ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին

18 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին:

Ստորև ներկայացված են պատգամավորների հարցերին նախարար Միրզոյանի պատասխանները։ 

Սյուզաննա Ավետիսյան. Հարցս ուղղում եմ Արարատ Միրզոյանին։

Պարո՛ն Միրզոյան, Դուք և Ձեր իշխանության ներկայացուցիչները բազմիցս նշել եք, որ Ադրբեջանի նախագահն ասել է, որ եթե Սահմանադրության փոփոխությունը չլինի, իրենք չեն ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Իսկ վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այլ, իրարամերժ հայտարարություն արեց, որտեղ ասաց, որ Սահմանադրության ընդունումը դեռ չի նշանակում, չի երաշխավորում, որ Ալիևը կստորագրի խաղաղության համաձայնագիրը, պայմանագիրը։ Եվ հիմա այս հարցի վերաբերյալ ձեր վարքագիծը ստեղծում է մի իրավիճակ, որ եթե Սահմանադրությունը Ալիևի պահանջով չփոխվի, ուրեմն հայ ժողովուրդն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Սակայն առնվազն 2 գործոն կա, որ փաստում է, որ մենք Ադրբեջանի պատճառով հեռու ենք խաղաղությունից։ Դա մեր հայրենակիցների՝ առնվազն 10 հայրենակցի Բաքվում գտնվելն է և, իհարկե, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները։

Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք դուք Ալիևի և ադրբեջանցի ձեր գործընկերների հետ հանդիպումներում առաջարկել եք, որ եթե իրոք Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա գերիների վերադարձով և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից զինված անձանց հանելով, դուրս գալով որոշակի մթնոլորտ կփոխվի մեր հանրային ընկալման մեջ՝ առնվազն Ադրբեջանի խաղաղության ձգտումների վերաբերյալ։

Արարատ Միրզոյան. Ես վստահ չեմ, որ վերջին մասը՝ հարցի ձևակերպումը, լավ հասկացա, բայց ընդհանուր այդպես խառը բաներ ասեցիք, այս կողմից, այն կողմից խաղաղության մասին հղումներ արեցիք, որոնք չեմ կարծում, թե այդպես ուղիղ մեջբերումներ էին, բայց փորձեմ պատասխանել Ձեր հարցին։

Նայեք, մենք ունենք հաստատված խաղաղություն, ունենք մի երկրի հետ, որը մեր հարևանն է ֆիզիկապես, աշխարհագրորեն, և սովորաբար խաղաղությունները, որպես կանոն, հարևանների միջև են հաստատվում, որոնց հետ ունեցել ենք կոնֆլիկտներ։ Հիմա այս խաղաղությունն ունի մի փաստաթուղթ, ունի հայտարարություններ, ունի մի փաստաթուղթ՝ վերջնական համաձայնագիրը, որը նախաստորագրված է։ Հիմա ասում ենք՝ ունենք խաղաղություն, ունենք տարանցիկություն, ունենք երկկողմ առևտուր, ունենք այլ բաներ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը։ Պետք է գնանք վերջնական ստորագրման, վավերացման, ինստիտուցիոնալացման ճանապարհով, որպեսզի այդ կոնֆլիկտը փակենք, որպեսզի մեր երկրի համար՝ Հայաստանի Հանրապետության համար հնարավոր լինի սկսել երկարատև, կայուն խաղաղության, զարգացման, բարգավաճման դարաշրջան։

Հիմա կա՞ն գործոններ, որոնք դեռ մնացել են հակամարտության շրջանից։ Այո, իհարկե։ Ես 1000 անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ ժողովուրդ ջան, դա այդպես կնոպկայով չի լինում։ Քայլ առ քայլ, ջանք ջանքի հետևից, աղյուսն աղյուսի վրա դնելով՝ պետք է կառուցել այդ խաղաղությունը։ Այո, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Բայց միևնույն ժամանակ, հիմա ձեր տրամաբանությամբ գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում, սա ավելի շուտ կմոտեցնի մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե եթե գնանք, ասենք՝ խաղաղությունը ստորագրում ենք, այս մի հարցում էլ ենք համագործակցում, այն մեկում էլ, և մի օր՝ մոտ, տեսանելի, շոշափելի ապագայում, կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացած հարցերն էլ ավելի հեշտ կլինի հասցեագրել։ Ես կարծում եմ, որ այս 2-րդ ճանապարհն է։

Հիմա՝ Սահմանադրությունը։ Ես նորից եմ ասում և ամենայն պատասխանատվությամբ. Հայաստանի Հանրապետության առջև այդպիսի պահանջ դրված չէ։ Չկա այդպիսի իրավիճակ, որ հանդիպում են կողմերը, և ասում են՝ հիմա մեր հաջորդ պահանջը՝ մենք պահանջում ենք փոխել Սահմանադրությունը. կլինի՝ կլինի, չէ՝ խաղաղություն չի լինի։ Ի վերջո, դրա ականատեսը հենց հիմա էլ կարող եք լինել։ Չկա փոփոխված Սահմանադրություն կամ ընդունված նոր Սահմանադրություն, բայց կա խաղաղություն, չէ՞։ Հիմա սա այնքան կարևոր նրբություն է։ Ես, օրինակ, ինձ թվում էր՝ շատ պարզ է. մի բան է բանակցային պահանջը, մի բան է, որ այն մի կողմն ասում է՝ շատ լավ, նախաստորագրել ենք, շատ լավ, ունենք խաղաղություն, բայց վերջնական ակտը ես չեմ անելու, քանի դեռ չի լինի ձեր Սահմանադրության փոփոխություն կամ նորի ընդունում։ Իմ տեսածով այդպես եմ պատկերացնում։ Սա է. սա պահանջ չէ, սա մեր ներքին օրակարգն է։ ժխտել իր միջազգային արձագանքը և դիրքավորումը՝ դա էլ չենք կարող։ Դա սև-սպիտակ արձագանք չէ։

Սյուզաննա Ավետիսյան. Պարո՛ն Միրզոյան, Դուք անընդհատ փորձում եք, միգուցե, դիվանագիտական այսպես պատասխաններ տալ, բայց դրանք ավելի մանիպուլյատիվ են, քան դիվանագիտական։ Եվ ես սրա համար ձեզ գրավոր հարցում եմ արել դեռ 1 և ավելի ամիս առաջ, բայց դուք ինձ չեք պատասխանել իմ հարցերին գրավոր։ Ես Ձեզ հորդորում եմ նաև իմ գրավոր հարցմանը պատասխանել։

Իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, այ, որ Դուք ընդհանրապես հանդիպեիք, օրինակ, Մադաթ Բաբայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի կամ Լյուդվիգ Մկրտչյանի ընտանիքի անդամների հետ, կհասկանայիք՝ խաղաղություն կա, թե չկա։ Իսկ ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, կարող եք հարցնել, օրինակ, ինձ՝ որպես Ջերմուկի բնակչի, արդյոք խաղաղություն կա, թե ոչ, երբ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից այդ 2 քայլը ցույց կտան՝ Ալիևը խաղաղություն ուզու՞մ է, թե ոչ։

Արարատ Միրզոյան. Շատ լավ, ես էլ Ձեզ խորհուրդ կտամ գնալ և հանդիպել հազարավոր զինծառայողների ընտանիքների անդամներին և հարցնել՝ կա՞ խաղաղություն, թե ոչ։ Ես էլ Ձեզ խորհուրդ կտամ գնալ, հանդիպել, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներին, Ղազաշենի բնակիչներին, Կիրանցի բնակիչներին՝ կա՞ խաղաղություն, թե չկա։ Վախենամ՝ այնպիսի ճշմարտություն իմանաք, որ չիմանաք էլ՝ հետո գաք ստեղ ինչ խոսաք։ Շնորհակալություն։

Ձեզ թվում է՝ անընդհատ այդ զգայուն հարցերը մանիպուլացնելով դուք ե՞ք բան շահում։ Ձեզ թվում է՝ իբր դուք Ջերմուկի մասին ավելի՞ եք մտածում, քան ե՞ս։ Չարաչար սխալվում եք։ Ձեզ թվում է՝ դուք գերիների մասին ավելի՞ եք մտածում, քան ե՞ս։ Այդ որտե՞ղ է, ո՞նց եք չափում հայրենասիրությունը: կա՞, սպիդոմետր է, կշեռք է,  եկեք հանենք, դնենք, չափենք։ Հերիք եղավ էլի։ Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է։

Գառնիկ Դավթյան. Հարցս ուղղում եմ Արարատ Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, Դուք, վստահ եմ, գիտեք, որ ես Ադրբեջանի հարցերով փորձագետ եմ եղել մինչև պատգամավոր դառնալս, ու ինչ պնդում պետք է անեմ, հիմնված է փաստերի վրա։ Մինչ օրս Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ, բարձր պաշտոնյաներ տարբեր հայտարարություններ են արել Սահմանադրության փոփոխության պահանջի մասով, ու դա է պատճառը, որ մենք այսօր ասում ենք «ալիևյան սահմանադրություն», մենք դա օդից չենք հորինում։ Ասեմ ավելին՝ 2021թ.-ին 1-ին անգամ խոսվել, պահանջվել է Ադրբեջանի կողմից, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխվի։ Դրա համար ենք ասում «ալիևյան սահմանադրություն»: Այնպես չի, որ դա մեզ հաճույք է պատճառում։ Մեզ համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բարձրագույն արժեք է, դրա համար ենք ասում, որ ալիևյան սահմանադրությունը մեզ համար բացարձակապես անընդունելի է։

