ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին

05 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ ներկայացրել է նախարարության 2027թ. բյուջեի նախագիծը:Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳՄԱ նախարարի ելույթն ամբողջությամբ:

«Բարև՛ ձեզ, հարգելի՛ գործընկերներ։

Նախ ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի չորս հանձնաժողովներին և նախագահությանը, ինչպես նաև Ազգային ժողովի խորհրդին՝ այս որոշումը կայացնելու համար․ կարծում եմ՝ շատ պահանջված և ճիշտ որոշում է։ Կհիշեք՝ նախորդ տարիներին բյուջետային գործընթացը և հետո նաև կատարողականի քննարկումը երեք առանձին հանձնաժողովներում առանձին էինք ունենում, դրան էլ գումարած՝ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում։ Ենթադրելիորեն առաջին քննարկումը շատ լավ էր ստացվում՝ անկախ նրանից որ հանձնաժողովում կլիներ, և հետո հասկանալիորեն քննարկման մասնակցությունն ու որակը տուժում էին, այնպես որ շատ ողջունում եմ այս ձևաչափը։

Հարգելի՛ գործընկերներ և մեզ հետևող քաղաքացիներ,  իհարկե օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք նաև այլ ձևաչափով, բայց քննարկումն այժմ կշարունակենք բյուջետային գործընթացի շրջանակում։ Ուզում եմ քաղաքական ներածական կամ նախաբան ունենալ՝ նախքան թվերին անցնելը։ Բնականաբար բյուջեն և ֆինանսական միջոցները հատկացվում են նախարարություններին, այդ թվում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը՝ որոշակի ծրագրեր, որոշակի քաղաքականություն վարելու համար։ Մեծ գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ 2027թ.ն այդ քաղաքականությունը լինելու է 2026թ.ն մեր վարած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը՝ որոշակի շեշտադրումներով և փոփոխություններով, որոնք իհարկե կապված են նախ և առաջ նախարարության անվանաման (ինչպես կարող եք հասկանալ` սա միայն անվան փոփոխություն չէ) և, ըստ այդմ, նաև նախարարության մանդատի և կենտրոնացման հարցերի հետ։ Բայց այդ մասին՝ հաջորդիվ։

Տարածաշրջանը և անմիջական հարևանները

Ինչպես նախկինում, մյուս տարի ևս մեր առաջնային ուշադրությունը կլինի մեր տարածաշրջանը և մեր անմիջական հարևանությունը։ Ընդհանուր առմամաբ իհարկե Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումն է լինելու մեր առաջնային նպատակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության ամրապնդումը, մեր պետության հարատևությանը նպաստելը և ամրապնդելը։ Այս կոնտեքստում մեր առաջնային ֆոկուսը կրկին լինելու են մեր չորս անմիջական հարևանները․ մեր հանձնառությունն է րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ապա նաև վավերացումը՝ ձեր օգնությամբ։ Մինչ սրանց ֆիզիկապես հնարավոր դառնալը մենք իհարկե շարունակելու ենք Ադրբեջանի հետ խաղաղությունից բխող և խաղաղությունն է՛լ ավելի ամրապնդող մի շարք քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը, օրինակ՝ երկկողմ առևտուրը, ինչպես նաև այս դեպքում առայժմ միայն Ադրբեջանի կողմից իր տարածքի բացումը Հայաստան եկող և Հայաստանից գնացող բեռների համար։ Վստահ եմ՝ ԹՐԻՓՓ-ի և մյուս ծրագրերի շրջանակում հետզհետե նույնը կլինի․ ադրբեջանական բեռները ևս կօգտագործեն Հայաստանի տարածքը տարանցման համար։ Կան նաև համագործակցության և շփումների բազմաթիվ այլ խողովակներ ու հարթություններ՝ սկսած սահմանազատումից, ավարտած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և/կամ պաշտոնյաների փոխայցերի, շփումների գործընթացներով։

Իհարկե երբ խոսում ենք խաղաղության, համագործակցության և տարածաշրջանի տեսանկյունից զարգացման մասին, չենք կարող շրջանցել նաև մյուս խրթին հարցը, որն ունենք այս առումով։ Նշեցի մեր արևելյան հարևանին՝ Ադրբեջանին, իսկ հիմա ուզում եմ խոսել մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի մասին։ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը բավականին ակտիվ է և արդյունավետ։ Եղել են համագործակցության առանձին դրսևորումներ, որոնք կշարունակվեն, օրինակ՝ կրթաթոշակներ ուսանողների համար, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը, Հայաստան–Թուրքիա գործարար համաժողովները։ Մեկ այդպիսի համաժողով ամռանը տեղի ունեցավ Կարսում, իսկ հաջորդ փուլը կլինի Հայաստանում։ Կարծեմ՝ հաջորդ տարվա սկզբին արդեն կկարողանանք դա անել։ Պետք է նշեմ, որ առաջին համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար և՛ հայաստանցի, և՛ թուրքական գործարարների կողմից, և վստահ եմ, որ երկրորդի դեպքում էլ այդպես կլինի։

