ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ
15 մայիսի, 2026Մայիսի 15-ին Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի 135-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայլք Օ’ֆլահերթիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Հայատանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հայ փախստականների կարիքների երկարաժամկետ հասցեագրմանն ուղղված ծրագրերին, և այս համատեքստում ընդգծվել է դրանց շարունակականության ապահովման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա հումանիտար բնույթի հարցերի հասցեագրման կարևորությունը: