ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

07 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած՝ «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը։ Այն ՄԻԽ-ում ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կողմից։

Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների համատեքստում թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին, ինչպես նաև դրանց հետ կապված մարտահրավերներին։ Համադրելով երեք առանցքային ուղղություն՝ տեխնոլոգիաների հասանելիությունը, դրանց զարգացման և կառավարման գործընթացներում կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունն ու տեխնոլոգիաներից բխող ռիսկերից պաշտպանությունը` բանաձևը նպատակաուղղված է անդրադառնալու գենդերային թվային խզումներին, այդ թվում՝ տեխնոլոգիական հմտությունների բացերին, խթանելու կանանց և աղջիկների մասնակցությունը թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կառավարման գործընթացներում, ինչպես նաև արձագանքելու ի հայտ եկող ռիսկերին, այդ թվում՝ խտրականության և ալգորիթմային կողմնակալության ու տվյալների ներկայացուցչականության հետ կապված խնդիրներին։

Բանաձևի առանցքային բաղադրիչներից է միջազգային համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների անդրսահմանային բնույթը և դրանց արդյունավետ կառավարմանն ուղղված բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը: Բանաձևով խրախուսվում են գիտելիքների և փորձի փոխանակումը, կարողությունների զարգացումը, ինչպես նաև առկա և ի հայտ եկող մարտահրավերներին համատեղ արձագանքը։ Բանաձևով ձևավորվում է միջազգային համագործակցության համապարփակ նոր շրջանակ՝ փոխկապակցելով մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը գիտության ու տեխնոլոգիաների հետ:

Բանաձևը ներկայացնելիս Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է թվային փոխակերպման ընձեռած հնարավորություններին՝ նշելով, որ տեխնոլոգիաների և արհեստական բանականության խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը միջոց են հանդիսանում առկա անհավասարությունները վերարտադրելու և խորացնելու համար։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է տեխնոլոգիաների շարունակական և սրընթաց զարգացմանը զուգահեռ կանանց և աղջիկների իրավունքները հավաքական ջանքերի կենտրոնում պահելու կարևորությունը: 

Այս նոր բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող շուրջ հինգ տասնյակ պետություններ, ներկայացվել է որպես բազմակողմ հարթակներում գենդերային հավասարության խթանման նպատակով տեխնոլոգիաների և նորարարության առաջմղման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի շարունակություն։

Այն արտացոլում է նաև թվային փոխակերպման պայմաններում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ Հայաստանի ամուր հանձնառությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում կանանց բարձր ներկայացվածությունը, որը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ 

Նախաձեռնության ներկայացումը Մարդու իրավունքների խորհրդում տեղի է ունենում հատկապես կարևոր ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության սրընթաց զարգացումն առավել հրատապ է դարձնում տեխնոլոգիաների, հավասարության և մարդու իրավունքների փոխկապակցվածության շուրջ արդյունավետ միջազգային համագործակցության ամրապնդումը։

Տպել էջը