Ուզում եմ խոսել առաջընթացի ևս մեկ շատ էական դրսևորման մասին։ Եթե հիշում եք, նախկինում Հայաստան–Թուրքիա առևտուրն իրականացվում էր երրորդ երկրի միջոցով ոչ միայն աշխարհագրական, այլև մաքսային իմաստով։ Ընթացիկ տարում այդ խոչընդոտը վերացվեց, և 2027թ.ն այն այլևս չի լինի։ Բնականաբար, նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա և Թուրքիայից Հայաստան ապրանքների արտահանումն ու ներմուծումը։ Այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, թեև աշխարհագրորեն դեռևս իրականացվում է երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով։

Կանխատեսելով հարցերը և տեսնելով իրականությունը՝ պետք է ասենք. այո՛, չնայած ողջ առաջընթացին, դրական դինամիկային և բովանդակությանը, այս պահին Հայաստան–Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ։ Բայց ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ ասելու, որ այս գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի շուրջ այնպիսի լավ փոխըմբռնում ունեն, որ ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Չգիտեմ՝ դեռևս շարունակվող քննարկումների և բանավեճերի պայմաններում արդյոք այստեղ խոսելու կամ բացատրելու բան կա, թե որքան շահավետ կլինի սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար և որքան շահավետ կլինի այս ողջ կարգավորման գործընթացը՝ տարածաշրջանում խաղաղության և զարգացման միտումներն ամրապնդելու տեսանկյունից։

Խոսեցի արևելյան և արևմտյան հարևանների մասին, բայց մեր անմիջական հարևանության պատկերը թերի կմնա, եթե չանդրադառնանք Վրաստանին և Իրանին։ Սրանք երկու բարեկամ, ավանդական գործընկեր պետություններ են, երկու ռազմավարական գործընկերներ, և երկուսի հետ էլ մեր հարաբերությունները շարունակելու են նույն ոգով զարգանալ և ավելի ու ավելի ամրապնդվել։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ, և հուսով ենք, որ հնարավորինս շուտ Իրանին և մեր մյուս գործընկերներին կհաջողվի իրենց հարցերում հասնել համաձայնության և խաղաղության։ Անշուշտ, մենք դրա առաջնային շահառուներից մեկը կլինենք։

Ապաշրջափակում և ԹՐԻՓՓ

Երբ խոսում ենք քաղաքական և դիվանագիտական հարաբերություններց, չենք կարող շրջանցել (մենք հիմա կանդրադառնանք այդ թեմային) տնտեսական գործոնը, տնտեսական շահերը, մենք չենք կարող շրջանցել ապաշրջափակումը։ Սա մեծ գործընթաց է․ գիտեք, որ անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, չի ունեցել չորս կողմում ազատ տնտեսական հարաբերություններ կառուցելու, շարժի հնարավորություն և գտնվել է շրջափակման ներքո։ Հիմա տարածաշրջանում տնտեսական, տրանզիտ, տրանսպորտային ենթակառուցվածքներն ինտենսիվորեն ապաշրջափակվում են։ Նշեցի արդեն, որ Ադրբեջանի տարածքով ենք կարողանում բեռներ տեղափոխել, և ապաշրջափակման այդ մեծ ծրագիրը, ըստ էության (եթե շատ այլևայլություններից խուսափենք) մեծ հաշվով տառացիորեն համընկնում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» տեսլականի և ծրագրի հետ, և ԹՐԻՓՓ նախագիծը սրա շատ էական, բաղկացուցիչ մասն է։

ԹՐԻՓՓ-ի մասով․ կրկին ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել խորհրդարանին. օրեր առաջ վավերացվեց ԹՐԻՓՓ համաձայնագիրը։ Այժմ կավարտենք, կստորագրենք ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի միջև համաձայնագիրը և կանոնադրությունը, որոնցով մեծ հաշվով ԹՐԻՓՓ-ի փաստաթղթային գործընթացը կհամարենք ավարտված և կկարողանանք անցնել գետնի վրա աշխատանքներին։ Մենք շահագրգռված ենք օր առաջ տեսնել գետնի վրա աշխատանքների մեկնարկը և դրանից հետո օր առաջ ԹՐԻՓՓ նախագծերի իրականացումն ու օգտագործումը։ Հիշում եք՝ ԹՐԻՓՓ նախագծեր ասելով՝ նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ՝ առաջին հերթին, իհարկե, երկաթուղի, էլեկտրահաղորդակցության գծեր, օպտիկական մալուխներ։ Ցանկություն կա ապագայում կողմերի միջև ունենալու գազամուղ, նավթամուղ և հնարավոր այլ ենթակառուցվածքներ։ Ավելորդ չեմ համարում նշելը, որ Հայաստանն այս նախագծերով, օրինակ՝ երկաթուղով, կապվում է․ նախ՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղային առումով կկապվեն իրար Նախիջևանի տարածքով։ Երկրորդ՝ Հայաստանը կկարողանա երկաթուղային առումով նաև առևտուր իրականացնել Ադրբեջանի հետ։ Երրորդ՝ Հայաստանը մատչում կստանա, ապրանքներ կգնի, կվաճառի երրորդ երկրների հետ։ Իհարկե, հայելային կերպով բուն Ադրբեջանը հնարավորություն կունենա կապվելու Նախիջևանի հետ, Հայաստանի և երրորդ երկրների հետ։

