ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» կենտրոնի տնօրենի հետ

10 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 10-ին Աթենքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի առաջատար գիտահետազոտական «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ: 

Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը և Ինո Աֆենտուլին մտքեր են փոխանակել  ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների, Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի շուրջ: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին:  Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ գխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, դրանց արդյուքներով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, ինչպես նաև 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, «Երևանյան երկխոսություն» համաժողովի, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

Քննարկվել են նաև հետագա համագործակցության ձևաչափերին և հեռանկարներին առնչվող հարցեր:

Տպել էջը