ՀՀ ԱԳՄԱ նախարարի զեկույցն ԱԺ լիագումար նիստում. ԹՐԻՓՓ վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր

27 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը.

«Բարև ձեզ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ, մեզ հետևող սիրելի՛ քաղաքացիներ։

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ես արդեն հնարավորություն ունեցա ներկայացնել ձեր դատին ներկայացված նախագիծը, և մենք նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ այդ օրը շատ հանգամանալից քննարկեցինք ուղղակիորեն և անուղղակիորեն այս նախագծի հետ կապված բոլոր հնարավոր թեմաները, և այժմ հարցը քննարկում ենք լիագումար նիստում։ Վստահ չեմ, որ այս անգամ սահմանված և սահմանափակ ժամանակահատվածում բոլոր նյուանսները կկարողանամ ներկայացնել, բայց հուսով եմ՝ հետո հարցուպատասխանով կկոմպենսացնենք դա։

Ինչպես հիշում եք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացավ խաղաղության գագաթնաժողով, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, Միացյալ Նահանգների վկայությամբ և ստորագրությամբ։ Ահա այդ հռչակագրում սահմանված և համաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում էր նրան, որ տարածաշրջանի ենթակառուցվածքները, տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակվում են։ Ձևավորվեց նաև ըմբռնում, որ կիրականացվի ԹՐԻՓՓ նախագիծն՝ իր տարբեր ենթակառուցվածքներով՝ երկաթուղի, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդակցման կամ օպտիկական մալուխներ, հնարավոր նավթատար և գազատար խողովակներ, և այլն։ Հաջորդականությամբ թվարկեմ․ դրանից հետո իրականացնելով առաջնորդների համաձայնությունը՝ ես և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2026 թվականի հունվարի 13-ին ստորագրեցինք ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը, իսկ հունիսի սկզբին ստորագրեցինք այս համաձայնագիրը՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Այս համաձայնագրով, ըստ էության, դետալիզացվում են բոլոր այն սկզբունքային համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել առաջնորդների մակարդակով, այն է՝ կողմերը հանձնառություն են ստանձնում ամրապնդելու խաղաղությունը, բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները, իրականացնելու ԹՐԻՓՓ նախագիծը։ 

Այս համաձայնագիրն արդեն նաև «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» հիմնադրման վերաբերյալ հանձնառությունն ամրագրող փաստաթուղթ է։ Սա շատ ենք քննարկել․ կարծում եմ՝ մեկ անգամ ևս իմաստ ունի թվարկել այդ սկզբունքները՝ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կվերագործարկվեն կամ զրոյից կկառուցվեն և կգործարկվեն, կգործեն հետևյալ սկզբունքների շրջանակներում՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և իրավազորություն։ Վստահ եմ՝ այս տերմինները հիմա ավելի մանրամասն կքննարկենք, բայց միանգամից ասեմ, որ սա նշանակում է՝ բոլոր այն, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակում, այսինքն՝ ամեն ինչի վրա տարածվելու է ՀՀ իրավազորությունը։ Այս նախագծով և դրա իրականացմամբ ՀՀ-ն, ըստ էության, հնարավորություն կունենա անելու երեք բան (հարցի երեք շերտ կա)՝ կապվել երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով՝ արևելքում, և, հաշվի առնելով երրորդ երկրների միջև կապերը՝ կարևոր հանգույց դառնալ երրորդ երկրների միջև իրականացվող տրանսպորտային փոխադրումների հարթության վրա։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա ներպետական առնվազն երկաթուղային ենթակառուցվածքների կապ՝ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով։ Իհարկե, զուգահեռաբար մեր հարևան Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապվելու Նախիջևանի հետ, ինչպես նաև ցանկության դեպքում Հայաստանի տարածքով կապվելու երրորդ երկրների հետ։ Երրորդ շերտն արդեն առիթ ունեցա նշելու․ արևելքում և արևմուտքում երրորդ երկրները կկարողանան այս նախագծով կապվել իրար հետ։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ինքը կապաշրջափակվի և հասանելիություն կստանա նոր շուկաների հետ՝ թե՛ սպառման, թե՛ մատակարարման առումով, այլև կարևորագույն հանգույց կդառնա արևելք-արևմուտք հաղորդակցության մեջ․ գիտեք՝ ողջ աշխարհն այսօր նոր լոգիստիկ ուղիների փնտրտուքի մեջ է, և ահա ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև երրորդ, շատ խոշոր խաղացող երկրների համար սա կդառնա շատ կարևոր հանգույց։ Մենք սովորաբար քննարկում ենք այն տնտեսական օգուտները, որոնք նախագծի իրականացմամբ կունենա Հայաստանը, բայց նաև հարկ է հատուկ ընդգծել քաղաքական, անվտանգային օգուտը, այն է՝ կապելով Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև երրորդ երկրներն իրար հետ՝ այս նախագիծն էականորեն կամրապնդի Հայաստանի Հանրապետության շուրջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, ինչն ի սկզբանե դրվել էր որպես նպատակ նախագծի համաձայնեցման փուլում։

Եթե քննարկում ենք նախագծի փաստաթղթային փուլը, ապա արդեն թվարկեցի՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը, հետո իրականացման շրջանակը, հիմա այս համաձայնագիրը։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ մեկ-երկու փաստաթուղթ դեռևս կա համաձայնեցնելու և ընդունելու․ շատ մոտ ապագայում դրանք ևս կեզրափակենք։ Դրանք բաժնետերերի միջև համաձայնությունն է և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» կոչվող ընկերության կանոնադրությունը։ Ուզում եմ նշել, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կհիմնադրվի ՀՀ կառավարության և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» ընկերության կողմից։ Հաշվի առնելով զանազան հնարավոր սցենարներ և մտահոգություններ՝ ասեմ, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ն», այսինքն՝ մեր ԹՐԻՓՓ զարգացման ընկերության համահիմնադիրը, մշտապես գտնվելու է միմիայն Միացյալ Նահանգների կառավարության կառավարման և սեփականության իրավունքի ներքո։ Հուսով եմ՝ հարցեր կլինեն, և հետագա խոսակցության ընթացքում կկարողանամ մանրամասնել, թե այս համաձայնագրում «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» և ԹՐԻՓՓ-ի գործարկման մասով ինչպիսի մեխանիզմներ են նախատեսված, որոնք մեզ հիմք են տալիս վստահ լինելու՝ ամեն ինչ արվում է Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան, և դետալային կերպով ապացուցելու, թե ինչպես է ամեն ինչ գտնվելու և գործելու մեր իրավազորության ներքո։

Ինչ վերաբերում է բաժնեմասերին՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի Հանրապետությունը կունենա 26 %, Միացյալ Նահանգները՝ հանձին «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ի», կունենա 74 % բաժնեմաս։ Այս հարաբերակցությունը կգործի 49 տարի, որով կտրվեն նաև այդ ենթակառուցվածքները կառուցելու և շահագործելու իրավունքները։ Այնուհետև ժամկետի լրանալուց հետո կողմերը հնարավորություն ունեն համագործակցության ժամկետը երկարացնել ևս 50 տարով, և ահա այդ դեպքում ՀՀ բաժնեմասն ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնա 49 %, իսկ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ին» կմնա 51 %-ը:

Երևի այսքանը այս պահին, մնացածը՝ հարցերի տեսքով։ Իհարկե, ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը տնտեսական և քաղաքական դիվիդենտներ բերող այս մեգանախագիծը կարժանանա խորհրդարանի հավանությանը։ Թերևս սա այն դեպքերից է, երբ կարող ենք հիմնավոր, արդարացիորեն և իրավամբ ակնկալել, որ նախագիծը կարժանանա ոչ միայն կառավարող խմբակցության, այլև ընդդիմադիր խմբակցությունների դրական դիրքորոշմանը և կողմ ձայներին։ 

Շնորհակա՛լ եմ»։

Տպել էջը