Ուզում եմ նաև նշել երրորդ շերտը, որն է՛լ ավելի կարևոր գործոն է, և հիմա կասեմ, թե ինչու․ երրորդ երկրները Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ նախագծերով կկապվեն այլ երրորդ երկրների հետ։ Ապաշրջափակումն ու ենթակառուցվածքների օգտագործումը (գործընկերներն այն անգամ թվերի մասին էին հարցնում, բայց ակնհայտ է, նույնիսկ չխորանալով թվերի մեջ, որ ապաշրջափակումը և ենթակառուցվածքների օգտագործումը մեծ տնտեսական հնարավորություններ են բացում բոլոր մասնակիցների համար. հիմա խոսում եմ մեր՝ Հայաստանի համար։ Բայց կա նաև քաղաքական շերտ։ Անշուշտ, սա նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ մեր անմիջական հարևանները, ինչպես նաև արևմուտքում և արևելքում շատ ավելի հեռու գտնվող երկրներn էապես ավելի շահագրգռված են լինելու մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ և տնտեսական զարգացմամբ։ Այսինքն՝ բացի տնտեսական ծրագիր լինելուց, սա, հետաքրքիր է, մի կողմից խաղաղության արդյունք է, մյուս կողմից՝ հետադարձ կերպով ամրապնդում և անդառնալի է դարձնում խաղաղությունը։ 

Միացյալ Նահանգներ

Քանի որ խոսեցի ԹՐԻՓՓ-ից, շարունակելով մեր համագործակցության շրջանակների թվարկումը՝ խոսեմ Միացյալ Նահանգների մասին։ 2026թ.ն դրսևորված միտումները 2027-ին շարունակվելու և ավելի են ուժեղանալու։ 2026-ը շատ արդյունավետ տարի էր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների համար. հունվարին և մայիսին ԹՐԻՓՓ-ի շրջանակային փաստաթղթի և միջազգային պայմանագրի կնքում, որն արդեն վավերացվեց, Հայաստան-ԱՄՆ երկկողմ գործընկերության բարձրացում համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Կրկին ավելորդ չեմ համարում հիշել այն քննադատությունն ու սկեպտիցիզմը, որ հնչում էին մեր հասցեին, երբ նախորդ վարչակազմի վերջին օրերին Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն էինք կնքում։ Քննադատության հիմնական իմաստն այն էր, որ նոր, այսինքն՝ արդեն ոչ նոր, նախագահ Թրամփի վարչակազմն ակնհայտորեն չի շարունակի նախորդ վարչակազմի՝ մեզ հետ հաստատած քաղաքականությունը։ Ի զարմանս և ի հեճուկս բոլոր չարախոսությունների և վատ սցենարների կանխատեսումների՝ այս վարչակազմը ոչ միայն շարունակեց ռազմավարական գործընկերությունը, այլև հարկ համարեց մեզ հետ կնքել նոր փաստաթուղթ, որում գրվեց, որ այդ ռազմավարական գործընկերությունը մեկ աստիճանով բարձրացվում է՝ դառնալով համապարփակ ռազմավարական։

Հիշում ենք նաև քննադատություններն այն մասին, որ Միացյալ Նահանգների, ինչպես նաև այլ երկրների հետ կնքում ենք համագործակցության հուշագրեր, փաստաթղթեր, և հետո դրանք մնում են օդում։ Միացյալ Նահանգները շատ լավ օրինակ է. հուշագրերի ստորագրումից շատ կարճ ժամանակ անց՝ 2026թ.ն, տեսանք Հայաստանում արհեստական բանականության Firebird գործարանի հիմնումը, ինչպես նաև այլ ծրագրեր։ Firebird-ը, գիտեք, ստեղծվում է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ NVIDIA-ի հետ համագործակցությամբ, և սա բոլորովին էլ վերջնանպատակը չէ։ Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ մենք շարունակաբար փորձում ենք բացահայտել նոր հորիզոններ, նոր ուղղություններ, և կարծում եմ՝ 2027 թվականն այս առումով շատ արդյունավետ է լինելու։

Եվրոպական ինտեգրում և ռազմավարական գործընկերություններ

Մեր առաջիկա երկխոսության մյուս թեման կլինի, իհարկե, եվրոպական ինտեգրումը՝ Հայաստան–ԵՄ գործընկերության զարգացման՝ Հայաստանի Հանրապետության համար առավելագույնս շահավետ բանաձևը։ Ինչպես 2026թ.-ին և դրանից առաջ, 2027թ. ևս հետևողականորեն շարունակելու ենք ոլորտային մոտարկումը Եվրոպական միության հետ, մեր մոտարկումը Եվրոպական միության չափանիշներին՝ նպատակ ունենալով, նախ, իրականացնել 2025թ. գարնանը Ազգային ժողովի ընդունած օրենքը և, երկրորդ, վերջնական նպատակ ունենալով Հայաստանի կայուն զարգացման և դիմակայունության ապահովումը։ Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ այստեղ ունենք եվրոպական գործընկերների փոխըմբռնումը, և կշարունակենք մեր ակտիվ փոխգործակցությունը։

Երբ խոսում ենք Եվրոպական միության՝ որպես կառույցի և նրա գործիքակազմի մասին, ուզում եմ նշել, որ համագործակցությունը չի սահմանափակվում, պայմանականորեն ասած, Բրյուսել-Հայաստան հարաբերություններով։ Խոսքը նաև 27 անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների մասին է, և այդ երկկողմ հարաբերություններում ևս բավականին էական ձեռքբերումներ ունենք։ Մի շարք երկրների հետ կնքել ենք ռազմավարական գործընկերություններ, և 2027թ. պետք է լինի այդ գործընկերությունների՝ կոնկրետ գործողություններով և ծրագրերով կյանքի կոչման տարի։

Թվարկումը չեմ շարունակի՝ ուղղակի չծանրաբեռնելու համար, բայց մեկ-երկու օրինակ նշեմ։ Առաջին օրինակը Նիդերլանդներն էր, և կարծում եմ՝ Նիդերլանդները շատ լավ օրինակ է, որովհետև ռազմավարական գործընկերություն կնքեցինք՝ հիմնվելով մեր արժեքային ընդհանրությունների վրա, և միաժամանակ տեսնում ենք, որ այդ արժեքային ընդհանրությունները գետնի վրա տալիս են իրենց կոնկրետ պտուղները։ Այս գործընկերությունը խթանում է հայկական բիզնեսը, տեխնոլոգիաները, արտահանումը։ Վերջերս՝ մոտ երկու շաբաթ առաջ, Երևան էր այցելել իմ գործընկերը Նիդերլանդների Թագավորությունից, և այդ այցի օրակարգը, եթե հիշում եք, ասվածի լավագույն վկայությունն էր։

Ռազմավարական գործընկերությունների մասին սկսեցի խոսել Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները ներկայացնելու համատեքստում, բայց, ինչպես հիշում եք, դրանք ամենևին սահմանափակված չեն այս տարածաշրջանով. մենք ռազմավարական գործընկերություններ ունենք՝ սկսած Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Նիդերլանդներից մինչև Չինաստան։ Կրկին չեմ թվարկի, բայց ուզում եմ ասել, որ այս ամենը կոչված է նպաստելու նաև մեր նախարարության նոր մանդատի իրականացմանը և դրա վրա կենտրոնանալուն։

Միջազգային առևտուր

Թեև այս գործառույթն այս ծավալով մեր նախարարությանն ավելացվել է հարաբերականորեն վերջերս՝ ընդամենը ամիսներ առաջ, ուզում եմ ասել, որ արդեն ունենք շատ հետաքրքիր, խոստումնալից և շոշափելի արդյունքներ տարբեր ուղղություններով։ Հարկ եմ համարում նշել, որ այստեղ ստանում ենք մեր գործընկերների փոխըմբռնումը և մեծ աջակցության ցանկություն՝ օգնելու մեզ դիվերսիֆիկացնել մեր շուկաները։ Սա շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կոնկրետ տեղի ունեցած գործընթացները, մեր ավանդական շուկաներում կիրառված արգելքները և այլն։ Բայց սա կարևոր է նաև առհասարակ ցանկացած տնտեսության համար, և կարծում եմ՝ կիրառելի է ոչ միայն պետությունների, այլև բոլոր տեսակի տնտեսվարողների համար. տնտեսական կապերի բազմազանեցումը շատ ավելի մեծ ապահովագրություն է տալիս զանազան ռիսկերից։

