Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

07 մայիսի, 2026

Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Մարկո Ռոմոլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ փոխնախարարն իր երախտագիտությունն է հայտնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի՝ Հայաստանին երկար տարիների ընթացքում տրամադրված օգնության համար, ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ դեսպան Ռոմոլին առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին, մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ապագա ծրագրերի, ինչպես նաև մարդասիրական խնդիրների հաղթահարման հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

Տպել էջը