ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին
20 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀ կարևորությունը տարածաշրջանում երկխոսության խթանման և ոլորտային լավագույն փորձի փոխանակման համատեքստում և վերահաստատել է Հայաստանի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցության խթանումը՝ որպես մաքսային և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային հարցերով աշխատանքային խմբերի համակարգող:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը դրական է գնահատել անդամ պետությունների աջակցությունը ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկներին: Ելույթում անդրադարձ է կատարվել նաև Կազմակերպության վերջին կիսամյակի ձեռքբերումներին, այդ թվում՝ Տնտեսական օրակարգի իրականացման վերաբերյալ զեկույցի կազմմանը, 2026թ. բյուջեի ընդունմանը և Ծրագրերի զարգացման հիմնադրամի վերագործարկմանը:
Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և տնտեսական բարգավաճման համատեքստում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման և «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունը: