ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Միջազգային զարգացման համագործակցություն․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը

08 մայիսի, 2026

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել  «Միջազգային զարգացման համագործակցություն․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ զարգացումը և կայուն խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց՝ ընդգծելով զարգացման աջակցության կարևորությունը հատկապես տարբեր մարտահրավերների բախվող խոցելի երկրների համար: 

Քննարկման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման և Հարավային Կովկասի չիրացված ներուժի լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությանն է ներկայացրել Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և դրան ընդառաջ Հայաստանի նախագահության կողմից գործադրվող ջանքերին` ընդգծելով ներառական մասնակցության ապահովման անհրաժեշտությունը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանի նախագահությունը նպատակ ունի լսելի դարձնել բոլոր շահագրգիռ կողմերի ձայները կենսաբազմազանությանն առնչվող հարցերում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ Հայաստանի նման փոքր երկրների համար բազմակողմ հարթակները և միջազգային կազմակերպությունները ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական նշանակություն ունեն՝ հնարավորություն տալով այս երկրներին ներգրավվածություն ունենալ գլոբալ գործընթացներում: Կարևորվել է նաև զարգացման աջակցության համատեքստում կարողությունների զարգացումը և ծրագրերի շարունակականության ապահովումը:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այսօր երկրների և միջազգային հանրության առջև օրեցօր ի հայտ եկող խնդիրները լուծելու համար կարևոր է ապահովել դիմակայունությունը և ներառական երկխոսությունը՝ հաղթահարելով փոթորիկը:

Տպել էջը