ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում
03 մարտի, 2011Պարոն նախագահ,
Գլխավոր քարտուղար,
դեսպաններ,
տիկնայք եւ պարոնայք,
Ես ուրախ եմ այսօր գտնվել այստեղ եւ ելույթ ունենալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ: Կարծում եմ՝ կարեւոր է անձնապես կիսել ձեզ հետ որոշ մտորումներ, որոնք այսօր արդիական են ոչ միայն Հայաստանի, այլեւ այս ողջ կազմակերպության համար՝ որպես մեկ ամբողջության:
Այս տարին, հիրավի, խորհրդանշական է ԵԱՀԿ անդամ մի շարք երկրների համար, որոնք նշում են իրենց անկախության 20-ամյակը: Նոր քաղաքական իրավիճակը, որը ձեւավորվել է մոտ երկու տասնամյակ առաջ, զգալիորեն ձեւափոխել է անվտանգության միջավայրը եվրոատլանտյան տարածաշրջանում: ԵԱՀԿ համայնքը ընդգրկել է նոր երկրներ՝ համակողմանի, հավասար եւ անքակտելի, բաժանարար գծերից զերծ անվտանգության տարածաշրջանի ընդհանուր տեսլականով, որտեղ ազատություններն ու մարդու իրավունքները հարգվում են:
ԵԱՀԿ-ն կարեւոր դեր ունի անվտանգությանը եւ համագործակցությանը վերաբերող հարցերի լուծման մեջ: Այս տարածաշրջանային փխրուն իրադրության պայմաններում մենք այն դիտարկում ենք որպես մեր անվտանգության արժեքավոր բաղադրիչ:
Հայաստանը պատրաստ է Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների ոգով եւ դրանց համաձայն, իր ներդրումն ունենալ այս կազմակերպությունը ակտիվացնելու գործում՝ դարձնելով այն ավելի ուժեղ, ավելի հուսալի, արդյունավետ եւ օպերատիվ:
Երկու տարի առաջ մեկնարկած Կորֆուի գործընթացը կարող է ծառայել որպես շարժիչ՝ բաց երկխոսություն սկսելու ու ԵԱՀԿ դերի ակտիվացման հնարավորությունը հետազոտելու եւ մեր կազմակերպության կառուցվածքն ամրապնդելու համար: ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները հանդիսանում են մեր ընդհանուր գործունեության բաղկացուցիչ եւ հավասար մասերը, որոնք միտված են ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանը: Աստանայում մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով եւ համաձայնեցված գործողություններով ստեղծելու անվտանգության միավորում՝ ապահովելով ԵԱՀԿ բոլոր սկզբունքների եւ նորմերի լիակատար եւ արդարացի իրագործումը:
Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ ապահովելու իր առաջընթացի կայունությունը ժամանակակից հասարակության կառուցման հարցում՝ հիմնված օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման վրա: Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում սերտ համագործակցությունը միջազգային շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ հաստատությունների եւ գործադիր կառույցների հետ: Անցյալ տարի մենք կարեւոր քայլ կատարեցինք ազատ եւ բազմակարծ տեղեկատվության ապահովման ուղղությամբ՝ ապաքրեականացնելով զրպարտանքի մասին օրենքը: Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը մշակում է առաջարկություններ Հայաստանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, եւ ես ուրախ եմ նշել, որ փոփոխությունների փաթեթը համապատասխան իրավական փորձաքննությունից հետո կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Հարկ է նաեւ նշել, որ անցյալ տարի Հայաստանը հյուընկալել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումը, որը շրջադարձային իրադարձություն էր ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակներում:
Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստեղծվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության օգտակար մեխանիզմ:
Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին, այդ թվում՝ համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հարցում՝ այս խնդրի տարբեր ասպեկտները արդյունավետորեն լուծելու նպատակով:
Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում եւ կշարունակենք հետեւողական քայլերը՝ նպաստելու ժողովրդավարական պետականաշինությանը, ինչի մասին նշել է ՀՀ Նախագահը 2010թ. դեկտեմբերի 18-ի իր ելույթում, երբ նա խոսում էր «լավ զարգացած ժողովրդավարության, ավելի աշխույժ քաղաքական երկխոսության զարգացման եւ մեր քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կյանքի բոլոր բնագավառները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու» անհրաժեշտության մասին: Սա է մեր ընտրությունը:
Աստանայում պետության եւ կառավարության ղեկավարները եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խթանումը շարունակում է մնալ մեր օրակարգում: Ընտրություններին, լրատվամիջոցների ազատությանը, հանրահավաքների ազատությանը, հանդուրժողականությանը, անխտրականությանը եւ նման բնագավառներին կարեւորություն տալուն զուգահեռ մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ ժողովուրդների հիմնարար իրավունքներից մեկն էլ իրենց սեփական ճակատագիրը ընտրելու իրավունքն է: Մենք քանիցս ականատես ենք եղել այս իրավունքի հաջող իրագործմանը, որին աջակցում է այս կազմակերպության մասնակից երկրների մեծ մասը եւ ընդհանրապես միջազգային հանրությունը: Այս հիմնարար իրավունքի ժխտումը եւ ոտնահարումը պատճառներից մեկն է՝ ընկած գոյություն ունեցող լարվածության եւ հակամարտությունների հիմքում, որոնք շարունակում են մեզ խորապես մտահոգել:
Պարոն նախագահ, Անշուշտ, այս կազմակերպությունում մեծ հետաքրքրություն կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, եւ ես կցանկանայի առանձնահատուկ անդրադառնալ այս խնդրին:
1921թ. Բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ հազարավոր տարիներ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ:
1991թ., այդ ժամանակ գործող օրենքներին լիովին համապատասխան, Ղարաբաղի ժողովուրդը իրականացրեց իր այն նույն ինքնորոշման իրավունքը, որն իրականացվել էր Ադրբեջանի կողմից, երբ վերջինս հռչակեց Խորհրդային Միությունից իր անկախությունը:
1999թ. հունիսի 21-ի իր որոշման մեջ Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների համանման հայտարարություններից հետո: Ղարաբաղում պատերազմը սկսվեց, երբ Ադրբեջանը փորձեց ճնշել Ղարաբաղի՝ ազատ ապրելու ընտրությունը՝ սկսելով էթնիկ զտումներ եւ դրանից հետո ծավալելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ընդգրկելով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապ ունեցող վարձկանների: Բախվելով իր ժողովրդի անխուսափելի վերացման վտանգին՝ Լեռնային Ղարաբաղը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության:
Իրենց չհաջողված ռազմական արկածախնդրության հետեւանքով 1994թ. մայիսին Ադրբեջանը զինադադարի եռակողմ համաձայնագիր կնքեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Ցավոք սրտի, կայուն խաղաղության հաստատման այս եզակի հնարավորությունը, ինչը տարածաշրջանի ժողովուրդների համար կարող էր նշանավորել խաղաղ գոյակցման եւ զարգացման սկիզբը, առ այսօր չարաշահվում է Ադրբեջանի կողմից՝ նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու համար:
Վերջին տարիներին Հայաստանը ջանք չի խնայել՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կայուն եւ արդարացի լուծումը գտնելու համար:
Հայաստանը խոսում է խաղաղության մասին: Ադրբեջանը բացեիբաց խոսում է պատերազմի մասին: Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ հայերի նկատմամբ թշնամական, պետության կողմից աջակցվող քարոզչությունը եւ ատելությունը, պատմության ակնհայտ կեղծումը, որոնցով հեղեղված է Ադրբեջանը, աճող ռազմատենչ հռետորաբանությունն ու ռազմական ներուժի մեծացումը, ուժի կիրառման սպառնալիքը, շփման գծում սադրանքները հարցականի տակ են դնում խաղաղ կարգավորման հասնելու Բաքվի պատրաստակամությունը:
Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ ԵԱՀԿ տարբեր նախագահողները` այդ թվում ներկայումս Լիտվան, առաջարկներ են արել զինադադարի ամրապնդման եւ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ. երկու նախաձեռնություններն էլ հավանության են արժանացել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից: Հայաստանի Հանրապետության Նախագահը առաջարկել է համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ, ինչին աջակցություն է հայտնել միջազգային հանրությունը,եւ ինչը կրկին մերժվել է Ադրբեջանի կողմից: Մերժելով այս առաջարկները`Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը` ձախողելով հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջինիս ջանքերը:
