ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ
16 հունվարի, 2026Հունվարի 16-ին Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Գունթեր Քրիխբաումի հետ։
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, բազմոլորտ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ կարևորելով այդ համատեքստում փոխգործակցության խորացումը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող հնարավորությունները: