ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը
29 ապրիլի, 2026Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսողոմյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին, որի առանցքում սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական դիմակայունության, արժանապատիվ աշխատանքի, կանանց առաջխաղացման, բնակչության խոցելի խմբերի, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պաշտպանության հարցերն են:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՄԱԿ-ի, Հայաստանի գործընկեր պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման այլ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: