ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իսպանիայի պետքարտուղարի հետ

02 հունիսի, 2026

Հունիսի 2-ին Մադրիդում անցկացվող Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա  փոխգործակցությունը և քննարկել  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» բարեփոխումների շրջանակներում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագրի միջպետական համաձայնագրի նախաստորագրումը՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացիկ աշխատանքներին: Ընդգծվել է Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը` կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների պատշաճ հասցեագրման համար։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ռազմավարական օրակարգին՝ կարևորելով դրա հետևողական առաջմղումը:

Տպել էջը