ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Դպրոցական սնունդ» ծրագրի բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառմանը

18 մայիսի, 2026

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Դպրոցական սննդի կայուն ազգայնացումը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային միջոցառմանը: Հանդիպմանը մասնակցում էին տեխնիկական ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի և Տաջիկստանի բարձրաստիճան պատվիրակությունները, ինչպես նաև Պարենի համաշխարհային ծրագրի՝ սովի դեմ պայքարի Բրազիլի գերազանցության կենտրոնի ներկայացուցիչները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում կարևորել է Հայաստան ճանաչողական այցի կազմակերպումը՝ ընդգծելով պարենային անապահովության, կլիմայի փոփոխության և մատակարարման շղթաների խափանումների գլոբալ մարտահրավերների պայմաններում երկրների միջև համագործակցության խթանումը և լավագույն փորձի փոխանակումը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը սոցիալական պաշտպանության, երեխաների առողջ սննդի և ապրելակերպի ոլորտում Հայաստանի լավագույն փորձը վկայող նշանակալի օրինակներից է: Կարևորվել է ծրագրի դերը տեղական համայնքների ամրապնդման և առավել դիմակայուն պարենային համակարգերի զարգացման գործում:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ծրագրի մշակման և գործարկման ընթացքում Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը։ Ընդգծվել է նաև ծրագրի դերն ազգային ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը ներկայումս մարզերում ապահովում է դրա իրականացումը:

Տպել էջը