Այս առումով ուզում եմ առիթն օգտագործել և ողջունել Եվրոպական միության որոշումը՝ Հայաստանին տրամադրել ինքնավար առևտրային միջոցներ։ Դա նշանակում է, որ հայաստանյան ծագման ապրանքների մի մեծ, բավականին պատկառելի խումբ, ապրանքատեսակների ցանկերը կարող եք տեսնել, կարող է արտահանվել Եվրոպական միություն և այնտեղ չկրել մաքսային բեռ, այսինքն՝ այդ ապրանքներից մաքս չի գանձվի։ Այս միջոցներն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 10-ից։ Կարող են լինել հրապարակումներ, և իրականում եղել են դեպքեր, երբ Եվրոպական միության տարբեր երկրներ արտահանում իրականացնելիս այս մեխանիզմը զուտ տեխնիկական իմաստով դեռ չէին գործարկվել, այսինքն՝ արտահանողը տեսել է, որ X երկիր ապրանք տանելիս տեղի մարմինները մաքսազերծում են պահանջում։ Այս տեխնիկական խնդիրը հարթվել է և հարթվում է, բայց, ինչպես ցանկացած նման էական գործընթացի դեպքում, նման բաներն անխուսափելի են։ Նույնը եղավ, օրինակ, Թուրքիայի դեպքում, երբ վերացվեց Թուրքիայից Հայաստան արտահանման արգելքը. այնտեղ էլ առաջին գործարարները բախվեցին համակարգային խնդրի, բայց, իհարկե, դա տեխնիկական հարց էր և շատ կարճ ժամանակում հարթվեց։

Երեկ տեղեկացանք նաև, որ բացի Եվրոպական միությունից՝ Միացյալ Թագավորությունը՝ Մեծ Բրիտանիան, ևս որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել ինքնավար առևտրային միջոցներ, այսինքն՝ մոտավորապես նույն սկզբունքով, ինչ Եվրոպական միության երկրները, մենք կկարողանանք արտահանում իրականացնել նաև Միացյալ Թագավորություն։

Ասացի, որ տարբեր ուղղություններով արդեն կան բավականին հետաքրքիր և խոստումնալից արդյունքներ, բայց անմիջապես ուզում եմ նշել, որ դեպքերի մեծ մասում խոսքը, իհարկե, մեծ քանակների և ծավալների մասին չէ։ Սա շատ հասկանալի և բացատրելի է, երբ նոր շուկաներ են ուսումնասիրվում, նոր շուկաներ մուտք գործում, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ հաղթահարելով։ Սկզբում փոքր խմբաքանակներ են եղել, իսկ հիմա ծավալներն արդեն էականորեն ավելանում են։

Սովորաբար նշում են Եվրոպական միության առևտրային միջոցները, բայց երբ ասում ենք «դիվերսիֆիկացիա», մարդիկ սովորաբար մտածում են. եթե այսինչ կամ այնինչ ապրանքը Ռուսաստան չենք տանում, որովհետև մուտքն արգելված է, ուրեմն պետք է տանենք Եվրոպական միություն։ Այո, Եվրոպական միությունն օգնում է մեզ դա անել, բայց նորից ուզում եմ հիշեցնել, և ամեն առիթ օգտագործում եմ սա ասելու համար, որ աշխարհը սահմանափակված չէ Ռուսաստանով և Եվրոպական միությամբ. կան այլ երկրներ, այլ շուկաներ, այլ մայրցամաքներ։ Միշտ ուրախությամբ նշում եմ, օրինակ, Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի երկրներ մեր ապրանքների արտահանումը։ Ունենք շատ հաջողված օրինակներ։ Հենց այս օրերին էլ ընթանում են նոր բանակցություններ։ Օմանի օրինակն էի բերում, բայց նաև Կատարը. այնտեղ կան սուպերմարկետների ցանցեր և այլն, որոնք հետաքրքրված են մեր ապրանքներով։ Այցեր են տեղի ունենում, բիզնես-բիզնես հանդիպումներ, պայմանագրեր են կնքվում, և Մերձավոր Արևելքը մեր գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման համար դառնում է շատ խոստումնալից և կարևոր ուղղություն։ Անկեղծ ասած, քարտեզին նայելով նույնիսկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նախկինում այդպես չէր, որովհետև մոտ հարևանության պայմաններում լոգիստիկ խնդիրները հարաբերականորեն ավելի հեշտ լուծելի են։ Պարզ է՝ հիմա իրավիճակը Իրանի շուրջ ինչպիսին է, բայց նույնիսկ այս պայմաններում դրանք ավելի հեշտ լուծելի են։ Ուրախալի է տեսնել, որ բիզնեսը, նաև մեր օգնությամբ և խրախուսմամբ, ընթանում է այդ ճանապարհով, և կարծում եմ՝ 2027թ. այստեղ շատ ավելի լուրջ թվային ցուցանիշներ կունենանք և կկարողանանք ներկայացնել։

Մանդատի փոփոխությամբ պայմանավորված՝ մեր դեսպանությունները ևս շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում տնտեսական բնույթի միջոցառումներին։ Տարբեր երկրներում մեր գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ տեղի են ունենում բիզնես-բիզնես հանդիպումներ, բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ, և 2027թ. այս միջոցառումների իրականացման վրա ավելի մեծ ջանքեր և ֆինանսական միջոցներ ենք դնելու։

