Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
10 սեպտեմբերի, 2026Սեպտեմբերի 10-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ:
Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով փետրվարին կայացած ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վարշավա ու Լեհաստանի վարչապետի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և ընդգծվել է հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։
Հայաստանի տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման համատեքստում Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։
Զրուցակիցներն ընդգծել են համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պաշտպանության, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
ՀՀ–ԵՄ գործընկերության խորացման համատեքստում պետնախարար Բոսացկին վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու Լեհաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրագործման միջոցով:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին բացման խոսքով են հանդես եկել նաև Լեհաստանի կառավարության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացի շրջանականերում ՀՀ ԱԳՄԱ նախարարության համար կազմակերպված աշխատաժողովին՝ կարևորելով երկու երկրների գերատեսչությունների միջև փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրագործումը: