ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի» խորհրդի նախագահի հետ

10 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի» (ELIAMEP) խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսի հետ։

Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի նշանակությանը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։

Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացմանը:

Քննարկվել են նաև 2026թ. մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Տպել էջը