Պարոն նախագահ,
Բանակցությունները ներկայումս ընթանում են Մադրիդյան առաջարկների հիման վրա, որոնք կողմերին ներկայացվել են 2007թ. նոյեմբերին:
Առաջինը. Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Մադրիդյան առաջարկության երեք` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին` որպես հիմք բանակցությունների համար: Ադրբեջանը մերժում է դրանք բոլորը, բացի մեկից` տարածքային ամբողջականության սկզբունքից` վերջինիս սեփական մեկնաբանությամբ: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ մասնակից երկրների դիրքորոշմանը, ինչն արտացոլվել է 2008թ. Հելսինկիի, 2009թ. Աթենքի նախարարական հայտարարություններում, որոնք հաստատվել են 2010թ. հուլիսի 17-ին Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում եւ հետագայում վերահաստատվել 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ: Դուք բոլորդ ականատես էիք այն բանին, թե ինչպես Ադրբեջանը հրաժարվեց Աստանայի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում որեւէ հղում կատարել վերոնշյալ համատեղ հնգակողմ հայտարարությանը, որը Ադրբեջանի նախագահի կողմից հավանության էր արժանացել նույն օրը՝ ավելի վաղ: Այսօրինակ անհետեւողականությունը հարցականի տակ է դնում Ադրբեջանի վստահելիությունը բանակցային գործընթացում:
Երկրորդը. Հայաստանը լիակատար աջակցություն է ցուցաբերում ոչ միայն վերոհիշյալ երեք սկզբունքներին, այլեւ այն հիմնական վեց տարրերին, որոնք ներկայացվել են՝ իբրեւ հիմք բանակցությունների համար, համանախագահ երկրների նախագահների` ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարություններում` Աքվիլայում եւ Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում: Ըստ համանախագահների` այս տարրերը մշակված են` որպես մեկ ամբողջություն, եւ ցանկացած փորձ նախապատվությունը տալու որոշ տարրերին` մյուսների նկատմամբ, անհնարին կդարձնի կարգավորման հասնելը: Հայաստանը լիովին կիսում է այս տեսակետը եւ պատրաստ է առաջ շարժվել դեպի կարգավորում` այս սկզբունքների եւ տարրերի հիման վրա, ինչը նույնպես արտացոլում է ողջ միջազգային հանրության դիրքորոշումը՝ ներկայացված միջնորդների միջոցով: Փոխարենը, Ադրբեջանը պնդում է, թե պատրաստ է քննարկումներ անցկացնել վեց տարրերից հինգի շուրջ` դրանցից մեկի կենսագործումից հետո` փաստացիորեն մերժելով ներկայացված փաթեթը: Այս գործելաոճով Ադրբեջանը հրաժարվում է գիտակցել, որ անհնարին է վերացնել իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքները` առանց հակամարտության պատճառները արմատախիլ անելու:
Երրորդը. Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ-Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Մինչդեռ, Ադրբեջանը շարունակաբար ներկայացնում է նորանոր փոփոխություններ որոշ կետերում, որոնց վերաբերյալ արդեն համաձայնություն էր ձեռք բերվել:
Միջնորդական առաքելությամբ զբաղվելու համար միակ միջազգայնորեն լիազորված ձեւաչափը մնացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անում են հնարավոր ամեն բան՝ առաջ տանելու բանակցությունները: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը չէ մյուս օրը Սոչիում՝ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ, ում ջանքերին աջակցություն են հայտնում մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Մենք ուզում ենք հավատալ, որ Սոչիում Ադրբեջանը կցուցաբերի քաղաքական իրատեսություն ու քաղաքական կամք եւ հստակ «Այո´» կասի Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված վերջին առաջարկներին: Դա մեզ թույլ կտա առաջ շարժվել կառուցողական ձեւով:
Շնորհակալություն: