ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Գլոբալ վերանայումից` գլոբալ գործողություն․ կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիական երևանյան հաբի գործարկում» խորագրով միջոցառմանը
28 հոկտեմբերի, 2026Հոկտեմբերի 27-ին՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Գլոբալ վերանայումից` գլոբալ գործողություն․ կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիական երևանյան հաբի գործարկում» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում ազդարարվել է հայաստանյան նախագահության նախաձեռնության մեկնարկը` մշակված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Բնության պահպանության միջազգային միության հետ համագործակցաբար։
Իր խոսքում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում կենսաբազմազանության պահպանության ոլորտում հուսալի տվյալների առկայության, մշտադիտարկման արդյունավետ համակարգերի զարգացման և ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը: Ընդգծվել է նաև նորագույն տեխնոլոգիաների դերը կենսաբազմազանության վիճակի գնահատման, առկա բացերի բացահայտման և իրականացվող քաղաքականությունների արդյունավետության բարձրացման առումով:
Անդրադառնալով ՀՀ նախագահության առաջ մղած ուղենշային նախաձեռնության նպատակներին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ հարթակը միտված է երկրների համար տեխնոլոգիական լուծումների, մասնագիտական գիտելիքի և տեխնիկական աջակցության հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև կենսաբազմազանության մոնիտորինգի ազգային համակարգերի և հաշվետվողականության կարողությունների ամրապնդմանը։
Նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բնության պահպանության միջազգային միության, Գլոբալ բնապահպանական հիմնադրամի, մասնակից երկրների և տեխնիկական գործընկերների ներգրավվածությունը՝ ուղղված նախաձեռնության լիարժեք ու արդյունավետ իրագործմանը և զարգացմանը։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ հարթակը կարող է դառնալ գիտության, նորարարության և միջազգային համագործակցության համադրման գործնական օրինակ՝ նպաստելով գլոբալ վերանայման արդյունքների հիման վրա կենսաբազմազանության պահպանության ոլորտում նշանակալի առաջընթացի ապահովմանը։
Տեղեկանք. ՀՀ նախագահության նախաձեռնության նպատակն է ամրապնդել միջազգային համագործակցությունը և ազգային կարողությունները կենսաբազմազանության մշտադիտարկման, տվյալների հավաքագրման և հաշվետվողականության հարցերում՝ նպաստելով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացմանը։ Հարթակի միջոցով նախատեսվում է դյուրացնել նորարարական տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը, ամրապնդել միջազգային և տեխնիկական գործընկերների միջև համակարգումը, ինչպես նաև երկրներին տրամադրել նպատակային աջակցություն՝ կենսաբազմազանության մշտադիտարկման ազգային համակարգերի մշակման և գործարկման ուղղությամբ։