Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված հանդիպում

01 ապրիլի, 2026

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել 2026թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքներին նվիրված հանդիպում, որին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար ու COP17 համաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Ներկաների ուշադրությանն են ներկայացվել Համաժողովին ընդառաջ գործադրվող ջանքերն ու իրականացվող աշխատանքները և Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կազմակերպվելիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները՝ ընդգծելով կենսաբազմազանության հարցերը գլոբալ օրակարգում խթանելու գործում ամենաբարձր մակարդակով քաղաքական ներգրավվածության կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև Հայաստանի հանձնառությունը՝ կազմակերպելու ներառական Համաժողով և նպաստելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայմանը և բնապահպանական մարտահրավերներին պատշաճ արձագանքման ապահովման ուղղությամբ միջազգային համագործակցության խթանմանը:

Բացման ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում ներկայացվել են COP17-ի կազմակերպման բովանդակային և կազմակերպչական հարցերի վերաբերյալ մանրամասներ:

Տպել էջը