ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրենի հետ
10 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 10-ին Աթենքում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի հետ:
Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրին և ընդգծվել տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում դրանց կյանքի կոչման կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Գեորգիոս Միտրակոսը քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ և զարգացումներին առնչվող մի շարք հարցերի շուրջ: