Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

09 ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը, իսկ ղազախական պատվիրակությունը՝ ՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն Ազամատ Աուբեկովը: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և այլ համաձայնագրերի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծվել է երկու երկրների կողմից տրամադրվող էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և ծառայությունների թվայնացման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։  

Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների միջև ստորագրվել է արձանագրություն։

Տպել էջը