Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառում

29 հունվարի, 2026

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։

Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նախարար Միրզոյան. «Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Խորհրդարանական վեհաժողովի տիկի՛ն նախագահ,

Խորհրդարանական վեհաժողովի տիկի՛ն գլխավոր քարտուղար,

Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Ձերդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ստրասբուրգում նշել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։

Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է քաղաքական, սոցիալական ու իրավական բարեփոխումներով։ Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցության փորձը վկայում է մեր հաստատակամ հանձնառության մասին՝ իրականացնելու եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնասյուները: Այս բարեփոխումները կենսական դեր են ունեցել Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում՝ բարձրացնելով մեր դիմակայունությունը տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում և նպաստելով մեր երկրի ու ողջ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլականի ձևավորմանը։

Այս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը։ 12-րդ դարի  փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։

2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։ Մենք վստահ ենք, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։ Այն նաև արտացոլում է մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար:

Այս կարևոր հանգրվանը հավելյալ կերպով նշելու նպատակով, նվերի հանձնման արարողությունից հետո, Գլխավոր քարտուղարի և Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ միասին կմասնակցենք «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարման արարողությանը՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին՝ ի նշան մեր ընդհանուր պատմության և ընդհանուր արժեքների։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Գործընկերության 25-ամյակը նշելիս եկեք նոր վճռականությամբ նայենք ապագային՝ ամրապնդելու մեր հանձնառությունները և ձևավորելու ավելի լուսավոր ու արդար ապագա գալիք սերունդների համար։

Շնորհակալություն»:

 

ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսե. «Նախարար Միրզոյան,

Դեսպան Պապիկյան,

ԵԽԽՎ նախագահ Բայր,

Ձերդ գերազանցություններ,

Հայաստանի պատվիրակության անդամներ,

Գործընկերներ,

Որոշ նվերներ մատուցվում են, իսկ որոշները՝ վստահվում։ Դրանք հիշեցում են այն, ինչը մնում է անփոփոխ, երբ ամեն ինչ անորոշ է թվում։ Այն ժամանակ, երբ աշխարհակարգը փոխվում է մեր աչքերի առաջ:

Հայաստանը նշում Է Եվրոպայի խորհրդին իր անդամակցության 25-ամյակը և ներկայացնում է ութուկես դար առաջ գրված տեքստ՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» աշխատությունը: Դրա առաջին բառերը սքանչելի են․ «Արդարությունից սկսելը բնական է»: Ութ դար անց այս միտքը դեռևս արմատական է թվում, որովհետև արդարությունից է սկսվել մեր խաղաղության նախագիծը, և հենց այստեղից Եվրոպան պետք է սկսի  նորից՝ ոչ թե օրենքը կողքի դնելով, այլ առաջնայնություն տալով արդարությանը:

Ամբողջ Եվրոպայում նույն համոզմունքը դարերի ընթացքում վերադարձել է օրակարգ՝ արտացոլվելով Ազատությունների մեծ խարտիայում, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Դրանցից յուրաքանչյուրն իր ժամանակին իրենց տեքստում մարմնավորել են արդարության գաղափարը։ Հայաստանն իր ձայնն է ավելացնում Եվրոպայի երկարատև իրավական երկխոսությանը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետ Փաշինյանը հենց այստեղ հայտարարեց.  «Եվրոպայի խորհուրդը Հայաստանի տունն է, որտեղ նա իր հանգրվանն է գտնում որպես ժողովրդավարական պետություն: Տուն, որտեղ մարդը նպատակ է, ոչ թե միջոց»: Այդ խոսքերը ուղեկցվում են գործնական քայլերով՝ իրականացնելով բարեփոխումներ և համապատասխանեցնելով օրենքները եվրոպական ընդհանուր չափանիշներին՝ կոռուպցիայի դեմ պայքարից մինչև ընտանեկան բռնության դեմ պայքար։ 25 տարի անց, փոփոխվող աշխարհում, մենք հանդես ենք գալիս Հայաստանի, Հարավային Կովկասի և ամբողջ Եվրոպայի օգտին:

Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ այս նվերի համար։ Այն իր տեղն է գտել այստեղ՝ Եվրոպայի խորհրդում` Հայաստանի տանը, իր առանձնահատուկ բառերով  և անփոփոխ իմաստով՝ «Արդարությունից սկսելը բնական է»:

Շնորհակալություն, Հայաստան»:

 

Նախարար Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարին է հանձնել Կազմակերպությանն անդամակցության 25-ամյակի կապակցությամբ պատրաստված Հայաստանի նվերը՝ «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական ​​օրենսգրքի ձեռագիր վերարտադրության օրինակը։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ ԵԽ կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայփոստ»-ի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարում։ 

Արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն և ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրը։ 

Տպել էջը