ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալի մասնակցությունը «Միջերկրածովյան երկխոսություններ» համաժողովի պանելային քննարկմանը

22 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 20-ին Նեապոլում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Միջերկրածովյան երկխոսություններ» (MED)  համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կովկասում բարգավաճման վերականգնումը» խորագրով պանելային քննարկմանը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր, աննախադեպ իրողությունները և արձանագրված դինամիկան, այդ թվում՝ երկրների ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից : Վահան Կոստանյանն ընդգծել է, որ նոր հաղորդակցային և առևտրային կապերի ստեղծումը,  ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև շփումները նպաստում են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը ։ Նշվել է, որ  ստեղծվող փոխկապակցվածության հնարավորությունները փոխշահավետ են բոլորի համար՝ ոչ միայն տարածաշրջանի երկրների համար, այլև  Եվրոպայի ու Ասիայի միջև կապի ապահովման տեսանկյունից

Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ ընդգծելով, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր հաղորդակցային նախագիծն է և որպես Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս՝ ներկայացվել է նախագծի բազմամոդալ բնույթը՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման ցանցեր, խողովակաշարեր և թվային կապ, ինչպես նաև նախագծի կարևորությունը էներգետիկ դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։

Անդրադառնալով Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դերին՝ նախարարի տեղակալը կարևորել է եվրոպական, այդ թվում՝ իտալական փորձի ներգրավումը տարածաշրջանային կապակցվածության զարգացման նախագծերում։

Քննարկմանը մասնակցել է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլին։

 

Տպել էջը