Իմ գործընկեր Արամ Վարդևանյանը շատ ճիշտ ասեց, որ Սահմանադրական դատարանն ունի կայացրած իրավական որոշում, այսինքն՝ դիրքորոշում, որը վերաբերում է հենց Սահմանադրության փոփոխության մասով տարածքներին. որ Ադրբեջանն անընդհատ ասում է՝ տարածքային պահանջ կա, իսկ Հայաստանի Սահմանադրության մեջ չկա։ Արձանագրել է, որ չկա տարածքային պահանջ։ Ինձ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը։ Պարոն Միրզոյան, Դո՞ւք էլ եք համարում, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։

Արարատ Միրզոյան. Պարո՛ն Դավթյան, 3 րոպե է ասում եք, թե ինչի եք Դուք դա անվանում «ալիևյան սահմանադրություն», արդարանում եք, արդարանում եք։ Կարիք չկա, բոլորս էլ գիտենք՝ ինչի եք Դուք ասում։ Ձեզ ասել են՝ ասեք «ալիևյան սահմանադրություն», եկել եք, ասում եք՝ «ալիևյան սահմանադրություն»։ Վաղը կասեն՝ կողմ քվեարկեք, որ գնա հանրաքվե, գալու եք կողմ քվեարկեք։ Չգիտեք՝ գալու եք կողմ քվեարկեք, որ գնանք հանրաքվեի. ոնց ասեն, այդպես էլ կանեք։ Ավելին ասեմ՝ ես գիտեմ, թե Ձեզ ասողներին ով է ասում ու ինչ են ասում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, որը, այո, ունի որոշակի դիրքավորում և միջազգային, աշխարհաքաղաքական ուղերձ։ Այս մասին տաս անգամ ասել ենք. ի՞նչն  այստեղ պարզ չէ։ 1000 անգամ էլ ասել ենք, որ մեր առաջ այդպիսի պահանջ դրված չէ։ Մյուս կողմում՝ ում հետ մենք պետք է ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ասել է՝ «ժողովուրդ ջան, պրոբլեմ չկա, եկեք առևտուր անենք, համագործակցություն անենք, անենք, այն անենք։ Ստորագրե՞լ եք ուզում՝ կներեք, չէ, այն մեկը կլինի, նոր կստորագրենք»։ Սա պահանջ է՞. սա ո՞նց բացատրենք։ Ի՞նչ անեմ, ժողովուրդ, ի՞նչ ասեմ այս մարդուն։

Գառնիկ Դավթյան. Պարո՛ն Միրզոյան, մեզ կարող ասել միայն հայ ժողովուրդը, ուրիշ ոչ մեկ։ Ձեր դեպքում չգիտենք, դրա համար ենք ասում։ Այստեղ «ալիևյան սահմանադրության» պահանջն Ադրբեջանի կողմից է գալիս, ու այդ պահանջն իրական վտանգ է հենց մեր անկախությանը։ Ձեր արած պնդումները բացարձակ կապ չունեն իրականության հետ։ Մեր պնդումները, որոնք վերաբերում են ձեր արած հայտարարություններին, հիմնված են փաստերի և իրականության վրա։ Կա պահանջ, 2021թ.-ից է գալիս։ Դուք մինչև այդ չէիք խոսում նոր Սահմանադրության մասին, ու նույն թեզերը, որոնք գալիս են Ադրբեջանից, ասվում են պաշտոնական մակարդակում։ Դուք ձևափոխված, հայաֆիկացված ձևով դա ասում եք այստեղ՝ բարձր ամբիոնի առջև կանգնած։ Ու մի բան էլ՝ մեզ համար արդարանալու խնդիր չկա։ Մենք արդար ենք մեր ժողովրդի առաջ ու պետք է պայքարենք «ալիևյան սահմանադրության» ընդունման դեմ։ Մեզ ոչ մեկ չի կարող ասել, բացի հայ ժողովրդից՝ կողմ քվեարկենք, թե դեմ։ Սա ֆիքսեք մեկընդմիշտ։

Արարատ Միրզոյան. Պարո՛ն Դավթյան, ոնց որ քիչ-քիչ սկսում ենք իրար հասկանալ։ Այ, ես հենց հիմա մի ընդհանրության եզր գտա. կարող ե՞նք փորձել սրա վրա կառուցել՝ ուրեմն ֆիքսեցինք՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Ասե՞ց, չէ՞, մարդը։ Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, էլ մնացածը կապիկություն է։

Տպել էջը