Կայացել է «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» միջոցառումը

24 փետրվարի, 2026

​Փետրվարի 21-ին «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրում կայացել է «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր ​ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Մայլեռի» կողմից համատեղ՝ համախմբելով Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ 130 ներկայացուցչի:

Միջոցառման նպատակն էր սպորտային դիվանագիտության միջոցով խթանել գործընկերային կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու ձմեռային հանգստի հնարավորությունները:

​Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» համալիրի հիմնադիր Տիգրան Հարությունյանը: ​Իր ելույթում նախարարի տեղակալ Կոստանյանը նշել է. «Ինձ համար «Մայլեռը» լավ օրինակ է առ այն, որ մենք կարող ենք հավակնոտ նախագծեր իրականացնել Հայաստանում, և Հայաստանի կառավարությունը լիարժեքորեն աջակցում է այս ենթակառուցվածքների զարգացմանը և ընդհանուր էկոհամակարգին։ Մենք շատ հպարտ ենք բոլորիդ այստեղ տեսնելու համար և շնորհակալ ենք գործընկերներին «Դիվանագիտությունը լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար»:

Միջոցառման ընթացքում անցկացվել են լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներ կանանց ու տղամարդկանց անվանակարգերում:

«Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» խորագրով միջոցառումը մաս է կազմում հանրային դիվանագիտության խթանմանն ուղղված միջոցառումների շարքի։

Տպել էջը