ՀՀ Ա նախարար Վ.Օսկանյանի բացման խոսքը

10 հոկտեմբերի, 2003

Հարգելի բարեկամներ,


Նախ, ուզում եմ ողջունել այս նախաձեռնությունը: Կարծում եմ, որ ընտրված թեման այժմեական է եւ կարեւոր, հատկապես վերջերս հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված տարաբնույթ հայտարարությունների, կողմ եւ դեմ կարծիքների պայմաններում: Այս իմաստով, նման քննարկումը կարող է որոշ հստակություններ մտցնել, հաշվի առնելով այս հարցում մասնագիտական կարծիքի կարեւորությունը:


Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, սահմանների բացումը մեծ հաշվով օգուտ է Հայաստանին: Թե—եւ չի բացառվում, որ ինչ-որ ոլորտներում այն կարող է իր բացասական հետեւանքները թողնել, սակայն գտնում ենք, որ տնտեսական եւ քաղաքական առումով, հարաբերությունների նորմալացումը բխում է Հայաստանի շահերից: Ուստի փորձում ենք բանակցությունների միջոցով հայ-թուրքական հարաբերություններում հասնել դրական տեղաշարժերի:


Ինչպես գիտեք, բանակցությունները հիմնականում ընթանում են երկու երկրների Ա նախարարների միջեւ: Այս տարվա ընթացքում Թուրքիայի Ա նախարար յուլի եւ իմ միջեւ տեղի է ունեցել երկու հանդիպում: Վերջինը Նյու Յորքում էր, ընդամենը տասն օր առաջ: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել դրական տեղաշարժ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում եւ հիմնական կենտրոնացումը բեւեռել ենք սահմանների բացման վրա: Եվ գիտակցելով հանդերձ, որ սահմանի բացումը միանգամից եւ ամբողջական չի կարող լինել, խնդիր ենք դրել թեկուզ փոքր դրական տեղաշարժեր արձանագրել այդ ոլորտում:


իտեք, որ առ այսօր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հիմնական խոչընդոտը եղել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը որպես նախապայման ներկայացնելը: Եվ այնքան ժամանակ, որքան մեր երկկողմ հարաբերությունները կապվում էին այդ հարցի կարգավորման հետ, որեւէ հույս չկար, թե մենք կարող էինք դրական տեղաշարժ արձանագրել այդ ուղղությամբ:


Սակայն վերջերս նկատվում է, որ թուրքական կողմը մեր երկկողմ հարաբերությունները այլեւս չի ուզում նույն ուժգնությամբ կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ինչ նախկինում: Եվ սա հույս է ներշնչում դրական զարգացումների:


Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգից դեռեւս չի հանվել որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների: Ուղղակի կապվածությունը այնքան ամուր չէ, ինչքան նախկինում: Այստեղ կուզենայի մի փոքր տարբերակում մտցնել երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջեւ: Մեկը կարելի է անել առանց մյուսի: Միջազգային պրակտիկայում օրինակներ կան, երբ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկու երկրների միջեւ այս կամ այն պատճառով հարաբերությունները վատթարանան եւ սահմանները փակվեն` առանց դիվանագիտական հարաբերությունները խզելու: Մյուս կողմից, կան երկրներ, որոնք նորմալ հարաբերություններ ունեն, բայց դեռեւս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել: Մեկը մյուսին չի բացասում կամ չի բացառում:


Այսօր մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ երկկողմ հարաբերություններում, հատկապես սահմանների հարցում դրական տեղաշարժ արձանագրել: Այս ճանապարհով մենք խուսափում ենք որոշ բարդ խնդիրներից, ինչպիսիք են Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիրը, Հայոց Ցեղասպանության հարցը: Այս հարցերը, իհարկե, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգում հավանաբար կբարձրացվեն, բայց երբ հերթը գա դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Այսօր, երբ խոսքը գնում է միայն մթնոլորտի բարելավման, սահմանների բացման կամ այդ հարցում ինչ-որ տեղաշարժեր արձանագրելու մասին, այդ երկու խնդիրները եւ նաեւ այլ հարցեր դեռեւս այդքան հրատապորեն օրակարգի հարց չեն:


Այսպիսով, մենք որդեգրել ենք փուլային մոտեցում` դրական տեղաշարժ արձանագրել, հատկապես սահմանների հետ կապված մթնոլորտը բարելավել: Դրանից հետո միայն բանակցությունների մեջ մտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, որտեղ առավել բարդ խնդիրներ կլինեն մեր առջեւ: Մենք գտնում ենք նույնպես, որ բավարար քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կկարողանանք նույնիսկ ամենաբարդագույն երկկողմ խնդիրները հաղթահարել, այնքան ժամանակ, որքան դրանք վերաբերում են միայն ու միայն երկկողմ հարաբերությունների ոլորտին եւ չեն կապվում երրորդ երկրի հարցերին: 


Համենայն դեպս, այսօրվա դրությամբ երկխոսությունը կարելի է համարել սկսած, բանակցությունների մթնոլորտը բավական դրական է, երկուստեք կա ցանկություն, բայց միաժամանակ կան լուրջ բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն: Որոշում է կայացվել բանակցությությունները շարունակել եւ հատկապես Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո մենք հույս ունենք, որ նորից կհանդիպենք եւ կոնկրետ հարցերի շուրջ արդեն պատասխաններ կունենանք: 

Հաջողություն եմ մաղթում գիտական նստաշրջանին:
Շնորհակալություն:

Տպել էջը