ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը
27 հունիսի, 2026Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը:
Իր ելույթում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մոտեցումները՝ անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը փոխակերպվող, բազմաբևեռ միջազգային հարաբերությունների պայմաններում։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում համագործակցությունների ընդլայնումն ու ռազմավարական գործընկերությունների խորացումը։ Այս առնչությամբ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը։
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումից՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ը դրա կարևոր մաս է կազմում և նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը՝ ամրապնդելով Հայաստանի՝ որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարությունը։