ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը գենդերային հավասարության խթանումը՝ հանուն կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների թեմայով հարակից միջոցառմանը
14 մարտի, 2026Մարտի 13-ին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կանանց կարգավիճակի հանձնաժողովի հանձնառություններից մինչև COP17. գենդերային հավասարության խթանումը՝ հանուն կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների» խորագրով հարակից միջոցառումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջոցառման կարևորությունը` հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը պատրաստվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին վերանայմանը: Նշել է, որ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի աշխատանքների միջոցով էլ վերահաստատվում է հանձնառությունը գենդերային հավասարությանը և բոլոր կանանց ու աղջիկների առաջխաղացմանը:
Մասնակիցներին ներկայացվել է Հայաստանի տեսլականը COP17-ի կազմակերպման գործում՝ հիմնված ներառականության և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովման վրա: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կառավարման համակարգը պետք է լիարժեքորեն արտացոլի կանանց, երիտասարդների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների տեսակետները, գիտելիքն ու առաջնորդությունը:
Ընդգծվել է ՀՀ նախագահության նպատակն` ուղղված Համաժողովի` որպես գլոբալ հանձնառությունները շոշափելի ու չափելի գործողությունների վերածելու հարթակի ձևավորմանը:
ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է կանանց առանցքային դերը էկոհամակարգերի պահպանման, բնական պաշարների կայուն կառավարման և էկոլոգիական գիտելիքների փոխանցման գործում՝ շեշտելով, որ հաճախ հենց կանայք են կանգնած կենսաբազմազանության պաշտպանության, կայուն գյուղատնտեսության ներդրման, անտառների ու ջրային ռեսուրսների պահպանության և համայնքների դիմակայունության ապահովման համար իրականացվող աշխատանքների առաջնագծում:
Այս համատեքստում ընդգծվել է բնապահպանության, զարգացման և գենդերային հավասարության օրակարգերի առավել ներդաշնակ քաղաքականության մշակման և իրականացման կարևորությունն առկա մարտահրավերների հաղթահարման համար:
Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿ Կանայք (UN Women) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) համակազմակերպմամբ։
Ծանոթագրություն․ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։