ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
17 հունիսի, 2026Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։ Քննարկման մասնակիցները կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ: