Տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման նպատակով ստեղծված ազգային մեխանիզմի թվային գործիքի պաշտոնական մեկնարկը
02 դեկտեմբերի, 2025Դեկտեմբերի 2-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրվանն ընդառաջ, տեղի է ունեցել Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA/Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) շնորհանդեսը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների բարձրասիտճան ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ նշելով, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակի գործարկումը կարևոր քայլ է դեպի մշտադիտարկման ավելի ժամանակակից, արդյունավետ և մասնակցային համակարգ, ինչը լիովին համահունչ է Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ սահմանված առաջնահերթություններին, ինչպես նաև պետական կառավարման ոլորտն ավելի բաց, թափանցիկ և հանրության համար ընկալելի դարձնելու տեսլականին: Ընդգծվել է «AI-NEMRA» հարթակի կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների, նորարարական տեխնոլագիաների և դիվանագիտության սիներգիայի արտացուլում:
Բացման հատվածում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։
ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է ԱԳ նախարարության համակարգմամբ գործող մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի կառուցվածքն ու գործառույթները` անդրադառնալով մեխանիզմի աշխատանքային ծրագրերին և դրա թվային բաղադրիչի՝ «AI-NEMRA» հարթակի հիմնարար հնարավորություններին ու գործառույթներին։
Միջոցառման ընթացքում կայացել է «Կառավարության համապարփակ մոտեցում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության. միավորելով մոնիտորինգի և հաշվետվողականության՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Վիճակագրական կոմիտեի անդամ Վարդան Արևշատյանը` անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ հաշվետվողականության ամրապնդմանն ուղղված քայլերին։
Տեսաուղերձներով հանդես են եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդի և պայմանագրային մեխանիզմների բաժնի տնօրեն Մահաման Սիսե-Գուրոն և Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Մետե Թյուգեսենը՝ բարձր գնահատելով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ու վերջինիս կողմից միջազգային հաշվետվողականության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը, այդ թվում՝ ազգային մեխանիզմի ձևավորումը և դրա թվային գործիքի՝ «AI-NEMRA» հարթակի գործարկումը։
Ընդգծվել է, որ թվային գործիքի ստեղծումը նոր խթան է հանդիսանում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես մոնիտորինգային մարմինների շրջանակներում ՀՀ ներգրավվածությունը կատարելագործելու համար՝ նպաստելով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանը։
Միջոցառման եզրափակիչ հատվածում տեղի է ունեցել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիտորինգային ցանցի՝ «AI-NEMRA» հարթակի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են հարթակի հիմնական գործառույթներն ու աշխատանքային տրամաբանությունը: