ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային խորհրդարանի հանդիսավոր բացման արարողությանը

11 մայիսի, 2016

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ,
Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի հարգելի պարոն նախագահ,
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական հանձնախմբի հարգելի տիկին նախագահ,
Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի հարգելի նախագահ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ազգային ժողովին և վերջինիս նախագահ պարոն Գալուստ Սահակյանին, ում ներկայացնում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Էդուարդ Շարմազանովը՝ այս ծրագրի իրականացումը խրախուսելու համար՝ այդպիսով վերահաստատելով նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական նախաձեռնություններին:

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, վերջինիս գլխավոր քարտուղար պարոն Պասկալ Տեռասին, անձամբ Ձեզ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրար` այս երիտասարդական կառույցի ստեղծման գործում հայկական խորհրդարանին աջակցելու համար:

Երևանում Ձեր գտնվելը վկայում է այն ողջ կարևորությունը, որ խորհրդարանական ֆրանկոֆոնիան ցուցաբերում է Երիտասարդների խորհրդարանների ստեղծմանը, որը հանդիսանում է երկխոսության հարթակ և միտված է` խրախուսելու նոր սերնդի մասնակցությունը քաղաքացիական կյանքին:

Այս նախաձեռնությունը առանձնահատուկ կարևորություն ունի:

Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծումը նախևառաջ հօգուտ Ֆրանկոֆոնիայի Հայաստանի հանձնառության ևս մեկ վկայությունն է:

Այն նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ մեզ միավորող կապերի որակի և Ֆրանկոֆոնիայի հետ մեր հարաբերություններում խորհրդարանական ձևաչափի կարևորության ցուցանիշն է:

Ի վերջո, այն հասարակական կյանքում երիտասարդության զբաղեցրած կարևոր դիրքի և նրա անսահման ներուժի արժևորման անհրաժեշտության ապացույցն է:
Ուրախ եմ, որ այստեղ հավաքված երիտասարդները ներգրավված են այս ծրագրում: Ցանկանում եմ, որ նրանք լիովին օգտագործեն երկխոսության այս հարթակը և իրենց ներդրումն ունենան բաց և այլոց կարծիքը հարգող քննարկումներում:

Այս խորհրդարանի առաքելությունն է նպաստել խաղաղության, քաղաքացիական գիտակցության, հանդուրժողականության և երկխոսության ոգու տարածմանը և գործել հանուն ժողովրդավարության ուսուցման:

Այսպիսին եմ տեսնում այս ոգեշնչող նախաձեռնությունը, որում դուք ներգրավված եք:

Հուսով եմ, որ դուք ձեր նշանակալի ներդրումը կունենաք այսօր աշխարհին հուզող արդի կարևոր հարցերի շուրջ ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների նախաձեռնած քննարկումներում:

Համոզված եմ, որ արժանապատվորեն կներկայացնեք հայ երիտասարդությունը ֆրանկոֆոն երիտասարդների կարևոր հանդիպումների ժամանակ և կխրախուսեք Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները:

Մաղթում եմ հաջողություն ձեր աշխատանքներին: 

Տպել էջը