Երևանում կայացած ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստի վերաբերյալ

01 հուլիսի, 2026

Հուլիսի 1-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը: Կողմերը ողջունել են 2025թ. փետրվարին կայացած նախորդ երկխոսությունից ի վեր Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղմանն ուղղված քայլերը, որոնք հիմնված են ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության վրա:

Հայաստանը և Եվրոպական միությունը կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Ամփոփելով 2025թ. ի վեր արձանագրված առաջընթացը՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների քաղաքականության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումների և մարդու իրավունքների ոլորտում միմյանց համապատասխան առաջնահերթությունների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում։

Կողմերն ընդգծել են հավասարության խթանման և խտրականության դեմ պայքարի կարևորությունը։ Եվրոպական միությունն արձանագրել է 2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի կողմից 2025-2028թթ. Գենդերային հավասարության ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը։ Հայկական կողմը ԵՄ կողմին տեղեկացրել է խտրականության դեմ համապարփակ օրենքի ընդունման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Կողմերն ընդգծել են ընտանեկան և գենդերային բռնության, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց դեմ, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը։ Հատուկ կարևորություն է տրվել խոցելի իրավիճակում գտնվող անձանց, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայերին: Եվրոպական միությունը վերահաստատել է վերջիններիս ինտեգրմանն ուղղված իր շարունակական աջակցությունը և օժանդակությունը: Երեխայի իրավունքների պաշտպանության համատեքստում Եվրոպական միությունը ողջունել է 2025թ. երեխայի պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը՝ որպես իրավական շրջանակի պաշտոնական ամրապնդման նշանակալի քայլ։

Հայաստանը և Եվրոպական միությունը քննարկել են հիմնարար ազատությունների, այդ թվում՝ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության ապահովման, քաղաքացիական հասարակության համար բաց տարածքի պահպանման, ազատ և անկախ մեդիա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման կարևորությունը։ Եվրոպական միությունը հետաքրքրվել է նաև անկախ մեդիա միջավայրի ապահովման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերով: Կողմերն անդրադարձել են նաև զինված ուժերում մարդու իրավունքներին։

Կողմերը մտքեր են փոխանակել աշխատանքային իրավունքների պաշտպանության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև ոչ ֆորմալ և ապօրինի զբաղվածության հարցերի շուրջ։ Եվրոպական միությունը ողջունել է համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին օրենքի ընդունումը և խրախուսել հետագա քայլերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և համայնքահեն ծառայությունների մատուցման ուղղությամբ։

Եվրոպական միությունը խրախուսել է Հայաստանին շարակունակել բարելավել պայմանները կալանավայրերում՝ այդ թվում՝ հասցեագրելով որոշ կալանավայրերում գերբնակեցվածության հարցը և ընդլայնելով այլընտրանքային միջոցների կիրառում՝ մինչդատական կալանքի համատեքստում: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում Հայաստանն ու ԵՄ-ն մտքեր են փոխանակել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների, այդ թվում՝ բարելավման ենթակա ոլորտների շուրջ, և պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն առաջարկությունների իրականացման վերաբերյալ՝ վերջնական զեկույցի հրապարակումից հետո։

Կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների ոլորտում սերտ համագործակցությունը շարունակելու իրենց հանձնառությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային բազմակողմ հարթակներում։

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյան։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ համապատասխան գերատեսչությունների, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ հաջորդ երկխոսությունը նախատեսվում է անցկացնել 2027թ. Բրյուսելում։

Տպել էջը