Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
18 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նախարարության և համալսարանի միջև համագործակցության հեռանկաները: Ընդգծվել է կրթության, գիտահետազոտական գործունեության, դիվանագիտության, արտաքին հարաբերությունների, միջազգային իրավունքի, հանրային քաղաքականության և կառավարման հետ կապված մասնագիտական վերապատրաստման ոլորտներում համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը:
Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ համաժողովների, աշխատաժողովների, կլոր սեղան-քննարկումների և հանրային դասախոսությունների կազմակերպման և համատեղ հյուրընկալման հնարավորությանը:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր: