ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպումը Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) պատվիրակության հետ

09 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) տնօրենի պաշտոնակատար Ելենա Մրդակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԳՄԱ նախարարության և ReSPA-ի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացման, մասնագիտական փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և վերապատրաստման դասընթացների իրականացման ուղղություններով։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի և ReSPA-ի միջև համագործակցության հաստատման հեռանկարներին, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և միջազգային առևտրի գործընթացների վերաբերյալ դասընթացների և համատեղ կրթական ծրագրերի կազմակերպման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տվյալահեն քաղաքականության մշակման, ռազմավարական կանխատեսման և վերլուծական կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցները կարևորել են նաև ReSPA-ի կողմից իրականացվող՝ հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին ՀՀ ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը։

Տպել էջը