրանցից շատերը կուզեն գալ Հայաստան, վայելել մեր հյուրասիրությունը և հյուրընկալությունը այստեղ՝ Հայաստանում:

Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգներն անգնահատելի աջակցություն են ցուցաբերել մեր երկրի ամենատարբեր ոլորտների զարգացմանը: Այսօր դրանցից կցանկանայի նշել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանի խաղաղապահ կարողությունների ընդլայնմանը միտված ծրագրերը: Քաղաքական երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ կրում է մշտական և շարունակական բնույթ, և մեր նպատակն է էլ ավելի խորացնել այն:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը և Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհուրդը կարևոր հարթակ են հանդիսացել մեր տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Եվ մենք ակնկալում ենք սերտ աշխատել դրանց առավել աշխուժացման, փոխգործակցության ընդլայնման, ներդրումների նոր հնարավորությունների բացահայտման, առկա ներուժի ողջ ծավալի օգտագործման ուղղությամբ:

Չեմ կարող գոհունակությամբ չնշել նաև այն մեծ ավանդը, որը հայ-ամերիկյան հարաբերություններում ունի ամերիկահայ համայնքը և որը բազմաթիվ տեսանելի և աներևույթ կամուրջներով իրար է կապում մեր երկրներն ու ժողովուրդները:

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ներդրած ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը:

Ձերդ Գերազանցություն,

Այստեղ գալիս Ձեր հայրենակիցներից մեկի կողմից արված մի միտք հիշեցի՝ «Կառավարությունը ստեղծվում է ընդհանուր բարիքի, պաշտպանության, ապահովության, բարգավաճման և մարդկանց երջանկության, այլ ոչ թե որևէ անհատի, ընտանիքի կամ մարդկանց խմբի շահույթի, պատվի կամ մասնավոր շահի համար: Հետևապես, միայն ժողովուրդն ունի անվիճելի, անօտարելի և անքակտելի իրավունք՝ հիմնելու կառավարություն, ինչպես նաև բարեփոխելու, վերափոխելու կամ հիմնովին փոխելու այն, երբ դա է պահանջում իրենց պաշտպանությունը, ապահովությունը, բարգավաճումը և երջանկությունը»: Սրանք ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի՝ Ջոն Ադամսի խոսքերն են: Եվ այսօր դրանք շատ արդիական են: Ես կմեջբերեմ ԱՄՆ մեկ այլ նախագահի՝ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը, ով ասել է՝ կառավարությունը լուծում չէ, այլ խնդիր: Ուստի յուրաքանչյուր կառավարության համար մարտահրավերն է չդառնալ խնդիր: Հայաստանն իր պատմության մեջ կարևոր փուլ անցավ, և Ձեր երկիրը հիմնարար ներդրում ունեցավ դրանում՝ դուք մշտապես աջակցել եք Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը, հայ հասարակության քաղաքական հասունության և իրավագիտակցության զարգացմանը, ինչն այս տարիների ընթացքում իր արդյունքն ունեցավ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունեցավ Հայաստանում, Հայաստանի համար և հայերի կողմից։

Եվ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ հայ-ամերիկյան հարաբերություններում Ձեր ունեցած անձնական ներդրման համար։ Դուք Լուիզիանա նահանգից եք։ Դա այն բազմաթիվ վայրերից մեկն է ԱՄՆ-ում, որտեղ ես չեմ եղել։ Գիտեմ, որ Ձեր նահանգը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային ժառանգության մեջ իր ջազ երաժշտության մշակույթով։ Վստահ եմ՝ հյուրերն ակնկալում են երաժշտության մեկնարկը, ուստի ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հյուրընկալության, ծանր աշխատանքի, այն բոլոր ջանքերի համար, որ Դուք գործադրում եք լավ հարաբերությունների ուղղությամբ։

Շնորհակալ եմ։

Տպել էջը