«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

11 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 11-ին Աթենքում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Դելֆիի տնտեսական ֆորումի նախագահ Սիմեոն Ծոմոկոսի հետ:

Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը և Սիմեոն Ծոմոկոսը ստորագրել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր, որը միտված է արդեն իսկ կայացած երկու միջազգային հարթակների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ առանձնանշելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ընձեռնվելիք տնտեսական հնարավորությունները: Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագիրը: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

 

Տպել էջը