ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարի հետ

18 մարտի, 2026

Մարտի 18-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսիի հետ։

Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։ 

Երկուստեք ներկայացվել է փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով:

Անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումային նպաստավոր պայմաններին՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար:

Արարատ Միրզոյանը և Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերն՝ ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։

Տպել էջը