Օրինակ ունեմ ծաղիկների վերաբերյալ. ծաղիկների արտահանումն իրականացվում է երեք տասնյակ երկրներ, ընդ որում՝ դրանցից 14-ը, նոր շուկաների մասին եմ խոսում, Եվրոպական միության անդամ երկրներ են, և արդեն 16 և ավելի այլ ուղղություններ, օրինակ՝ Կենտրոնական Ասիա։ Թուրքմենստան, օրինակ, արդեն մի քանի անգամ ծաղիկների խմբաքանակ է գնացել, և բավականին հաջող մուտք ենք գործել Թուրքմենստանի շուկա։ Որպեսզի խճանկարը լավ հավաքվի, միտումնավոր ոչ համակարգված, տարբեր օրինակներ եմ բերում. Օմանում կարող եք գտնել հայկական դեղձ, Կատարում՝ հայկական ելակ։ Վերադառնալով եվրոպական ուղղությանը՝ Ռումինիայում կգտնեք հայկական բուլղարական պղպեղ և այլն։ Այնպես որ, ուզում եմ ասել, որ այս առաջին քայլերը բավականին ոգևորիչ են և մեծ լավատեսության հիմք են տալիս։

Այս ամենն ասելով հանդերձ՝ ուզում եմ նաև նշել, որ հուսով եմ՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և, եթե կարելի է այդ եզրույթը կիրառել, առողջացնել մեր հարաբերությունները, և, ապրանքներին վերադառնալով, հուսով եմ, որ այդ սահմանափակումներն առաջիկայում կվերացվեն։

Բազմակողմ հարթակներ

Նշեցինք երկկողմ հարաբերությունները, բայց շատ կարևոր են նաև բազմակողմ հարթակներում մեր կառուցած հարաբերությունները՝ սկսած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևից, որը մեզ հաջողվեց ընդունել երկրների բավականին լայն շրջանակի աջակցությամբ, վերջացրած, օրինակ, COP17-ով, որը օրեր առաջ տեղի ունեցավ և ավարտվեց Հայաստանում։ Հուսով եմ՝ բոլորդ այցելել եք կամ առիթ եք ունեցել հետևելու առցանց։ Շատ հաջողված միջոցառում էր. սա ասում եմ՝ դատելով բոլոր շահագրգիռ կողմերի և մասնակիցների դիտարկումներից և արձագանքներից։ Հաջորդ տարի այս քաղաքականությունը կշարունակվի, և կրկին կունենանք COP, բայց այս անգամ՝ ոչ թե կլիմայի, այլ ճյուղային. հաջորդ տարի կունենանք Ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը։

Բյուջետային ծրագրեր

Այս ամենի համար, ինչ ասացի, հարգելի՛ գործընկերներ, ակնհայտորեն մեզ պետք են ֆինանսական միջոցներ, և շատ լավ է, որ ֆինանսների նախարարն այժմ սենյակում չէ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարին և Ֆինանսների նախարարության մեր գործընկերներին։ Այս տարի մեր և Ֆինանսների նախարարության միջև բյուջետային գործընթացն ընթացել է բավականին համագործակցային մթնոլորտում, և նախարարության հետ, ապա արդեն կառավարության ձևաչափով քննարկումների արդյունքում հաստատվել է նախագիծը, որը ներկայացված է ձեր ուշադրությանը։

Ինչպես նախկինում, ավանդաբար արտաքին գործերի, այժմ արդեն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն ունի 5 ծրագիր։ Այս 5 ծրագրերով 2027թ. համար մեզ հատկացված է 22 մլրդ 515 մլն դրամ։ Ինչպես ֆինանսների նախարարն արդեն նշեց, սա 2026թ. համեմատ ավելի է 3 մլրդ 389 մլն դրամով, իսկ 2027թ. բյուջեով հատկացված ընդհանուր գումարները՝ շուրջ 3 մլրդ 598 մլն դրամով։ Կան նաև ծրագրեր, որոնք քննարկում ենք և որոնք համապատասխան ֆինանսների առկայության դեպքում դեռ կարող են գործարկվել։

Այս 5 ծրագրերից 1128 ծրագիրը մեր բյուջեի զգալի մասն է։ «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրին հատկացված է 15 մլրդ 807 մլն դրամ, ինչը մեր բյուջեի մոտավորապես 70%-ն է։ Այս ծրագիրն ապահովում է կառավարության քաղաքականության իրականացումն օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմինների միջոցով, ինչպես նաև, իհարկե, մեր քաղաքացիներին հյուպատոսական ծառայությունների մատուցումը։

Եթե ձեզ հետաքրքրում է՝ այժմ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք աշխարհի 188 երկրի հետ, ունենք 47 դեսպանություն, որից 45-ը արտերկրում գործող ռեզիդենտ դեսպանություններ են, իսկ 2 դեսպանի նստավայրը Երևանում է։ Համատեղության կարգով այս 47 դեսպանները հավատարմագրված են ընդհանուր առմամբ 115 երկրում։ 

