Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր
26 մայիսի, 2026Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ («Համատեղ հռչակագիր»)՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գործին նպաստելու համար, որի ստորագրմանը վկա է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկություն են հայտնում ունենալ հարատև գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու նպատակով, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԹԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար,
հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը կոչված են ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,
հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա, միաժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասը և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և հանդիսանալով կենսական օղակ Տրանսկասպյան առևտրային երթուղու համար, և ակնկալելով, որ ԹՐԻՓՓ-ը կստեղծի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով,
վկայակոչելով 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին համաձայնագիրը», 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին համաձայնագիրը», 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին պայմանագիրը»,
հետևաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգները («Միացյալ Նահանգներ») և Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») (յուրաքանչյուրն առանձին՝ «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր») սույնով կնքում են ԹՐԻՓՓ-ին վերաբերող սույն շրջանակային համաձայնագիրը («Համաձայնագիր»)` համաձայն փաստաթղթում սահմանված կարգի։
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակներով՝
- «Բաժնետերեր» նշանակում է ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը։
- «Բաժնետիրական համաձայնագիր» նշանակում է Միացյալ Նահանգների և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ կարգավորվող առևտրային փաստաթուղթ, որը կարգավորելու է ԹԶԸ-ի Բաժնետերերի որոշակի իրավունքները և պարտավորությունները, և ԹԶԸ-ի կառավարման և ղեկավարման առնչվող հարցերը։
- «Հատուկ նշանակության կազմակերպություն (ՀՆԿ)» նշանակում է ԹԶԸ-ի կողմից հիմնադրվելիք դուստր կազմակերպություն՝ ԹՐԻՓՓ-ի կոնկրետ ուղղության իրականացման նպատակով։
- «ԹԶԸ» նշանակում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն՝ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստեղծվելիք համատեղ ձեռնարկություն, որը Հայաստանում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն։
- «ԹԶԸ ԱՄՆ» նշանակում է առևտրային կազմակերպություն, որը պետք է հիմնադրվի Դելավեր նահանգում որպես Միացյալ Նահանգների գործակալություն հանդիսացող Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (ԶՖԿ) ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն:
- «ԹԶԸ-ի կանոնադրություն» նշանակում է Հայաստանի օրենսդրութամբ կարգավորվող առևտրային բնույթի փաստաթուղթ, որի նպատակն է ԹԶԸ-ի ստեղծումը։
- «ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածք» նշանակում է Հայաստանի այն հողատարածքը, որը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվելու է կոնկրետ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար՝ ԹԶԸ-ի (հիմնադրվելուց հետո) հետ խորհրդակցությամբ` հիմք ընդունելով, սակայն չսահմանափակվելով, իրագործելիության և նախագծման ուսումնասիրություններով, ինչպես նաև քաղաքական նկատառումներով (համատեղ՝ «ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներ»):
- «ԹՐԻՓՓ նախագիծ» նշանակում է Հայաստանում իրականացվող կոնկրետ նախագիծ, որը Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ճանաչվում է որպես ԹՐԻՓՓ շրջանակի մաս, այդ թվում, բայց չսահմանափակվելով ԹՐԻՓՓ-ի հետևյալ բաղադրիչներով՝ երկաթուղային, ավտոճանապարհային, նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծերով (միասին՝ «ԹՐԻՓՓ նախագծեր»):
Հոդված 2. Համաձայնագրի նպատակներ
- Սույն Համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործիքների ներդրմամբ:
- Կողմերը պետք է համագործակցեն ԹՐԻՓՓ-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով:
Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովում
- Կողմերի քաղաքականությունն է համագործակցել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ և ապահովել, որ երկու Կողմերն էլ ունենան ուղղակի շահագրգռվածություն ԹՐԻՓՓ-ի հաջողության ապահովման գործում:
- Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը համատեղ հիմադրեն ԹԶԸ անվամբ համատեղ ձեռնարկություն, որտեղ ԹԶԸ ԱՄՆ-ն կունենա 74% վերահսկիչ մասնակցություն, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ Կողմերը լրացուցիչ նախատեսում են, որ ԹԶԸ-ն կաջակցի ԹՐԻՓՓ-ի իրականացմանը: ԹԶԸ-ի ստեղծման նպատակով Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը:
- Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով: Այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, և ժամկետի երկարաձգումը պետք է հանդիսանա Հայաստանի կողմից ԹԶԸ-ում իր մասնակցության նման ավելացման դիմաց միակ հատուցումը։ Հայաստանի համար սեփականության բաժնեմասի ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից ժամկետի երկարաձգման դիմաց միակ հատուցումը։
- Կողմերի կողմից նախատեսվում է, որ Բաժնետերերը, ըստ անհրաժեշտության, ԹԶԸ-ի կանոնադրությամբ և Բաժնետիրական համաձայնագրով պետք է սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող և Կողմերին վերապահված հարցերի համար, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
- Կողմերին վերապահված հարցերը վերաբերում են հետևյալին, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝ բաժնետերերի մասնակցություն (այդ թվում՝ ԹԶԸ-ի նկատմամբ վերահսկողության փոփոխություն, ԹԶԸ-ի բաժնետոմսերի փոխանցումներ, ՀՆԿ-ների հիմնադրում և դրանց նկատմամբ սեփականություն), որոշակի խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքներ կնքելու որոշումներ, կոնցեսիոն իրավունքների շնորհում և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանների սահմանում, ինչպես նաև Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը վերաբերող և քաղաքական բնույթի այլ հարցեր։ ՀՆԿ-ների մակարդակում համանման բնույթի հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնց մանրամասները կսահմանվեն ԹԶԸ-ի կանոնադրությամբ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրով։
- ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների կողմից անհրաժեշտ գործարքների կնքմանն աջակցելու նպատակով Հայաստանը համաձայնում է բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ: Հայաստանը համաձայնում է, որ նման բացառությունները, ըստ անհրաժեշտության, պետք է նշվեն Բաժնետիրական համաձայնագրում և (կամ) ԹԶԸ-ի կանոնադրության մեջ։
- Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն մշտապես կհանդիսանա Միացյալ Նահանգների սեփականությունը և կգտնվի նրա վերահսկողության ներքո, և որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ ԱՄՆ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ։
Հոդված 4. ՀՆԿ-ներ
- Կողմերն ակնկալում են, որ ՀՆԿ-ները գործելու են որպես ԹԶԸ-ի դուստր ձեռնարկություններ՝ ԹՐԻՓՓ-ի բաղադրիչներից յուրաքանչյուրը որպես ԹՐԻՓՓ նախագիծ իրականացնելու նպատակով։
- 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ-ն յուրաքանչյուր ՀՆԿ-ի ստեղծման և դրանում ունեցած իր բաժնեմասնակցության միջոցով իրեն վերապահելու է որոշակի հարցերի առնչությամբ որոշումների կայացման լիազորությունը, որոնք որոշվելու են ԹԶԸ-ի կողմից։
- Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն լիազորված կլինի ընտրելու ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ նախագծին աջակցող երրորդ կողմերի, ներառյալ այն երրորդ կողմերին, որոնք հանդես են գալիս որպես տվյալ ԹՐԻՓՓ նախագծի կոնցեսիոներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև ԻՄՇ (ինժեներական, մատակարարման և շինարարական) ծառայություններ մատուցողներ:
- Հայաստանը 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխանող և ԹԶԸ-ի կողմից հաստատված ՀՆԿ-ի հետ կկնքի կոնցեսիոն կամ այլ համաձայնագրեր՝ համաձայն 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի։
Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգում և ԹԶԸ-ի գործունեության ապահովում
1. Հայաստանը պետք է նշանակի պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձի՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության ներգրավվածությունը սույն Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով։
2. Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Հայաստանի կառավարությունը պետք է նպաստի հետևյալի ապահովմանը`
ա) համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը,
բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնությունների ժամանակին տրամադրումը և կարգավորիչ ընթացակարգերի իրականացումը:
3. Միացյալ Նահանգները համաձայնում է նշանակել բարձր մակարդակի կոնտակտային անձի ԹՐԻՓՓ-ին առնչվող ցանկացած քաղաքական հարցի քննարկման նպատակով։
4. Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը։
5. Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը։
6. Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ֆինանսավորում և (կամ) աջակցել ԹՐԻՓՓ նախագծերի համար ֆինանսավորման ապահովմանը՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ու կիրառելի պահանջներին համապատասխան կամ հանրային և ոչ հանրային ներդրողների կողմից առևտրային պայմաններով։
Հոդված 6. Հողամասեր/ կառուցապատման իրավունքներ/ կոնցեսիաներ
1. Հայաստանը պետք է ձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում՝
ա) ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների երկայնքով գտնվող հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականությունը, և
բ) ապահովելու, որ այդ հողերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրելու այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։
2. ԹԶԸ-ի հիմնադրումից և ԹՐԻՓՓ-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրում է 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները, որոնք համատեղ կորոշվեն Հայաստանի կառավարության և ԹԶԸ-ի կողմից՝ համապատասխան ԹՐԻՓՓ ծրագրի արդյունավետ զարգացման, շահագործման և (կամ) պահպանման համար, ըստ կիրառելիության, և այդ իրավունքները լրիվությամբ փոխանցելի կլինեն ՀՆԿ-ներին։
3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ին թույլատրվում է մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք հիմք կհանդիսանան 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կոնցեսիոների ընտրության կարգի համար։
4. Հայաստանը համաձայնում է, որ՝
ա) շարունակում է մնալ ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, որպես այդպիսին, չի համարի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները,
բ) չի համարի, որ ԹԶԸ -ն հանդիսանում է կոնցեսիոներ կամ ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն որևէ կոնցեսիայի շրջանակներում։
5. Կողմերն ակնկալում են, որ կառուցապատման իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո կամ այն դեպքում, երբ ԹԶԸ-ն որևէ պատճառով դադարեցնի իր գործունեությունը, կամ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ ԹԶԸ-ի ունեցած մնացորդային ցանկացած իրավունք վերադարձվում է Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման։
6. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի խոչընդոտում որևէ անձի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ նախագծեր չհանդիսացող ենթակառուցվածքի կառուցումն ու շահագործումը:
Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքում և ենթակառուցվածքների անվտանգություն
1. Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է իր լիաազորությունները Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։
2. Կողմերը նախատեսում են, որ Հայաստանը պետք է ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների ենթակառուցվածքային անվտանգության պլանները հաստատելու իրավունքը։ Այդ պլաններում մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավում նախատեսվելու դեպքում այդ անձնակազմը ենթակա է հայաստանյան արտոնագրման պահանջներին։
Հոդված 8. Մաքսային հսկողություն/ սահմանային անվտանգություն
1. Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է իրականացնել արդյունավետ սահմանային կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն,
գ) մաքսային և միգրացիոն վերահսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
ե) պետական տեղեկատվական համակարգեր, և
զ) պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։
2. Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, օգտագործելով թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» («ընդունարան» - «գրասենյակ») գործառական մոդելի ներդրման համար՝ ԹԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան:
3. Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ:
4. Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում, որը ստորագրվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին:
5. Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում։
Հոդված 9. Հարկում
- Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից` որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին` որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։
- Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։
- Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն, ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալ շահույթի հարկ չի վճարի։
- Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում չեն ենթարկվի հարկման` Հայաստանի կառավարությունից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ից ՀՆԿ-ներին սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նշված իրավունքների փոխանցման գործարքների համար:
Հոդված 10. Վեճերի կարգավորում
- Կողմերը կձգտեն համաձայնության հասնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով։
- Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ վեճ ծագելու դեպքում այն պետք է կարգավորվի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով։
Հոդված 11. Տեխնիկական դրույթներ
- Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի միջև փոխանակվող վերջին հայտագրի ստացման օրվանից։
- Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
- Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից ցանկացածի կողմից՝ մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ գրավոր ծանուցումն ուղարկելու օրվանից 1 տարի հետո։