Ինչպես հիշում եք, և դժվար թե չհիշեք, քանի որ սրանք ակնհայտ բաներ են, վերջին տարիներին մենք իրականացրել ենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս դիվանագիտական ներկայացվածության ընդլայնման քաղաքականություն, այսինքն՝ դեսպանություններ ենք բացել բազմաթիվ նոր վայրերում։ Պետք է նշեմ, որ շատ ուրախ ենք, որ վարչապետը և կառավարության մյուս գործընկերները ևս կիսում են այս քաղաքականությունը և տեսնում դրա շարունակության անհրաժեշտությունը։ 2027թ. բյուջեի նախագծում այս հարցին բավականին մեծ ուշադրություն է դարձված, ֆինանսական ռեսուրսներ են տրամադրված, և 2027թ. կունենանք մեր ներկայացվածության և ցանցի ընդլայնում, գուցե, եթե հաջողվի, նույնիսկ մեկ տարվա համար աննախադեպ, երբևէ չեղած ծավալով, թեև այս պնդումը պետք է ստուգել։ Սրա համար կունենանք 663 մլն դրամ։

Երևի ավելորդ է հիշեցնել, որ վերջին շրջանում դեսպանություններ ենք բացել Ուրուգվայում, Շվեյցարիայում (Ժնևում ունեինք ներկայացուցչություն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի մարմիններում, իսկ հիմա ունեցանք նաև երկկողմ դեսպանություն Շվեյցարիայում), Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում, Հունգարիայում, ինչպես նաև 2 դիվանագիտական գրասենյակ՝ Լյուքսեմբուրգում և Սերբիայում։

Ուզում եմ անդրադառնալ նաև շենքերին։ Վերջին տարիներին այնպիսի քաղաքականություն ենք վարում, որ առանձին մայրաքաղաքներում, որտեղ կա և՛ տնտեսական, և՛ քաղաքական նպատակահարմարություն, և՛ տվյալ ուղղությամբ կամ տվյալ երկրի հետ մեր ներկայացվածությունը կամ հարաբերություններն ընդլայնվում են, գերադասում ենք շենքեր ձեռք բերել սեփականության իրավունքով։ Այդպես եղավ Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում։ Կարծում եմ՝ հաջորդ տարի սա կարող է շարունակվել։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բյուջեում գումար է հատկացված, և կան վայրեր, որտեղ մենք ունենք հողատարածքներ, կամ փոխադարձության սկզբունքով հատկացվել են հողատարածքներ, և այնտեղ պետք է շինարարություն իրականացնենք։ Օրինակ՝ Ղազախստանում՝ Աստանայում, ունենք հողատարածք, որի վրա մինչ այս պահը չէինք կարողացել դեսպանություն կառուցել, և այս բյուջեով միջոցներ են նախատեսված, որ այնտեղ էլ սկսենք այդ ծրագիրը։

Նախորդ տարի մեր նախարարության կյանքում ֆինանսական առումով մի քանի կարևոր բան է տեղի ունեցել, որ ուզում եմ անպայման նշել։ Նախկինում մի տարօրինակ իրավիճակ կար, որի մասին օրենքի ընդունման ժամանակ հնարավորություն ունեցանք խոսելու։ Գիտեք, որ դիվանագետները ռոտացիայի կարգով որոշակի ժամանակ ծառայություն են անցնում Երևանում՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության տարբեր ստորաբաժանումներում, և որոշ ժամանակ անց գործուղվում են արտերկիր։ Եվ այսպիսի անհամաչափ իրավիճակ կար. արտերկիր գործուղվող դիվանագետներն ավելի պակաս աշխատավարձ էին ստանում, քան Երևանում գտնվող դիվանագետները։ Իհարկե, նրանք ստանում էին նաև փոխհատուցում՝ հաշվի առնելով տվյալ երկրի, տվյալ քաղաքի կենսամակարդակի զանազան գործոններ։ Կրկին շնորհակալություն խորհրդարանին և կառավարության մեր մյուս գործընկերներին. այս տարի մենք փոխեցինք այդ օրենքը և համահավասարեցրինք վարձատրությունը, և այժմ արտերկրում ծառայության մեկնող դիվանագետները կարող են չվախենալ, որ իրենց աշխատավարձը պակասելու է։ Նրանք կստանան նույն աշխատավարձը և, իհարկե, ինչպես արդեն ասացի, նաև տարբեր գործոններով պայմանավորված փոխհատուցումը։ Եվ կկարողանան, օրինակ, անել այնպիսի բաներ, որոնք զարմանալիորեն նախկինում հնարավոր չէր, օրինակ՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել։ Շատ դեպքերում նրանք երիտասարդ դիվանագետներ են, ծրագրեր ունեն, փորձում են տուն գնել, իրենց ծառայությունն իրականացնելուց բացի՝ ունեն նաև կենցաղային հարցեր, և հիմա այդ հարցը մի քիչ ավելի կհեշտանա։

Կար ևս մեկ տարօրինակություն, որը համագործակցաբար հարթեցինք։ Թիվը մեծ չէր, բայց կար։ Պատկերացրեք դիվանագետներ ամուսիններ, երկուսն էլ դիվանագետ են, երկուսն էլ ծառայության մեջ են, և քանի որ նրանք ամուսիններ են, նախկինում ամուսիններից մեկի աշխատավարձը տրվում էր 50 տոկոսի չափով։ Նրանցից ոչ մեկը մեղավոր չէր. կարծում եմ՝ լավ բան է, որ մարդիկ սիրահարվել, ամուսնացել, ընտանիք են կազմել, բայց արի ու տես, որ դա բերում էր նման իրավիճակի. մեկի աշխատավարձը կեսով էինք տալիս։ Այս անարդարությունը և անհամաչափությունը ևս վերացրինք, և կրկին շնորհակալություն բոլոր գործընկերներին։

1061 ծրագիր՝ 3 մլրդ 194 մլն դրամ։ Սա կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն է արտաքին գործերի և միջազգային առևտրի ոլորտում։ Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում է իրականացվելու նաև «Երևանյան երկխոսությունը»։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ այս միջոցառմանը։ Հաջորդ տարի կունենանք 4-րդ «Երևանյան երկխոսությունը», և կրկին ոչ թե իմ կարծիքն եմ ասում, այլ վստահեցնում եմ ձեզ՝ հենվելով բազմաթիվ գործընկերների արձագանքների վրա. ընդամենը երեք անգամ այս միջոցառումն անցկացնելով՝ մեզ իսկապես հաջողվել է հեղինակություն և հետաքրքրություն ձեռք բերել միջոցառման շուրջ։ Աշխարհի բազմաթիվ դիվանագետներ, տարբեր ոլորտների փորձագետներ մեծ հետաքրքրությամբ սպասում են և ցանկություն են հայտնում մասնակցելու հերթական «Երևանյան երկխոսությանը»։ Առիթ ունեցել եմ նշելու, բայց կարող եմ հիմա էլ ասել. այս տարի մասնակից պատվիրակների թիվը եղել է ավելի քան 800՝ ավելի քան ութ տասնյակ երկրներից, ներառյալ շուրջ հինգ տասնյակ բարձրաստիճան մասնակից։ Ունենք երիտասարդական հարթակ, համագործակցություն ենք հաստատել այլ հայտնի և բավականին հեղինակավոր օտարերկրյա երկխոսությունների, ֆորումների, կոնֆերանսների հետ։ Այս տարի էլ Ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ և կառավարության հավանությամբ բյուջեի նախագծում միջոցներ ենք հատկացրել 4-րդ «Երևանյան երկխոսության» համար, և, ի ուրախություն մեզ, այս անգամ այս միջոցառումն իրականացնելու համար 55 մլն դրամ ավել ունենք։

Նույն ծրագրի շրջանակներում միջոցներ են հատկացված ՄԱԿ-ի տարբեր մարմիններում և միջազգային կառույցներում Հայաստանի թեկնածությունների առաջմղման համար՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Անվտանգության խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդ և բազմաթիվ այլ կառույցներ, որտեղ հետաքրքրված ենք թեկնածություն առաջադրել և ընտրվել։

1118 ծրագիր՝ 2 մլրդ 277 մլն դրամ։ Սա միջազգային կազմակերպությունների հետ մեր համագործակցությունն է. սրանք տարբեր կազմակերպություններում մեր անդամավճարներն են։ Մենք մասնակցում ենք 120 միջազգային կազմակերպության, ծրագրի կամ կոնվենցիայի։

Մեր հաջորդ ծրագիրը՝ 1050-ը, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է։ Այստեղ ունենք 274 մլն դրամ։ Խոսքը մեր Դիվանագիտական ակադեմիայի մասին է։ Այստեղ սովորում են Հայաստանի քաղաքացիներ՝ ուսանողներ, բուհերի շրջանավարտներ, և նրանց մի մասը հետագայում, քննությունները հանձնելու դեպքում, ծառայության է անցնում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում։ Այստեղ վերապատրաստվում են նաև Հայաստանի բազմաթիվ գերատեսչությունների ներկայացուցիչներ, և ծրագրեր ունենք նաև օտարերկրացիների համար։ Շատ հաջողված ծրագրեր ենք իրականացրել երիտասարդ դիվանագետների համար. ունեցել ենք ծրագրեր Իրաքյան Քրդստանի, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների, ինչպես նաև Աֆրիկայի դիվանագետների համար։ Կարող եք հասկանալ, և հուսով եմ՝ կհամաձայնեք, որ սա, բացի ամեն ինչից, նաև ներդրում է մեծ հաշվով մեր ապագայում՝ մեր դիվանագիտական կապերի ցանցի ընդլայնման մեջ։

Եվ վերջին՝ 1178 ծրագիրը՝ արարողակարգային միջոցառումների իրականացում, որին հատկացված է 361 մլն դրամ։ Ծրագրի նպատակն արարողակարգային միջոցառումների պատշաճ կազմակերպումն է։

Շնորհակալություն, կպատասխանեմ ձեր հարցերին»:

Տպել էջը